Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կային դրույթներ, որտեղ խոսվում էր ապաշրջափակման մասին. ակնհայտ է, որ այդ դրույթները հայկական լոբբինգի արդյունք չեն, ակնհայտ է, որ այդ դրույթները ներմուծվել են փաստաթուղթ, որովհետեւ մենք պարտվել ենք պատերազմում: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ըստ էության, դա թշնամու օրակարգն է եւ այդ օրակարգը շարունակվում է գերակշռել հայկական օրակարգին: Այս պահին Հայաստանի շահերից բխող թիվ մեկ օրակարգային հարցը ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց փոխանակման հարցն էր, որոնք գտնվում են գերության մեջ Ադրբեջանում: Մեզ հրապարակային ասվել է, որ մոսկովյան այցի նպատակը սա է, վերջում ստորագրվում է փաստաթուղթ, որտեղ ռազմագերիների մասին խոսք չկա, ոչ մի պարտավորություն չի ստանձնվել: Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 8-րդ կետը չի իրացվում: Մնացած բոլոր կետերը, որոնք մեր օրակարգը չեն, օրինակ Քելբաջարից դուրս գալ, լաչինի միջանցքը հանձնել, բոլոր այդ կետերը իրացվել եւ իրացվում են ժվեեյցարական ժամացույցի ճշտությամբ:
Այս ֆոնին ես տեսնում եմ իշխանական պատգամավորների հրճվանքը, որ տեսեք, ինչ լավ բան է եղել: Հիմա հարց է առաջանում, հայ ժողովուրդը տենչում էր, որ Ադրբեջանի տարածքով երկաթգծով գնար Ռուսաստա՞ն: Եթե չեմ սխալվում, անգամ Մառնեուլի ադրբեջանական գյուղերով անցնելիս կրակել են հայկական բեռնատարների վրա:
Ես կարծում եմ, որ հայկական օրակարգը Մոսկվայում տապալվել է, հայկական օրակարգով հարց չի քննարկվել: Անգամ եթե դիտարկենք ըստ ադրբեջանական հայտարարությունների առ այն, որ 62 անձանց չեն համարելու ռազմագերի, եւ ցանկանում են նրանց դուրս դնել Ժնեւյան կոնվենցիայից եւ քրեական գործերով դատել այդ մարդկանց, ապա երեկ Մոսկվայում գոնե մնացյալ ռազմագերիների մասով պետք է լիներ համաձայնություն, որ Ադրբեջանը համաձայնեց մեզ հանձնել այսքան թվով ռազմագերիներ, որոնք մինչեւ նոյեմբերի 9-ն էին հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ից հետո գերության մեջ հայտնվածներին, այդ հարցը քննարկվում է: Գոնե այդքանը արվեր: Դա էլ չի հաջողվել անել»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ այդ ռազմագերիները պահվում են Հայաստանին ճնշելու համար:
«Այստեղ մի ուրիշ հարց կա. եթե իրենք մի կետը չեն կատարում, մենք մյուս կետերն ինչի՞ ենք կատարում: Մեր նախապայմաները որեւէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ պետք է լիներ ռազմագերիների վերադարձը: Չեք վերադարձնում, չենք ստորագրում: Փաստորեն թշնամու օրակարգը ճշգրտորեն իրականացվում է, հայկական օրակարգը չի իրականացվում, որովհետեւ պարտության սիմվոլը շրունակում է գնալ, խոսել»,-ասաց Մարուքյանը: