f

Անկախ

Գրեթե նույն կարգավիճակում ենք, ինչ 100 տարի առաջ․ պատմաբան


Այս օրերին, երբ ՀՀ պետական սահմանը գծվում է GPS-ով և ադրբեջանցիների ցանկությամբ, իսկ  իշխանությունները շարունակում են պնդել, թե ՀՀ սահմանից ներս ոչ մի թիզ չի զիջվել, ավելի ու ավելի արդիական է դառնում հարցը, թե  ո՞րն է ՀՀ սահմանը, ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած ի՞նչ վարչատարածքային բաժանում են հիմք ընդունում մերօրյա սահմանները գծելիս։

Այս  թեմայով «Անկախի» զրուցակիցն է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» գրքի համահեղինակ Համո Սուքիասյանը։

Ուշագրավ է, որ գիրքը հանգամանքների զուգադիպությամբ  լույս է տեսել պատերազմի գրեթե նախօրեին։

-Պարոն Սուքիասյան, պատմությունը կարծես կրկնվում է, ինչպես 1920-ին, այնպես էլ հիմա՝ 2020-ին  Հայաստանը նույն իրավիճակում էսահմանների  հստակեցման խնդիր ունենք հարևան Ադրբեջանի հետ։ Եթե փորձեք պատմական զուգահեռներ անցկացնել այս երկու պատմական իրադարձությունների միջևի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ կան։ Եվ այս անգամ մեր ելման դիրքերն արդյո՞ք ավելի բարենպաստ են։

-Նախ, արձանագրենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը վերջնական սահմաններ այդպես էլ չունեցավ և 1918-1920թթ․ կնքված միջազգային պայմանագրերում՝ Բաթումի, Սևրի, Ալեքսանդրապոլի, Հայաստանի վերջնական սահմանների մասին հիշատակություն չկա, միայն հայ-թուրքական սահմանագիծն է հստակեցվել  առաջին  հանրապետության օրոք։  Հետևաբար, երբ խոսում ենք առաջին  հանրապետության ունեցած տարածքի մասին, նկատի ունենք միայն փաստացի գոյություն ունեցող սահմանները, որոնք  դեմարկացված չէին և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի դեպքում։

Խորհրդային Հայաստանը, ստանալով այդ ժառանգությունը, կանգնեց հետևյալ փաստի առաջ՝ որ տարածքների  վրա պետք է տարածվեր Հայաստանի իշխանությունը։

Մեր հեղինակային  խումբը (Կարեն Խաչատրյան, Գեղամ Բադալյան, Համո Սուքիասյան) հիմք է ընդունել Հայաստանի խորհրդայնացման առաջին փաստաթուղթը՝  1920թ․ դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը։ Դրա 3-րդ  հոդվածում հստակ  նշված է, թե որ տարածքների վրա պետք է տարածվեր Խորհրդային Հայաստանի իրավասությունը։ Խոսքը 43-44 հազար քառակուսի կմ տարածքի մասին էր։ Այն ներառում էր ցարական շրջանի Երևանի նահանգն  իր բոլոր գավառներով, այդ թվում Նախիջևանի, Սուրմալուի գավառները, Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառը և Ղազախի գավառի արևմտյան մասը, հյուսիսում՝ Թիֆլիսի նահանգի հարավային մասերը, Կարսի մարզի մի մասը։ Այսինքն՝ մոտ 44 հազար քառ. կմ՝ 1,5 անգամ ավելի մեծ, քան ՀՀ այսօրվա զբաղեցրած տարածքն է։

Սա կարևոր է այն առումով, որ Հայաստանի խորհրդայնացման  պահին Խորհրդային Ռուսաստանն ընդունում էր, որ այդ տարածքները պատկանում են Հայաստանին  և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության անբաժան մասն են հանդիսանում։

Ինչպես համաձայնագրի  շատ այլ դրույթներ, այս դրույթն էլ մասամբ իրականություն դարձավ։ Հետագայում մենք տեսնում ենք, որ Հայաստանի երկրորդ Հանրապետության սահմանագիծը հաստատվեց Երևանի համաձայնագրով, Ռուսաստանի Կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումներով և քաջ հայտնի Մոսկվայի և Կարսի կոնֆերանսների որոշումներով։ Այսինքն՝ այս ամբողջի արդյունքում ստեղծվեց այսօրվա ՀՀ սահմանագիծը։

-Ինչպե՞ս ստացվեց, որ համաձայնագրով նախատեսված բավականին ընդարձակ տարածքները մեզ բաժին չհասան։ Կարելի է ասել՝  գրեթե բոլոր հարևանների հետ դեմարկացիայի ժամանակ մենք զիջողի դերում եղանք։

-Ոչ բոլորի դեպքում։ Օրինակ՝  Վրաստանի դեպքում միջին տարբերակ ընտրվեց, Լոռու չեզոք գոտին միացվեց  Խորհրդային Հայաստանին, իսկ Ախլքալաքի և Խրամի (Ծալկայի) տարածաշրջանների հարցի լուծումը վերապահվեց Վրաստանի Կոմկուսի կենտկոմին։ Այն, բնականաբար,  որոշեց, որ դա Վրաստանի Խորհրդային Հանրապետության մաս է հանդիսանալու։

Ինչ վերաբերում է արևմտյան հարևանին՝  Քեմալական Թուրքիային, նրա հետ սահմանագիծը հիմնականում որոշվեց  Մոսկվայի և Կարսի կոնֆերանսներում, որտեղ Խորհրդային Հայաստանի իշխանությունները փաստացի դերակատարություն  չկարողացան ունենալ։ Այն ժամանակ, խորհրդային իրականությունում տիրող գաղափարախոսությամբ պայմանավորված, մտածում էին, որ մոտ է համաշխարհային հեղափոխության իրականացումը, հեղափոխությունը պետք է տարածվեր դեպի արևելք՝  Թուրքիա, Աֆղանստան, Հնդկաստան։ Եվ հայկական տարածքների զիջումն ընկալվում էր որպես ժամանակավոր։ Եթե տեսնում ենք, որ 1921-ին  Խորհրդային  Ռուսաստանը հսկայական տարածքներ զիջում է  Քեմալական Թուրքիային, ապա  1925-1926 թթ., երբ ԽՍՀՄ-Թուրքիա սահմանների գծման  հիմնական աշխատանքներն էին ընթանում,  խորհրդային կողմը չափազանց անզիջում դիրքորոշում էր որդեգրել։ Օրինակ՝ առաջացած ամենամեծ խնդիրներից մեկը  Արաքս գետում վարարման ժամանակ առաջացող կղզյակներն էին։ Այդ փոքրիկ, մի քանի տասնյակ քառ. կմ տարածքով   կղզյակների համար այնպիսի պայքար էր ծավալում խորհրդային կողմը, որ միայն զարմանալ կարելի է, այն դեպքում երբ նախկինում  հազարավոր քառ. կմ էր հանգիստ հանձնել։ Իսկ դիրքորոշման նման փոփոխության պատճառն այն էր, որ  1922-ի վերջերից արդեն բոլորի համար ընկալելի էր, որ  համաշխարհային հեղափոխությունն այլևս գոնե մոտակա իրականություն չէ։

Արևելյան հարևանի դեպքում  տարածքային խնդիրները մի քանի սկզբունքների հիման վրա որոշվեցին։ Նախ, Նախիջևանը Ադրբեջանին անցավ կրկին Մոսկվայի և Կարսի պայմանագրով։ Այստեղ մեծ դեր ունեցավ այն հանգամանքը, որ Նախիջևանը ռազմակալած  թուրքական զորքերը  չէին ցանկանում դուրս գալ այդտեղից: Եվ  խորհրդային կողմը համաձայնեց փոխզիջումային տարբերակի, Նախիջևանը տրվեց մուսուլմանական Խորհրդային  Ադրբեջանին, արդյունքում  թուրքական զորքերն ավելի հեշտությամբ համաձայնեցին դուրս գալ այդ տարածքից։ Խորհրդային կողմը նաև խնդիր ուներ թուրքերին հեռացնել  Ալեքսանդրապոլի գրավված գավառից, որի դեպքում  թուրքերը որպես այդպիսին մեծ պնդումներ չարեցին։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, որ խորհրդային կողմի համար առաջնային էր, Բաթումը պահելն էր։ Մասնագետների մեծամասնության կարծիքով՝ հենց այդ պատճառով է, որ հեշտությամբ թուրքերին զիջվեց Սուրմալուի գավառը։

Ինչ վերաբերում է Արցախին, այստեղ դեռևս 1920թ. մայիսին հաստատվել էին խորհրդային կարգեր։  Տարածքը վիճելի էր թե՛ առաջին հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի առաջին տարիներին։ Սակայն 1921թ. հուլիսի 4-5-ի հայտնի որոշումների հանգամանքներն այդպես էլ միանշանակ հստակ չեն։ Մասնագետների  հիմնական մասի  համար ընդունելի է այն տարբերակը, որ այս դեպքում Խորհրդային  Ադրբեջանի առաջնորդ Նարիման Նարիմանովը կարողացել էր ոչ միայն Իոսիֆ Ստալինի, այլ նաև  Խորհրդային պետության մյուս առաջնորդների՝ Վլադիմիր Լենինի և Լև Տրոցկու աջակցությունը ստանալ այդ հարցում։ Արդյունքում Արցախը մտավ  Ադրբեջանի կազմ։

Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը պետք է  ստեղծվեր մոտ 8000 քառ. կմ  տարածքի վրա, բայց վերջնարդյունքում մոտ 5000 քառ. կմ-ի վրա ձևավորվեց արդեն 1923-ին: Հետագա մեկ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի կողմից նոր  տարածքներ դուրս թողնվեցին մարզի սահմաններից և այն վերջնականապես պարփակվեց 4400 քառ. կմ  շատ խոցելի սահմաններով։

Զանգեզուրի գավառն ըստ համաձայնագրի պետք է ամբողջությամբ անցներ Խորհրդային Հայաստանին։ Սակայն փաստացի  1921-ի հոկտեմբերին տեղի ունեցավ Զանգեզուրի գավառի բաժանում երկու մասի։ Հայ և ադրբեջանցի կոմունիստների ժողովների որոշմամբ գավառի արևմտյան մասն  անցավ Խորհրդային Հայաստանին, արևելյանը՝ Խորհրդային Ադրբեջանին։ Ուագրավ է, որ որոշվել էր Զանգեզուրի՝ Հայաստանին միացված հատված համարել այն տարածքները, որի վրա 1921-ի  հուլիսի դրությամբ տարածվում էր  փաստաթղթի ձևակերպմամբ «Նժդեհի բանդաների» իշխանությունը, այսինքն տեսնում ենք՝ Նժդեհը Զանգեզուրի գավառի որքան տարածքների  վրա վերահսկողություն կարողացավ պահպանել, դրանք էլ մնացին Խորհրդային Հայաստանին։

 Արդեն 1922-ի մարտին, երբ Անդրկովկասյան Դաշնությունը ձևավորվեց, սահմանագծման խնդիրների  կարգավորումն իր վրա վերցրեց Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեն, որն այդ նպատակով առանձին  հանձնաժողովներ կազմակերպեց։ Այդ խառը հանձնաժողովների կողմից էլ հաստատվել են հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանագծերը։ Քննարկումները մոտ մեկուկես տասնամյակ տևեցին, և փաստացի վերջնական լուծումներ չեղան։ Այսինքն պայմանական սահմանագիծը, որ 1936-ին տեսնում ենք, մասնակի փոփոխություններով շարունակվեց մինչև Խորհրդային Միության ավարտը։ Եվ այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ սահմանակից գյուղերի միջև հակասություններ էին տեղի ունենում։

-1921-ի վերջի դրությամբ Հայաստանն ունեցել է մոտ 33 հազար քառ. կմ տարածք, սակայն ԽՍՀՄ փլուզման պահին տարածքն արդեն 29,7 հազար քառ. կմ էր։ Ինչո՞վ էին պայմանավորված այդ  հողային կորուստները։

-Հիմնական տարածքային կորուստները  տեղի են ունեցել 1920-ականների վերջին և 30-ականների սկզբին։ Եվ դա պայմանավորված էր մի քանի հանգամանքով։ Նախ՝ չմոռանանք, որ մեկ պետության մեջ էինք գտնվում՝ ի դեմս Անդրկովկասյան Դաշնության և ԽՍՀՄ-ի։ Ամենաառաջնայինը  տնտեսական գործոնն էր, որ այն ժամանակ հաշվի էր առնվում, երկրորդը՝ արոտավայրերի հարցն էր, բնակչության բաշխվածության խնդիրը և այլն: Դեր ուներ նաև այն հանգամանքը, որ  քոչվոր ժողովուրդն անընհատ տեղաշարժվում էր,  ամեն տեղ փորձում հաստատվել։ Երբ արոտավայրերը վիճելի էին դառնում,   առավել նպաստավոր էր համարվում արոտավայրերը քոչվորներին տրամադրելը։ Սա դիտարկվում էր որպես ժամանակավոր երևույթ  մեկ պետության սահմաններում։ Եթե այսօրվա տեսանկյունից նայենք, սահմանագծումը նորովի աշխատանք է ենթադրում՝ նախկին եղած աշխատանքնեը հաշվի առնելով։

-Կա՞ն արդյոք փաստաթղթեր, որոնք հիմա կարող են հիմք ծառայել, որ հավակնենք մինչև 1929թ. եղած սահմաններին։

-Այո, բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք պահվում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և հատկապես Մոսկվայի արխիվներում։ Եվ նման բնույթի փաստաթղթեր, նաև բազմաթիվ քարտեզներ ներկայացված են իմ և մեր գործընկերների հեղինակած աշխատանքում։ Մենք պատրաստ ենք այդ փաստաթղթերը  տրամադրել, մնում է՝ պետական մակարդակով նման հանձնաժողով ստեղծվի։

-Ելման դիրքերի  մասին հարցին վերադառնանք։ Այնուամենայնիվ, եթե գնահատեք պատմաբանի տեսանկյունից, հիմա մեր ելման դիրքերն ինչպիսի՞ն են։

-Չէի ուզենա համեմատել 1920թ. հետ։ Այնուհանդերձ, եթե կոպիտ համեմատություն անենք, գրեթե նույն կարգավիճակում ենք,  ինչ 100 տարի առաջ էր, գուցե հիմա մի քիչ ավելի լավ։ Այսինքն ավելի լավ ասելով նկատի ունեմ, որ հայկական կազմակերպված բանակ գոյություն ունի, որը կարող է պաշպանել սահմանը, նաև կոմունիկացիոն առումներով այսօր Հայաստանն ավելի հեշտ է կապվում դրսի աշխարհի հետ, քան 100 տարի առաջ։

Նաև Հայաստանն այն ժամանակ գրեթե  100 տոկոսով շրջափակված էր, արտաքին աշխարհ կարելի էր դուրս գալ միայն Ադրբեջանի տարածքով, հյուսիսում Մենշևիկյան Վրաստանը փակել էր սահմանը Հայաստանի հետ, Իրանի հետ սահման տանող ճանապարհներն էին փակ,  Թուրքիայի հետ սահմանը ևս փակ էր։

-100 տարի առաջ նաև  քաղաքական խաղերի պատճառով պայմանագրով մեր հատկացված տարածքները մեզ բաժին չհասան, քանի որ այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի  քաղաքական ղեկավարությունն ուզում էր, որ խորհրդայնացման գործում միայն իր շնորհը երևա։ Եթե փորձենք պատմական դասերի մասին խոսել՝ 100 տարի առաջվա մեծագույն դասը մեզ ո՞րն է, որ պետք է պարտադիր հիշենք և կիրառենք։

-Իմ կարծիքով հիմնական դասը պետք է լինի հայության ուժերի, հնարավորությունների, ջանքերի համատեղումը, դաշնակից  պետությունների հետ բարեկամական հարաբերությունների առավել սերտացումը։ Եղած սուր հակասություններն ու տարբերակվածությունը 100 տարի առաջ հանգեցրեց  քաղաքացիական պատերազմի, այսօր նման հեռանկարից պիտի խուսափենք։ Պետք է կարողանանք առկա  իրավիճակից միասնականաբար համեմատաբար ընդունելի ելք գտնել։

հարցազրույց Սահման Համո Սուքիասյան խմբագրի ընտրանի պատմություն դեմարկացիա սահմանազատում Գարեգին Նժդեհ Սյունիքի մարզ Զանգեզուր

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին