f

Անկախ

2020-ը հայոց պատմության մեջ․ ի՞նչով է առանձնացել անցնող տարին


2020-ի սկզբին թերևս որևէ մեկի մտքի ծայրով էլ չէր կարող անցնել, թե որքան ծանր ու կորստաբեր է լինելու տարին  Հայաստանի ու հայության համար։ Այո, տարին դժվարին ու խրթին էր համայն մարդկության համար։ Սակայն հատկապես հայոց պատմության մեջ 2020-ը կմնա որպես հայրենիքի մեկ քառորդի կորստի, ՀՀ սուվերենությանը սպառնացող վտանգների ու հասարակության պառակտման տարի։ Ավելին, ՀՀ քաղաքացին տարվա մեծ մասն անցկացրել է արտակարգ, մյուս մասն էլ ռազմական դրության ռեժիմում՝ իրավունքներն ու ազատությունները սահմանափակված։

«Անկախը» հետադարձ հայացք  է ձգել անցնող տարվան՝ ամփոփելով իրադարձությունները, որոնք կերտել են  հայոց պատմությունը 2020-ին։

Սահմանադրական ձախողված  հանրաքվե

2018-ի իշխանափոխությունից հետո նոր Հայաստանի իշխանություններին հանգիստ չէր տալիս իրողությունը, որ դատական համակարգն ամբողջությամբ կախյալ չէ իրենցից։ Արդյունքում Սահմանադրական դատարանի դեմ արշավ սկսվեց․ ամեն կերպ փորձեցին հեռացնել իրենց ոչ ցանկալի դատավորներին․ փակեցին դատարանի մուտքը՝ թույլ չտալով նրանց աշխատավայր մտնել, օրինագիծ ընդունեցին, որով ժամկետից շուտ թոշակի անցնելու պարագայում պաշտոնաթող դատավորները կշարունակեին ստանալ իրենց աշխատավարձը։ Իշխանություններն այսպիսով չհասան իրենց նպատակին։  Ուստի 2020-ը մեկնարկեց սահմանադրական հանրաքվեի նախաձեռնությամբ։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում պաշտոնաթող էր լինելու ՍԴ նախկին իշխանությունների օրոք  ձևավորված կազմը և նշանակվելու էին նորերը՝այս իշխանությունների համար ընդունելի մարդիկ։  Հանրաքվեն պետք է տեղի ունենար ապրիլի 5-ին։

Հանրաքվեի կազմակերպման համար բյուջեից հատկացվեց 3,5 մլրդ դրամ։ «Այո»-ի քարոզչությունը ստանձնեց գործող իշխանությունն  ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Ընդդիմությունը հրաժարվեց «Ոչ»-ի քարոզչությունն իրականացնելուց, արդյունքում այդ պատասխանատվությունը  ստանձնեցին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում իրավապաշտպաններ։ Նրանք հայտարարեցին, որ նպատակը ոչ թե քարոզարշավ իրականացնելն  է, այլ քաղաքական գործընթացների օրինականությանը հետևելը։

Եվ մինչ աշխարհի երկրները մեկը մյուսի հետևից հակահամաճարակային միջոցառումներ էին ձեռնարկում՝ կանխելու COVID 19-ի ներթափանցումը և տարածումը իրենց երկրում, ՀՀ վարչապետը բազմամարդ հանրահավաքներ էր անցկացնում՝ հայտարարելով, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի», «կորոնավիրուսներին հատ-հատ պինցետով հանելու ենք և արաղով դեզինֆեկցիա անենք» և այլն։

Այս ամենի հետևանքով՝ համավարակային իրավիճակը Հայաստանում սրվեց և արտակարգ դրություն հայտարարվեց, իսկ ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն այդպես էլ չկայացավ։

ՍԴ յուրայինացում՝ ամեն գնով

Սահմանադրական փոփոխություններն, այնուամենայնիվ, կյանքի կոչվեցին։  Ազգային ժողովը, ավելի կոնկրետ՝ իմքայլական  պատգամավորները «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարեցին, որով հեռացրեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և 3 դատավորներին, որոնք ընդհանուր 12 տարուց ավել էին պաշտոնավարել։ Փոփոխությունը ենթադրում է, որ ներկայիս իշխանությունների նշանակած, ենթադրաբար նաև նրանցից ինչ-ինչ կախումներ ունեցող կադրերը ՍԴ-ում գերակշռում են, ուստի դատական այս ատյանն այլևս իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ դժվար թե կայացնի։

Նախագահի՝ իր լիազորություններից հրաժարում

Գործող օրենսդրությամբ սահմանադրական փոփոխությունների օրինագիծը պետք է ուժի մեջ մտներ ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո միայն։ Արմեն Սարգսյանը, սակայն, իշխանություններին տեղեկացրեց, որ մտադիր չէ օրինագիծը ստորագրել։ Արդյունքում Արմեն Սարգսյանը ստորագրեց մեկ այլ օրենք, որով հրաժարվում էր իր լիազորություններից։ Ըստ այդմ՝ Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխություններն այլևս չեն ուղարկվի նախագահի ստորագրմանը։

COVID 19-ը համավարակը և վիրուսի դեմ ձախողված պայքարը

Մարտի 1-ին ՀՀ-ում հաստատվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակակիրը Իրանից ժամանած ՀՀ քաղաքացի էր։

ՀՀ-ում, մոռանալով, որ պաշտոնական բարձրագույն մակարդակով հանրությանը քարոզել են, որ նոր կորոնավիրուսը վտանգավոր չէ, բավարար քայլեր չձեռնարկվեցին վիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Իսկ սկզբնական շրջանում հսկայական միջոցներ ուղղվեցին կոնտակտավորներին ՀՀ առողջարանային գոտիներում գործող հյուրանոցներում մեկուսացնելու համար։

Քանի որ վարակակիրների թվերը գնալով աճում էին, մարտի 15-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց 1 ամիս ժամկետով։

Հայաստանի անկախ Հանրապետության պատմության ընթացքում արտակարգ դրություն հայտարարվել է 3 անգամ՝ 1996 և 2008թ․ նախագահական ընտրություններից հետո և  երրորդն՝ այս տարի։ Բայց 2020-ի արտակարգ դրությունը բացառիկ երկար տևեց՝ ամենամսյա երկարաձգումներով հասցվեց մինչև սեպտեմբերի 15-ը։ ՀՀ քաղաքացին, սակայն, դեռ չէր հասցրել վերագտնել իր սահմանափակված իրավունքներն ու ազատությունները, երբ արդեն երկրում ռազմական դրություն հայտարարվեց։ Պատերազմի դադարեցման մասին համաձայնագրից մեկուկես ամիս անց Հայաստանում դեռևս ռազմական դրություն է գործում։

Անդրադառնալով համավարակի դեմ Հայաստանի պայքարի արդյունքներին՝ բավական է միայն մեջբերել վիճակագրությունը․ Հայաստանն 1 մլն-ին բաժին ընկնող վարակակիրներով աշխարհում 14-րդն է, իսկ մահերի թվով 20-րդն է և սա այն պարագայում, երբ ի տարբերություն աշխարհի ընդհանրական վիճակագրության, Հայաստանում կորոնավիրուսով մահերի երկու վիճակագրություն է գործում՝ երբ քաղաքացին մահացել է հենց վիրուսից և երբ վիրուսակիր է եղել, սակայն այլ հիվանդության պատճառով է մահացել (այս տվյալը ներառված չէ միջազգային վիճակագրությունում)։

 Տնտեսական ճգնաժամ

Կորոնավիրուսի հետևանքով երկամսյա կարանտինը, փակ սահմանները և արտագնա աշխատանքից ձևավորվող ֆինանսական հոսքերի դադարեցումը, հետագայում նաև պատերազմն ու անկայուն քաղաքական վիճակը հանգեցրեցին տնտեսական ճգնաժամի։

ՀՀ ԿԲ կանխատեսմամբ տարեվերջին տնտեսական անկման ցուցանիշը կկազմի 7 տոկոս, ֆինանսների նախարարության համաձայն՝ 7,9 տոկոս։ Տնտեսագետները, այդ թվում և իշխանության շարքերում գտնվող, կանխատեսում են  8,5 տոկոս տնտեսական անկում։

Իսկ թե իրական տնտեսական անկումը որքան կկազմի, պարզ կդառնա արդեն հաջորդ տարեսկզբին։ Սակայն փաստ է, որ դրամի արժեզրկումը մեծ տեմպերով շարունակվում է․ մեկ տարվա ընթացքում դոլարը դրամի նկատմամբ թանկացել է 45 դրամով։ Արժեզրկման առյուծի բաժինը հետպատերազմյան ժամանակաշրջանին է ընկնում։

Թե ինչ են անում ՀՀ գործող իշխանությունները տնտեսական ճգնաժամը մեղմելու համար, գործնականում տեսանելի չէ։ Էկոնոմիկայի նախարարը գործնական ծրագրերի փոխարեն բավարարվում է Թուրքիայի ու Ադրբեջանի շուկաները «գրավելու հնարավորության» մասին խոստումներով։

Հուլիսյան մարտեր

2020-ի հուլիսի 12-ից շուրջ երկու շաբաթով հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշ-Թովուզ հատվածում,  ռազմական բախումներ տեղի ունեցան․ ադբեջանցիները ՈՒԱԶ-ով մոտեցել ու փորձել էին ներթափանցել հայկական դիրքեր։ Հայկական կողմի դիմադրությանը հաջորդել էր ադրբեջանական հարձակումը։ Սա փաստացի ոտնձգություն էր ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Տավուշյան հաղթական մարտերի արդյունքում Փաշինյանի հրամանով 15 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվեց Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։

Նշենք, որ տավուշյան մարտերը բացառիկ էին պարգևատրումների թվով, մեղադրանքներ հնչեցվեցին, որ անգամ Արցախյան ազատամարտից հետո այդքան պարգևատրումներ չեն եղել։

Նշենք, որ քանի որ մարտերը հաղթանակով էին ավարտվել, հայտարարվեց, որ վարչապետը՝ գերագույն հրամանատարն, անձամբ է ղեկավարել մարտական գործողությունները։  Բայց արի ու տես, որ 44-օրյա պատերազմում, որտեղ խայտառակ պարտություն կրեցինք, Փաշինյանը հայտարարեց, որ մարտական գործողություններն ինքը չի ղեկավարել։

44-օրյա պատերազմ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ռազմական և քաղաքական աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ուղղությամբ։ Պատերազմը, սակայն, միայն Արցախի Հանրապետությամբ չսահմանափակվեց, 44-օրյա պատերազմում հարվածներ հասցվեցին նաև ՀՀ սահմաններին՝ Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում, եղան տուժողներ քաղաքացաիակն բնակչության շրջանում։ Պատերազմի ընթացքում ՀՀ-ն ոչ դիմեց ՀԱՊԿ-ին՝ իր սահմանների  անվտանգությունն ապահովելու համար, և ոչ էլ հայկական զինուժն  ամբողջությամբ ներգրավվեց Արցախի պաշտպանությանը։

Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի դեռ առաջին օրը հայտարարեց․ «Եկեք պայմանավորվենք մի բան, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի, մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի»։

44 օր պետական քարոզչությունը հանրությանը ռազմի դաշտից տրամադրեց կեղծ տեղեկություններ, համոզեց, որ ծանր մարտեր են, բայց #հաղթելուենք։ Եվ հանկարծ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, որ պատրաստվում էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցը հանրաքվեի դնել, առանց ժողովրդին հարցնելու և տեղեկացնելու ստորագրեց կապիտուլյացիոն համաձայնագիր։

Անգամ ՀՀ նախագահը և ԱԺ իմքայլական պատգամավորները հայտարարեցին, որ մինչև ստորագրությունն իրենք տեղյակ չեն եղել փաստաթղթի բովանդակությունից։

Արդյունքում Ադրբեջանին մնացին մինչ այդ գրավված տարածքները, այդ թվում և Հադրութն ու Շուշին, իսկ Աղդամը, Քարվաճառը և Քաշաթաղը ադրբեջանցուն հանձնվեցին առանց գեթ մեկ կրակոցի՝ ընդամենը մեկ ստորագրությամբ։ Այդքանով, սակայն, հայկական տարածքների հանձնման գործընթացը չի ավարտվել։ Ադրբեջանը ներկայում տարածքային պահանջներ է ներկայացնում Սյունիքում և Գեղարքունիքում, մինչ հայկական կողմը լռում է և որևէ քայլ չի ձեռնարկում իր սահմաններն ու քաղաքացիներին պաշտպանելու համար, ադրբեջանցիները GPS-ով հայ-ադրբեջանական սահմանն են գծում։ Եվ չնայած աշխարհում որևէ պետություն GPS-ով սահման չի գծում, սահմանազատման գործընթացը սովորաբար տասնամյակներ է տևում և  իրականացվում է նախ բանակցությունների միջոցով, հայկական կողմն անտեսում է այս ամենը և թույլ տալիս, որ Ադրբեջանը որոշի՝ որտեղով պետք է անցնեն իր սահմանները Հայաստանի հետ։

Ավելին, մինչ օրս հայտնի չէ կամ չի հրապարակայնացվում հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների և գերիների թիվը։ Իսկ անհետ կորածների և գերիների ծնողները ճարահատյալ պարբերաբար ռուսական կողմին են դիմում՝ իրենց որդիների վերադարձի հարցը լուծելու խնդրանքով։

Հրաժարականի պահանջ

Կապիտուլյացիոն համաձայնագրից հետո, հաշվի առնելով նաև պետական համակարգի անգործությունը, ՀՀ-ին առնչվող հարցերում հայկական կողմի ներկայացված չլինելը կամ դիրքորոշման բացակայությունը՝ 17 քաղաքական ուժեր միավորվեցին և պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդ պահանջին մինչ օրս միացել է Գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, Վանաձորի և Բրյուսովի պետական համալսարանները, բժշկական մի շարք կազմակերություններ, փաստաբաններ, եկեղեցին։ Հրաժարականի պահանջ ներկայացնողների շարքը շարունակելի է։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, իր ելույթներում հայտարարում է, որ ժողովուրդն իր հրաժարականը չի պահանջում, նման պահանջ է ներկյացնում էլիտան։ Այսպիսով ներկայիս իշխանությունները շարունակում են հանրությունը պառակտելու քաղաքականությունը՝ եթե նախկինում սևերի ու սպիտակների էին բաժանել, ապա այժմ էլ փորձում են բաժանման այլ քաղաքականություն կիրառել։

 

 

 

 

2020 արցախյան պատերազմ Տավուշի մարզ Նիկոլ Փաշինյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին