Independent պարբերականի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը կարող է ավելի վարակիչ լինել երեխաների համար, քան վիրուսի արդեն հայտնի տարբերակը: Այդ մասին հայտարարել է Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետի խոսքերով ՝ Մեծ Բրիտանիայի հարավ-արեւելքում վարակի տարածման վերաբերյալ տվյալները վկայում են, որ վիրուսի նոր շտամը երեխաների շրջանում վարակի ավելի բարձր մակարդակ է ցույց տալիս, քան մյուս շտամները:
«Հինգ-վեց շաբաթվա ընթացքում մենք նկատել ենք, որ 15 տարեկանից ցածր մարդկանց մոտ նոր շտամով վարակվելու դեպքերի թիվը վիճակագրորեն զգալիորեն ավելի բարձր է, քան վիրուսի արդեն հայտնի տարբերակի համար», - ասել է Ֆերգյուսոնը:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենկոքը հայտարարեց, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր, մուտացիայի ենթարկված տեսակ, որը տարածվում է ավելի արագ, քան հայտնի շտամները: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70% -ով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:
Ավելի վաղ որոշ երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, հայտարարել էին Մեծ Բրիտանիայի հետ թռիչքների դադարեցման մասին՝ այնտեղ հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամի վտանգի պատճառով: