Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց ՀՀ կրթական համակարգի պետական վարչական ռեգիստրների վարման իրավական հիմքերը սահմանող օրինագիծը: Այն ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Նախագիծը նպատակ ունի ստեղծել իրավական հիմքեր` կրթության ոլորտում տեղեկատվական կառավարման և վարչական ռեգիստրների վարման գործառույթների իրականացման համար, սահմանել մի շարք լիազորող նորմեր, որոնք Սահմանադրության փոփոխությունից հետո անհրաժեշտ էր ամրագրել օրենքի մակարդակում, և վերաբերում են, մասնավորապես լիցենզիայի, ներդիրի և լիցենզավորված անձանց գործունեությանն առնչվող հաշվետվության ձևերի սահմանմանը»,- ասաց Անդրեասյանը: