f

Անկախ

Ո՞վ խախտեց Ղարաբաղում անժամկետ զինադադարը


Պաշտոնաթող դեսպան, 1992-1996 թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, Ռուսաստանի նախագահի՝ արցախյան հակամարտության հարցերով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մատնանշում է արցախյան երկրորդ պատերազմի «հեղինակին»՝ Իլհամ Ալիևին և շեշտում, որ հատուկ չի անդրադառնում Հայաստանի ղեկավարության խնդիրներին այդ պատերազմում՝ համարելով, որ  ներկայումս ավելի կարևոր է մերկացնել զինադադարը խախտողին: Հանդուրժողականությունը մեղավորի նկատմամբ, ըստ նրա, անթույլատրելի և աններելի է:

Ո՞վ նոր պատերազմով խզեց 1994 թվականի զինադադարը: Սա բնավ ինքնանպատակ հարց չէ, ոչ էլ թելադրված զուտ հետաքրքրասիրությունից: Զինադադարի մասին կարևորագույն փաստաթղթի կողմերից մեկի անձնական պատասխանատվության անհրաժեշտություն կա այն խզելու և, անշուշտ, 2020 թ. պատերազմի ահռելի թվով զոհերի համար: Դրա մեղավորի անունը պետք է նրա հետագա կյանքում արձանագրվի կենսագրությունում սև, չջնջվող ներկով: Որքան էլ ուրախալի լինի Ռուսաստանի՝ որպես այդ կոնֆլիկտի հիմնական միջնորդի դերի հաստատումը, որքան էլ ծանր լինեն ռուսական խաղաղապահների խնդիրները և տրանսպորտային հանգուցալուծումների որոնումները, այս հարցը շրջանցել չի հաջողվի: Կարծես ոչ մի խախտում էլ չի եղել, եղել են պարզապես դրա հետևանքները:

Գրեթե բոլորի համար հստակ է, թե ով է մեղավորը. Ադրբեջանի ղեկավար, զինված ուժերի գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը: Մեղավոր է անհատապես: Հնարավո՞ր է այս պարագայում անտարբերություն ցուցաբերել՝ քողարկելով այն, թե ով այս անգամ անտեսեց ոչ թե օրենքը, այլ երկու պետությունների հարաբերությունների ակնհայտ նորմը՝ ճանաչված թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի, թե՛ ՄԱԿ-ի կողմից: Որպես խաղաղության ու պատերազմի բարակ ջրբաժան՝ զինադադարի մասին փաստաթուղթն առանձնահատուկ հոգածություն է պահանջում: Այն ընդամենը կարևոր չէ, այլ գրեթե սրբություն: Դրա կատարումով են պայմանավորված հազարավոր մարդկանց կյանքը կամ մահը, նրանց ճակատագիրը և պատերազմների պատճառած մեծաթիվ վիրավորները, ավերածություններն  ու զրկանքները: Արդի աշխարհում զինադադարի խզումը պարզապես չպետք է հանդուրժվի որպես հանցագործություն հարևան, ասենք նաև սեփական ժողովրդի նկատմամբ:

Ի դեպ, ինքը՝ Ի. Ալիևը թե՛ պատերազմից առաջ և թե՛ պատերազմից հետո բազմիցս է ուղղակի կամ անուղղակի խոստովանել իր արարքները: 1991-1994 թթ. պատերազմում ձախողումներից հետո պաշտոնական Բաքուն տասնյակ տարիներ սպասել է հարմար պահի ռևանշի համար: Ուժի կիրառման նրա սպառնալիքները և ռազմաշունչ հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դատապարտվել են: Ռազմական շքերթներից մեկի ժամանակ Ալիևը բերնից թռցրեց՝ պատերազմն ավարտված չէ, այն շարունակվելու է:

Ե՛վ օգնել, և՛ շտապեցրել է նրան Թուրքիան: Բաքուն և Անկարան աշխարհում ստեղծված դրությունը հարմար սեպեցին (ամենուր համավարակ, ԱՄՆ-ն՝ զբաղված ընտրություններով, Ռուսաստանը՝ Դոնբասի, Բելառուսի, Սիրիայի իրադարձություններով): Ընդ որում Անկարան ակնհայտ զանց առավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 և 884-րդ բանաձևերի հրատապ կոչը, այն է՝ «բոլոր պետությունները տարածաշրջանում ձեռնպահ մնան թշնամական որևէ գործողությունից և որևէ միջամտությունից, որոնք կարող են հանգեցնել կոնֆլիկտի սրման և կխափանեն տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»: Թուրքիան միջամտում է, համառորեն խցկվում Անդրկովկասի գործերի մեջ:

Ղարաբաղյան հակամարտության երեք կողմերը (ԱՀ, ՀՀ և ԼՂ) ոչ լիարժեք, այնուամենայնիվ 26 տարի՝ 1994 թ. մայիսի 12-ից պահպանել են զինադադարը: ԱՀ ղեկավար Հեյդար Ալիևն անձամբ կարգադրեց այն ժամանակ ստորագրել այն: Հոր վախճանի տարելիցին Ի. Ալիևը ներբողում էր նրան որպես համազգային առաջնորդի և մեծ գործչի: Բայց այդ մեծությունը փաստորեն բավարար  չեղավ հոր հավանությունը ստացած զինադադարը պահպանելու համար: Կողմերը մեղադրում են միմյանց երկրորդ պատերազմը հրահրելու մեջ: ԱՀ-ի վարկածով՝ իբրև թե ի պատասխան հայերի հրաձգություններին դիմեց «հակահարձակման»: Բայց ամբողջ ճակատո՞վ: Այդպես չի լինում: Բաքուն նույնիսկ հայերի հրաձգությունների՝ որպես «հակահարձակման» պատրվակի կարիքը չուներ:

Ի. Ալիևը փնտրում է, թե ինչպես արդարացնի պատերազմը հայերի կողմից ԱՀ հողերը 28 տարի (նա ասում է 30) գրաված լինելու փաստով: Կարծես չգիտի, թե ով օգնեց այդ գրավմանը: Բաքուն: Ինքներդ դատեք: ՄԱԿ ԱԽ-ի առաջին՝ 822 բանաձևին ընդառաջ հայերը գրավել էին ԱՀ երկու շրջան, չորրորդի՝ 884 բանաձևի ժամանակ՝ արդեն յոթ: ՄԱԿ ԱԽ-ն չէր կարող այլևս խայտառակվել Ղարաբաղի վերաբերյալ որոշումներով. բոլոր չորս բանաձևերը չի կատարել Ադրբեջանի Հանրապետությունը: Փորձելով հայերին սեղմել ուժով՝ Բաքուն  անտեսում էր ԱԽ-ի՝ կրակը, թշնամական գործողություններն անհապաղ դադարեցնելու պահանջները: Եվ սկսեց շրջան շրջանի հետևից կորցնել: Հայերը, օգտվելով դրանից, չէին շտապում ազատել այդ հողերը: 1993 թ. վերջին ԱՀ հարձակման ձախողումը, համառ մարտերը գարնանը ստիպեցին 1994 թ. մայիսին գնալ զինադադարի: Ալիևը մեղադրում է հայերին նաև օկուպացիայի երկարաձգման մեջ: Բայց հիշարժան է ԱՀ-ի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հանրաքվեից (Կազան, 2011): Բաքվին պետք էլ չի այդքան ժողովրդավարություն: Մի՞թե նա չէր հասկանում այն ժամանակ, որ Կազանը բանակցությունները կձգի ևս մի 10 տարի:

Ափսոս, որ ադրբեջանցիները և հայերը կոնֆլիկտի շրջանում (ի տարբերություն Ռուսաստանի) չեն շտապում բարելավել միմյանց հարաբերությունները, ինչը վնասում է երկու ժողովուրդներին էլ: Բայց դրանից մինչև նոր պատերազմ սանձազերծելու «իրավունքը» մեծ հեռավորություն կա: Օկուպացիան հնարավոր է վերացնել բանակցություններում փոխադարձ զիջումներով՝ հիմնվելով ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի վրա, առանց զոհերի: Նույնիսկ քաղաքակրթության ներկայիս մակարդակում է դա հնարավոր: Պե՞տք է այդյոք դրա համար պատերազմ: Սոսկ նրանց, ովքեր ընտրության հարցում թացը չորից այնքան էլ չեն տարբերում:

Այս հակամարտությունում չափից ավելի շատ են միջադեպերը (և՛ կողմերի մեղքով, և՛ տարերային): Բայց նոր պատերազմն  առանձին հրաձգությունից կամ միջադեպից չսկսվեց, ոչ թե լոկալ, այլ ամբողջ գծով սկսվեց: Այն վայրկենապես ռազմաճակատ դարձավ: Մասշտաբային: Իսկ դա հիմնավոր նախապատրաստություն է պահանջում, նախօրոք և համատարած: Պե՞տք էր արդյոք  հայերին սույն արկածախնդրությունը (Ադրբեջանի ինչ-որ բարձունք, գոտի, ևս մի շրջան):  Նրանց տնօրինության տակ էր, բացի Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանի 5 ամբողջական շրջան, 2-ը՝ մասնակի: Նրանք մտածում էին, թե այդ հողերից ինչը վերցնել մշակման համար: Հուսալի անվտանգության գոտի՞: Թե՞ ԼՂ-ի կարգավիճակի մասին հանրաքվե: Անհեթեթ է, կարծես նրանք կարիք ունեին ողջ ճակատով պատերազմով խզելու իրենց ձեռնտու զինադադարը: Բոլորին է տեսանելի, մասշտաբային պատերազմ կարող էր սանձզերծել միայն Բաքուն. Բացառապես:

Պերճախոս է նաև բուն պատերազմի սկիզբը, առավոտ կանուխ ժամը 6-ին, բայց ոչ աշխատանքային օրերին, այլ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին,  որպեսզի դժվար լինի հակառակորդի համար համախմբվելը: Հատկապես կիրակի՝ 1941 թ. հունիսի 22-ին Հիտլերը հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Պատահակա՞ն է արդյոք այս  զուգադիպությունը: Ամոթ չէ՞ այդ դեպքում ԼՂ-ի վրա հարձակումը կոչել հայրենական պատերազմ: Բացի այդ, Ալիևի մի շարք արտահայտություններ են ևս մեկ անգամ ցույց տալիս, թե ով է ձեռնարկել այդ պատերազմը: Ահա նա վիճարկել է այն դրույթը, ըստ որի՝ այդ կոնֆլիկտը չի կարելի լուծել ուժի կիրառմամբ («մենք ապացուցեցինք, որ դա այդպես չէ»): Կամ՝ Ադրբեջանի Հանրապետությունը կարգավորեց այն «ուժի ճանապարհով և քաղաքական միջոցներով»:

Ադրբեջանը վաղուց հաշտ չէ Հելսինկյան 10 սկզբունքներից երեքի հետ: Հայերը միացումից հետո գնահատում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, Բաքուն՝ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը: Բայց կարևոր է հստակեցնել, թե ով է սպառնում ամբողջականությանը, ուրիշ պետությո՞ւնը (դրսից), թե՞ բնակչության մի հատվածը (ներսից): Բայց առանց դրա էլ, նշված երկու սկզբունքից ավելի բարձր է դրվում երրորդը՝ ուժ չկիրառելը և ուժով չսպառնալը: Ադրբեջանն արդեն երեք անգամ ոտնահարել է դա. ԽՍՀՄ-ից դուրս գալու կարգը խախտելով (1991) և երկու ագրեսիվ պատերազմով  (1992-1994 և 2020 թթ.): Ի. Ալիևը սովորել և դասավանդել է МГИМО-ում, բայց չի յուրացրել Ա.Ա. Գրոմիկոյի այբբենական ճշմարտությունը. «Պատերազմը պետությունների միջև մեծ չարիք է»: Կայացա՞ծ է ուրեմն ԱՀ-ն որպես արժանավոր պետություն: Ճի՞շտ է արդյոք ասել, թե յուրաքանչյուրն իր ճշմարտությունն ունի: Նա, ով դիմել է ուժին, ընդմիշտ զրկել է իրեն արդարացիությունից: Եթե անգամ նախկինում իրավացի է եղել, անմիջապես դառնում է անիրավ:

Ավելացնեմ, որ 90-ական թվականներին էլ Բաքուն հաճախ է խախտել պայմանավորվածություններն ու ժամանակավոր հրադադարները: Չի կատարել անգամ իր իսկ նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ ԱԽ-ի 822 բանաձևը:  Ռուսասանի, ԱՄՆ-ի, ԵԱՀԽ ՄԽ ղեկավարի, Իտալիայի, նույնիսկ Թուրքիայի՝ այն կատարելու կոչերին Էլչիբեյը անգամ պատասխան չտվեց (ՀՀ-ն և ԼՂ-ն համաձայնել էին): Հեյդար Ալիևը մի անգամ հրապարակայնորեն կշտամբել է կարճատև հրադադարների յուրային խախտողներին: ՄԱԿ ԱԽ-ն սկզբում լռում էր, թե ով է խախտել իր երեք բանաձևերը, բայց վերջինի՝ 884-ի դեպքում ստիպված էր մերկացնել ԱՀ-ին: Հավասարակշռության համար նա նախատեց հայերին «ի պատասխան այդ խախտումներին» ուժ կիրառելու համար:

Բաքվի խայտառակությունը դարձավ հայ սպայի սպանությունը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ: Երբ մարդասպան Սաֆարովը վերադարձավ, Ի. Ալիևը նրան գրեթե հերոս հռչակեց, կոչում տվեց, արտոնություններ և այլն: Այժմ այս ընդհանուր խորապատկերում հաղորդվում է, որ ազատազրկվել է 4 ադրբեջանցի հայերին խոշտանգելու համար, իսկ այնտեղ, որտեղ իշխանությունն անցել է ԱՀ-ին, բանը հասել երկու հայերի գլխատման: Էհ, սպասում ենք որոշումներին այդ գազանությունների կապակցությամբ: Հաշվի կառնի՞ Բաքուն իր նախկին վրիպումները: Բայց իր իսկ՝ Ի. Ալիևի գործողությունները արդեն իսկ մտահոգիչ են: Զանգելանի շրջանում նա թույլ տվեց իրեն պոկել և ոտքերով տրորել  ճանապարհային անմեղ, բայց օտարալեզու, այսինքն՝ հայերեն ցուցանակը: Արդյոք նա դրանով չէ՞ր ցանկանում օրինակ ծառայել հայրենակիցներին, թե ինչպես վարվել հայերի հետ: Մինչդեռ ազդարարում էր նրանց համար մշակությային ինքնավարություն շնորհելու մասին: Արդյոք այն բավականաչափ մշակութային կլինի:

Հետաքրքրական է, որ Թուրքիայում պարծենում են «մի ժողովուրդ՝ երկու պետություն» բանաձևով:  Բայց նույնը հարիր չեն համարում հայերի համար: Երբեմն Թուրքիայում սրա տակ հասկանում են ոչ թե երկու, այլ հինգ կամ վեց երկիր… Տասնյակ սլավոնական պետություններ կան, բազմաթիվ լատինամերիկյան կամ անգլալեզու: Դրանց մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է: Ուրեմն ի՞նչն է առաջացրել այդ թուրքական  հոխորտանքը  հայերի նկատմամբ: Ընդ որում, մի դար առաջ հենց այդ թուրքերի սրով ցեղասպանություն ապրածների նկատմամբ: Ոչ այլ կերպ, քան սեփական ազգային համեստությունը…

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ռեբուսներից մեկըԼՂ-ի և ՀՀ-ի՝ Արցախի և Հայաստանի մշտական հերթագայությունն է: Կարծես թե կռվում է ԼՂ-ն, իսկ զինադադարը կնքում է Հայաստանը: Ադրբեջանը մի բանում ավելի «բարեխիղճ» էր. գրեթե չդիպավ ՀՀ-ին, որպեսզի կոնֆլիկտի մեջ չներքաշի Ռուսաստանին (բայց այնտեղ խփեց մեր ուղղաթիռը): Իսկ պատերազմական բոլոր գործողությունները դադարեցնելու փորձերը անում է ոչ թե ԼՂ-ն, այլ ՀՀ-ն (հոկտեմբերի 10, 18, 26 և նոյեմբերի 10): Ղարաբաղյան առաջին պատերազմում ամեն ինչ այլ կերպ էր: Երբեմն ԱՀ-ն շտապում էր ընդհատել մարտական գործողությունները հատկապես ԼՂ-ի հետ: Իսկ 1994 թ. մայիսի 12-ի զինադադարին մասնակցեց ՀՀ-ն:

Հատուկ չեմ անդրադառնում Հայաստանի ղեկավարության խնդիրներին երկրորդ պատերազմում: Հիմա ավելի կարևոր է մերկացնել զինադադարը խախտողին՝ նոր պատերազմի «հեղինակին»: Հանդուրժողականությունը մեղավորի նկատմամբ կամ նրան թաքցնելն անթույլատրելի է, պարզապես աններելի պատասխանատու անձանց պարագայում:  

Վլադիմիր Կազիմիրով

17 հունվարի 2021 թ.

Աղբյուրը՝ ИА REGNUM

 

քաղաքական արցախյան պատերազմ Վլադիմիր Կազիմիրով խմբագրի ընտրանի

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին