Անշուշտ սովորական չէր լինելու այս ամանորը։ 2020-ի սարսափի,տագնապի ու կորուստների ֆոնին անհույս էին սպասումները 2021-ից։ Եվ ահա տարեմուտի շեմին անդրօվկիանոյան մեր բարեկամ ,բազմաշնորհ Նորա Ահարոնյանից սրտաբուխ ընծայագրով ստանում ենք նրա 2020թ․ Լոս Անջելեսում հրատարակված գիրքը՝ ՛՛Կարոտի հուշեր․ մտորումներ,երազներ,կյանքի դասեր՛՛։
-Հույսը վերջինն է մեռնում, -մեկ անգամ ևս մեր տագնապով լցվող ականջներին է հասցնում հեղինակը,մեզ առաջնորդում դեպի բարության ծով,բնության ամենակարող ուժով մեզ ուղղորդում հայոց պատմության ակունքներ,ետ բերում մեր այսօրը և լույս վառում վաղվա ճանապարհին։ Այս գիրքը ծաղկաթերթի ծալքերի մեջ հարազատ մարդկանց սեր ու կարոտ է,մեղրածոր հուշեր,երազներ,երազանքներ,կյանքի անմոռաց դասեր։
Սա հեղինակի կյանքի ճանապարհն է Երևանի մարաշյան այգուց մինչև ամերիկյան պարտեզ։ Ճանապարհ,որ անցնում է ու կերպարանափոխվում Հունաստանի Քորֆա քաղաքի Արքելլիոն պալատի շքեղ պարտեզով։
Այդ ճանապարհին են ծնվում Նորա Ահարոնյանի հոգեհույզ ձոներգերը նվիրված ծնողներին։ Նա ով իր Վարդուհի մորը կորցրել է յոթ ամսական հասակում և հետո որպես մայր գտել իր հոր նման եղեռնից մազապուրծի ժառանգ Թագուհի Տեր-Հովսեփյանին գրում է․
Մայրս լու՛յս էր,
Մայրս հու՛յս էր,
Մայրս՝ սրտիս խորհրդատուն,
Գարնան պայծառ արևաշող,
Օրհնաբանված արշալու՛յս էր․․․
Գիրքը,որ հեղինակը նվիրել է իր միակ դստերը՝ Անուշիկին, լի է ընտանիքի արժեվորմանը նվիրված խորհուրդներով, մանկավարժա-հոգեբանական գնահատականներով և վերլուծություններով։Ահարոնյանը անդրադարձել է իր նախկինում հրատարակված գրքերին՝ ներկայացել որպես հայրենասեր,հայասեր,բանասեր,մարդասեր,ընտանիքասեր և աշխատասեր։
Գիրքը զարդարում են Նորայի հրաշք պարտեզի ծառ ու ծաղիկ,վարդագույն տարածելով շրջապատում ,գունեղ ու հնչեղ դարձնելով նրա մանկավարժական ու հոգեբանական մտորումները,խոհերն ու խորհուրդները։ Հեղինակը,որ նաև ակտիվ օգտատեր է, համացանցից գրքի էջեր է բերել ընթերցողներին տպավորությունների մի փունջ։ Լիովին կիսելովօպերայի երգչուհի,գրող- բանաստեղծուհի,մանկավարժ-տեսաբան Կալֆորնիայի գրողների միության անդամ ,հիշյալ գրքի խմբագիր Կարինե Վարդանյանի (Կարինե Վարդ),ինչպես նաև պարուսույց, մանկավարժ, բանաստեղծուհի, գրքի սրբագրիչ Անահիտ Աղաբեկյանի աշխատության սկզբում ներկայացվող բարձր գնահատականները ընթերցողի համար ընտրում ենք մի հատված Ալավերդու թիվ 12 դպրոցի մայրենիի ուսուցչուհի, երջանկահիշատակ Անահիտ Չախալյանի (ով մարդկային իր կերպով՝ հոգեհույզ խոսքով,գերզգայուն ժպիտով կարծում ենք նման էր Նորա Ահարոնյանին) այս գրքի դարձերեսին դաջված խոսքից․ ՛՛Իմ սիրելի Նորա Ահարոնյանին,կին,որն աշխարհ է եկել իր հայրենիքի կախարդական հովիտը ոսկեզոծող շողերի մեջ ճախրելու տենչանքով։ Եվ այդ ճախրը չի դադարում անգամ տարածության մեջ։ Անմեղ մանկության ոսկե ակունքները հազար թևերով կանչում արի՛․․․՛՛։
․․․Մենք էլ ասում ենք արի՛ Նորա Ահարոնյան,եթե չգաս էլ,մնա երջանիկ ու խաղաղ,շարունակիր գրել ու հույս ու լույս սփռել Խաղաղ օվկիանոսի այն ու այս կողմերում։
Վաղարշակ Ղորխմազյան
Վարուժան Վարդումյան