Օրերս հանրային հարցում անցկացրի՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը «հայկական կողմի պարտության» թեզին։
3118 հարցվածների 84%-ը նշել է, որ պատերազմի ժամանակ չի ունեցել պարտվողի զգացում։
Սա, իհարկե, հիմնականում կապված է նրա հետ, որ ՀՀ ռազմական գերատեսչությունը շատ էր կեղծ տեղեկություն տալիս պատերազմի մասին՝ մարդկանց համոզելով, թե «հաղթելու ենք», «հաղթել ենք», հետևաբար նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո հանրության մեջ շոկային ու անկումային տրամադրությունները պետք է համատարած լինեին։
Անցել է 2 ամիս՝ 60 օր։ Մենք շարունակում ենք տառապել, գիշերները արթուն մնալ հոգեկան ցավից ու մեղադրել միմյանց, բաժան-բաժան լինել։
Առաջարկում եմ մի կողմ թողնել էմոցիոնալ պոռթկումները, քաղաքական կողմնորոշումները և սառնասրտորեն մտածել՝ մենք պարտվել ենք ֆիզիկապե՞ս, թե՞ հոգեբանական առումով։
Պատերազմի 44 օրվա ընթացքում հայ ժողովուրդը՝ ՀՀ-ում, Արցախում ու Սփյուռքում մի բռունցք դարձավ, կռվեց իր բոլոր հնարավորություններով՝ ոմանք զենքով, ոմանք փողով, ոմանք թիկունքային աշխատանքով, կանայք ու երեխաները դպրոցներում ու ԲՈՒՀ-երում քոցարկիչ ցանցեր էին սարքում, սփյուռքահայերը ռազմական նշանակության տարբեր իրեր էին ուղարկում, բողոքի ցույցեր կազմակերպում։ Մեր ջոկատում կային քաղաքական խիստ հակասող հայացքներ ունեցողներ, բայց դա չէր խանգարում, որ բոլորս մեկ մարդու նման պայքարեինք մեր հայրենիքի մի մասի՝ Արցախի համար։
2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մենք հոգեպես կոտրվեցինք, պարտվողական տրամադրությունները սկսեցին գերիշխող լինել, հանրությունը բաժանվեց երկու մասին, այնինչ մենք կարող ենք շարունակել լինել մեկ բռունցք։
Հայկական բանակը, հավատացեք, չի պարտվել։ Պարտությունը այլ երևույթ է՝ իր իրավական և ռազմական ձևակերպումներով։ Իրական կապիտուլյացիայի դեպքում հաղթող կողմին են հանձնվում պարտվողի զորքը և զենքը։ Մեր դեպքում Արցախի հարավային հատվածում և դրանից դեպի կենտրոնական հատված նեղ գծով եղել է ռազմական ձախողում կամ ձախողման բեմականացում։ Ընդամենը։ Արցախի արևելյան, հյուսիսային և կենտրոնական հատվածներում հայկական բանակը ոչ միայն հերոսաբար դիմադրել է թշնամուն, այլև որոշ տեղերում ինքն է առաջ գնացել։
Հետևաբար, առաջարկում եմ ոտքի կանգնել, շտկել մեջքը և քայլել առաջ։ Թշնամին չպետք է տեսնի ընկճված հայի, թշնամին պետք է տեսնի միայն ուժեղ և հաղթող հայի։ Հայկական բանակն այսօր էլ կանգնած է իր դիրքում, որոշ տեղերում մի փոքր հետ քաշված, բայց ոչ կազմալուծված։ Մեր ունեցած ռազմամթերքի կորուստը վերականգնելի է, բայց դրա համար պետք է համախմբվել և կայունացում ապահովել երկրում։ Մեր հայրենիքի համար զոհված 5000 հերոսները երկնքից պետք է տեսնեն միայն ուժեղ Հայաստան։
Գրողի ծոցն ուղարկենք բոլոր ֆեյքերին, մեզ հոգեբանական պարտություն քարոզողներին, թշնամու հետ քիրվայության կողմնակիցներին, ներքին ատելություն տարածողներին։
Կայուն և հոգեպես առողջ Հայաստանը կհաղթահարի բոլոր ճգնաժամերը, իսկ դրա համար պետք է մոռանալ «սևերի ու սպիտակների» մասին, տեր կանգնել ազգային եռագույնին ու գնալ դեպի ապագայի հաղթանակներ։