f

Անկախ

Հեղափոխականների օլիգարխացման երկաթյա օրենքը


Հայաստանում «հեղափոխության» հիմնական թեզը «Սերժիկ հեռացիր»-ն էր, որի բուն իմաստը, եթե փորձենք այն ավելի հասկանալի կերպով շարադրել, հետևյալն է․ «Վատ մարդկանց հեռացնում ենք, որպեսզի իշխանության գան լավ՝ ազնիվ մարդիկ»։ Սա կամայական մեկնաբանություն չէ։ Եթե ուշադիր հետևենք իրենցքայլական պատգամավորների ելույթներին, ապա այդ միտքն, այս կամ այն փաթեթավորմամբ, պարբերաբար հնչում է։ Այլ, ավելի հեղափոխական տեսակետ, ապագա անելիքների իմաստով, ըստ էության չի հնչել, եթե հաշվի չառնենք վեթինգը, անցումային արդարադատությունը և այլ տապալված նախաձեռնությունները։

Փորձենք հասկանալ՝ արդյոք «լավը» կամ «վատը», «ազնիվն» ու «անազնիվը» քաղաքակա՞ն կատեգորիաներ են և արդյոք նման գաղափարի վրա հնարավո՞ր է երկարատև քաղաքականություն կառուցել։

«Հեղափոխության» մյուս թեզն այն է, որ իրենք ներկայացնում են ժողովրդին և ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության։ Այդ թեզի վրա է կառուցված նաև ապրիլին նշանակված հանրաքվեի նպատակը, այսինքն, ի դեմս իրենց՝ ժողովուրդը եկել է իշխանության և հիմա ժողովրդին է պետք հանձնել Սահմանադրական դատարանը՝ հակաժողովրդական ուժերի վերջին բաստիոնը։

Պատմության ընթացքում նման թեզերի վրա հռետորաբանություն կառուցած բազմաթիվ «ժողովրդի» իշխանություններ են եղել։ Այդ երևույթն է ուսումնասիրել «էլիտաների տեսության» վրա մեծ ազդեցություն ունեցած Ռոբերտ Միխելսը։

 

Ինչո՞ւ Միխելսը հրաժարվեց իր սոցիալիստական հայացքներից

 

Հայկական նորաթուխ «հեղափոխականները» հայտնի պատճառներով հրաժարվելով գաղափարախոսություններից՝ «իզմերից» (քանի որ ձախ սոցիալիստների գաղափարախոսությունները ժամանակակից աշխարհում հարգի չեն), իրականում հենց նմանատիպ թեզերով են հանդես գալիս․ «ժողովրդի իշխանություն», «պայքար ժողովրդի արյունը ծծողների դեմ», «ժողովրդին վերադարձնել թալանածը», «մեր երազանքի Սահմանադրական դատարան» և այլն։ Բնական է, հստակ գաղափարախոսության բացակայության պարագայում միայն նման ընդհանուր ֆրազներով է կարելի հանրությանը ներկայանալ, սակայն դա չէ այս հոդվածի խնդիրը։

Գերմանացի սոցիոլոգ Ռոբերտ Միխելսը (1876-19362թթ․) սկզբնական շրջանում սոցիալիստական գաղափարներով էր տարված, սակայն, հետագայում, սոցիալիստների հետ խզում է կապերը և 1911-ին գրում իր հռչակավոր «Քաղաքական կուսակցության սոցիոլոգիան՝ ժամանակակից դեմոկրատիայի պայմաններում» աշխատությունը, որտեղ առաջ է քաշում «օլիգարխիայի երկաթյա օրենքը», ըստ որի՝ զանգվածների, այսինքն «ժողովրդի իշխանություն» ունենալը, տեխնիկական պատճառներով, հնարավոր չէ և արդյունքում ցանկացած ռեժիմ վերածվում է քչերի իշխանության՝ օլիգարխիայի։ Խոսքը կուսակցական օլիգարխիային է վերաբերում։

Միխելսը այդ եզրակացությանն է հանգել ուսումնասիրելով եվրոպական կուսակցությունների զարգացման և փոխակերպումների ընթացքը։ Նույն եզրակացությանն է կարելի հանգել հետևելով իրենցքայլական ակտիվիստների փոխակերպումներին, սակայն շարունակենք հետևել Միխելսի մտքերի ընթացքին։

Ըստ նրա, զանգվածը երբեք էլ ի վիճակի չէ կառավարել, սակայն, ցանկացած անհատ, եթե ունի համապատասխան ունակություններ, կարող է վեր բարձրանալ և դառնալ առաջնորդ։ Անգամ ամենաապադասակարգային մարդկանց խումբը, եթե այդպիսին կա բնության մեջ, էլիտայի կարիք ունի։ Միխելսը համոզված էր, որ մարդկության մեծամասնությունը երբեք ունակ չի եղել ու չի էլ լինի ինքնակառավարվել, և ցանկացած պարագայում առաջանում է մի որևէ կազմակերպություն, որը, թեկուզ ժողովրդի անունից, իր վրա է վերցնում իշխող դասի դերակատարումը։ Ըստ նրա, իշխող դասը համաշխարհային պատմության ընթացքում միշտ գերիշխող դիրք է զբաղեցնելու, եթե անգամ ժողովրդի աջակցությամբ է իշխանության եկել՝ հեղափոխության միջոցով և հանուն ժողովրդի։

Միխելսի կարծիքով դեմոկրատիան միշտ վերածվում է օլիգարխիայի, և դա ցանկացած «ժողովրդական հեղափոխության», «սոցիալական հեղաշրջման» բնականոն արդյունքն է։

Միխելսի «օլիգարխիայի երկաթյա օրենքը»

 

Միխելսի օլիգարխիայի երկաթյա օրենքի էվոլյուցիայի ընթացքն է․

 

1․ ղեկավարության ձևավորում,

 

2․ պրոֆեսիոնալ ղեկավարության ձևավորում,

 

3․ բյուրոկրատիայի ձևավորում,

 

4․ իշխանության կենտրոնացում,

 

5․ հայտարարված նպատակների փոխարինումը ընթացիկ խնդիրներով,

 

6․ գաղափարախոսության ամրապնդում,

 

7․ առաջնորդների և ժողովրդի շահերի տարանջատման վիհի մեծացում,

 

8․ որոշումների ընդունման գործում իշխող կուսակցության անդամների դերի նվազեցում,

 

9․ ընդդիմության լիդերների ներգրավումը գործող օլիգարխիայի շարքեր (եթե հայերեն թարգմանենք՝ հաճախորդների ինստիտուտի ձևավորում),

 

10․ իշխող կուսակցության ձգտումը տիրել բոլոր ընտրողների ձայներին։

 

Միխելսի օրենքը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից սոցիոլոգիայի վրա և ժամանակի ընթացքում ապացուցել է իր իրավացիությունը։

 

«Սերժ Սարգսյանի համակարգն» անցել էր այդ բոլոր փուլերով և արդյունքում հասել իր տրամաբանական ավարտին՝ փլուզվել է, հիմա հերթը նոր իշխող էլիտայինն է, որը փորձում է կրկնել նույն ճանապարհը։ Սահմանադրական դատարանի հանրաքվեն վերը նշված 4-րդ քայլի շատ կարևոր բաղկացուցիչ մասն է։

 

Ստեփան Դանիելյան

 

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Ստեփան Դանիելյան Հայաստան հեղափոխություն Կարծիք

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Քայլի Ջեները գլխավորել է ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշը
Ռուսաստանում կորոնավիրուսի 1154 նոր դեպք է գրանցվել
Ապրիլի 7-ին՝ ժամը 9-ից 15-ը, 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք է գրանցվել. հրատապ ասուլիս
Վանաձորում ավազակությամբ 30 հազար դոլար են հափշտակել․ Բազումի ոստիկանների բացահայտումը
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Դանակահարություն Տավուշի մարզում․ տեղի ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին
ԶՈւ զորամիավորումների հրաձգարաններում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ
Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ են տեղի ունեցել
Սպանության փորձ՝ Երեւանի Եղբայրության փողոցում. կրակել է 35-ամյա բնակչի վրա ու փախել
Իրանում ալկոհոլային թունավորման հետևանքով ավելի քան 600 մարդ է մահացել
Զորամիավորումներում անցկացվում են մասնագիտական պարապմունքներ
Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տարածքը համայնքին վերադարձնելու հարցով մարզի դատախազը դիմել է մարզպետին
Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ վերականդանացման բաժանմունքում
Ռուսաստանում COVID-19- ի դեմ 3 դեղամիջոցի կլինիկական փորձարկումներ են սկսվել
Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին
Այս ընթացքում աշխատում են տուգանքներ չկիրառել. Գեորգի Ավետիսյան
Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումներն ամենից շատ անտեսող երկրորդ երկիրն է
Դատարանը շարունակում է թերանալ․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին
Ձկնորսությունը Սևանա լճում՝ խիստ հսկողության տակ․ Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ
Ծովագյուղի և Գնթունիքի ֆուդ-կորտերում հանրային սննդի կազմակերպումը կասեցվել է. Ավետիսյան
Ինչպե՞ս խուսափել կորոնավիրուսի բռնկումից հայկական բանտերում
Թուրքիայում պատրաստվում են բժշկական դիմակների խոշորագույն արտադրամս գործարկել
Կառավարության համար կապիտալ ծախսերը կշարունակեն մնալ գերառաջնահերթ. Պապիկյան
Հայաստանում կներդրվի վիրտուալ ֆիսքալ գործարքների գաղափարը. Արման Պողոսյան
Ավելին
Ավելին