f

Անկախ

Թանգարան, որտեղ շոշափվում է ազգի հոգին...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում մեր հաջորդ հանդիպումը Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Կարինե Միրզոյանի և գիտական գծով փոխտնօրեն, արվեստաբանական գիտությունների թեկնածու Եվգենյա Քալանթարյանի հետ է:

Զրույցի սկզբում տ. Միրզոյանը պատմում է, որ  կենտրոնը ստեղծվել է 2011-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի ու Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ. «Դա կառավարության որոշումն էր, որով ընդլայնվեցին կենտրոնի գործառույթները, կազմավորվեց ժողովրդական մշակույթի պահպանման և հանրահռչակման բաժինը, որն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի մարզերում, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում: Հետևաբար, աշխատակիցներն էլ պիտի լինեն մարզաբնակ, որ մարզի պատանիներին (դասընթացներին ներգրավված են 500-ից ավելի տեղաբնակ պատանիներ) ուսուցանեին փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն, ազգագրական երգ և պար: Մարզերում կազմակերպված այս դասընթացները նպաստում են սահմանամերձ շրջաններում էթնիկ մշակույթի զարգացմանը:  

Ի դեպ, մենք ունենք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան մասնաճյուղ, որի շատ ծրագրեր իրագործվում են մեզ հետ համատեղ»:  

Տ. Միրզոյանը նշում է, որ թանգարանի ու կենտրոնի գործունեությունը, իրենց առանձնահատկություններով հանդերձ, սերտորեն փոխկապակցված են: Թանգարանում ներկայացվում է փայտի, մետաղի (արծաթագործություն, ոսկերչություն), քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, կարպետագործութան, խեցեգործության, գործվածքի (ասեղնագործություն և ժանյակ), գեղանկարչության և փոքրաթիվ տարազային նմուշներ, իսկ արդեն կենտրոնն իր բաժիններով իրականացնում է տարբեր միջոցառումներ ու դասընթացներ Երևանի ու մարզերի բնակիչների համար` օգտագործելով նաև թանգարանի ներուժը: Զրուցակիցս հավելում է, որ թանգարանը որպես պետական կառույց գործում է 1978-ից էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով, որը եղել է թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը: Իսկ կենտրոնի Երևանի թանգարանի ու Դիլիջանի մասնաճյուղի հիմքը 1930-ականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշներն են:  

Զրույցի շարունակության մեջ տ. Միրզոյանը մանրամասնում է, որ կենտրոնն ունի տարբեր բաժիններ՝ ֆոնդերի պահպանման և հաշվառման բաժին, ավանդական արհեստների գիտական բաժին, հասարակայնության հետ կապերի բաժին, ժողովրդական մշակույթի պահպանման և հանրահռչակման բաժին:    

Հաջորդիվ արդեն տ. Քալանթարյանն անդրադառնում է թանգարանի սրահներին և ցուցանմուշներին. «Մեր թանգարանն ունի հինգ հիմնական ցուցասրահ, որտեղ ժողովրդական արվեստի հինգ հիմնական բնագավառները ներկայացնում ենք առանձնացված, որ ոչինչ չխառնվի իրար, քանի որ ժողովրդական մշակույթը շատ բազմաժանր է: Ունենք նաև երկու սրահ՝ ժամանակավոր ցուցահանդեսների համար, որ մեզ մոտ կազմակերպվում են ամսական 2-3 անգամ: Կենտրոնի ներքևի հարկն էլ հնարավորություն է տալիս ցուցադրելու հայկական գորգեր ու կարպետներ: Ներքևում ունենք նաև կենտրոնական սրահ, որտեղ փորձել ենք իրար միաձուլել արվեստի տարբեր բնագավառներ և ստանալ 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկական բնակելի տան էթնիկ պատկեր՝ իր հազարաշեն երդիկով, գորգի դազգահով, խեցեգործության ու փայտագործության նմուշներով և այլն:  

Մենք ունենք մոտ 10.000 առարկա ամբողջ թանգարանում, որոնցից այս պահին ներկայացված է 1580-ը: Բայց պարբերաբար կազմակերպում ենք ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչի շնորհիվ էլ ֆոնդերում եղած նմուշները ևս ներկայացվում են հանրությանը: Օրինակ՝ անցյալ տարի կազմակերպված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսին այնպիսի գործեր էին վերցված ֆոնդերից, որոնք չէին ցուցադրվել արդեն 30 տարուց ավելի:    

Այսօր թանգարանի ցուցանմուշները համալրվում են հիմնականում նվիրատվությունների շնորհիվ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:  

Մեր ցուցանմուշները 19-20-րդ դարերի աշխատանքներ են, սակայն մեզ մոտ, ի տարբերություն այլ էթնիկ թանգարանների, շատ են նաև  մերօրյա վարպետների գործերը: Այս ամենի զուգակցումը ցույց է տալիս ավանդականի ու ժամանակակիցի  չխախտվող և խիստ անհրաժեշտ կապը: Դա հետաքրքիր է նաև նրանով, որ մենք զուգահեռաբար տեսնում ենք, թե, օրինակ՝ նույն առարկան ինչպես է պատրաստվել հնում և այսօր: Ազգային արվեստը յուրահատուկ է նաև նրանով, որ բոլորիս տանն էլ կան ազգային արվեստի նմուշներ, որ օգտագործում ենք՝  չիմանալով ընդհանրապես այդ առարկան ինչ է նշանակում կամ ինչու է հենց այդ տեսքով պատրաստված: Մեր թանգարանում այցելուներն այդ առումով կարող են գտնել շատ հարցերի պատասխաններ»:  

Այս ամենը ներկայացնելուց հետո տ. Քալանթարյանը մանրամասնում է, որ թանգարանն ունի երեխաների համար նախատեսված ազգային դիմագիծը զարգացնող ավանդական խաղեր՝ համեմված երգ ու պարով: Օրինակ՝ կենտրոնում ժողովրդական մեկնաբանմամբ միշտ նշվում են Տեառնընդառաջին, Ս. Հարությանը նվիրված և այլ տոներ: Տարեցտարի նման արարողությունների մասնակցողների թիվն ավելանում է, ինչը նաև թանգարանում կազմակերպվող ժողովրդական տարբեր արհեստների դասընթացների (ասեղնագործություն, ժանյակ, գորգագործություն, կարպետ և այլն) դրական արդյունքն է: Բազում երիտասարդներ են ներկայումս մասնակցում նման դասընթացների, որը նրանց թույլ է տալիս դառնալ եթե ոչ մասնագետներ, գոնե ոլորտին ծանոթ մարդիկ՝ այդպիսով ազգային արժեքներն ու ժառանգությունը դարձնելով առավել կիրառելի: Նման դասընթացները նպաստում են նաև թանգարանի հանրահռչակմանը, քանի որ մասնակիցներն ակամայից ցանկություն են ունենում շրջելու թանգարանում, ծանոթանալու ներկայացված ցուցանմուշներին և այլն:  

Այնուհետև տ. Միրզոյանն է հավելում՝ նշելով, որ կենտրոնը համագործակցում է մշակութային ու կրթական շատ հաստատությունների, զբոսաշրջային գործակալությունների հետ՝ համատեղ իրականացնելով տարբեր ծրագրեր: Թանգարանի ներքևի սրահում հաճախ կազմակերպվում են տոնածիսական համակարգին առնչվող հանդիսություններ, ազգագրական երգ ու պարի համերգներ, գրքերի, ալբոմների շնորհանդեսներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, ինչպես նաև, խմբերգային և ջազային արվեստի երեկոներ: Կենտրոնը նախաձեռնում է նաև հայ ժողովրդական վարպետների ստեղծագործությունների անհատական, ինչպես նաև թեմատիկ ցուցահանդեսներ:  

«Մեր կենտրոնի բացառիկ ցուցանմուշները ներկայացվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բելգիայում, Ավստրիայում, Չինաստանում, Պորտուգալիայում, Հունաստանում, Սիրիայում, Լիբանանում, Իրանում և այլուր: Մեզ մոտ ևս կազմակերպվում են միջազգային նշանակության ցուցահանդեսներ՝ նոր լիցք հաղորդելով թանգարանի գործունեությանը:  Կարևորում եմ նաև կենտրոնի իրականացրած գիտակրթական աշխատանքը, դասախոսություններն ու գիտաժողովները: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր կենտրոնի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ են կազմակերպվել գորգարվեստի հիմնախնդիրներին առնչվող երկու հանրապետական և մեկ միջազգային գիտաժողովները: Արդյունքում հրատարակվել են գորգարվեստի հարցերին առնչվող ժողովածուներ, գրքեր: Ասեմ, որ հրատարակչական գործունեությունը ևս մեր կենտրոնի գործունեության բաղկացուցիչներից է»,- պատմում է տ.Միրզոյանը:  

Տ. Քալանթարյանը, որ մասնագիտության բերումով կապ ունի մյուս թանգարանների հետ ևս, համոզված նշում է՝ Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի թանգարանն ամենաջերմն է՝ իր յուրահատուկ աուրայով ու հուզականությամբ. «Այստեղ շրջելուց հետո սիրտդ կարծես  ամբողջովին լցվում է, և զգում ես, որ ինքդ էլ պատմության մի մասնիկն ես: Մեր թանգարանում ամեն ինչ այնքան զգացմունքային է ու խոսուն, որ ցուցադրված նմուշների մեջ բոլորս էլ գտնում ենք մեզ հարազատը, մեր անձնական ապրումներին զուգակցվողը: Այդ ամենը զգալուն աջակցում է նաև մեր թանգարանի հրաշալի անձնակազմը: Այդ տաքուկ տպավորությունները ստանալուն նպաստում է նաև թանգարանի չափերով փոքր լինելն ու իր ասելիքին լիովին համապատասխանելը: Եվ միայն մի քանի դեպքում ենք մենք մտածում ավելի մեծ տարածք ունենալու մասին: Առաջինը, որ ֆոնդերում եղած նմուշների պահպանման համար ավելի նպաստավոր պայմաններ ունենայինք, և երկրորդ՝ լիներ մի փոքրիկ բակ, որտեղ առավել  տեսանելի կցուցադրեինք մեր նմուշները:  

Ի վերջո, ժողովրդական արվեստն ամենահզորն է, բայց միևնույն ժամանակ այն գոռգոռացող չէ, ցուցադրական չէ, այլ՝ շատ անձնական: Մեծ թանգարաններում այդ բազմաթիվ նկարներն ու քանդակները դիտելուց հետո, որքան էլ հոգիդ հարստանում է, միևնույն է, հոգնում ես և տեսածդ բոլոր պատկերները վերջում ձուլվում են իրար մտքիդ մեջ: Իսկ մեր թանգարանում այդպես չէ. այստեղ յուրաքանչյուր նմուշ ունի իր դեմքը, պատմությունն ու ասելիքը: Դրա համար մեզ մոտ գալիս են անգամ նախադպրոցական տարիքից ու չեն հոգնում, նույնիսկ ավելի են ոգևորվում: Նրանց գրավում է թե´ թանգարանի աուրան, թե´ մեր ծրագրում ընդգրկված շատ հետաքրքիր խաղերը: Այս առումով ակտիվ ենք լինում հատկապես ամառային արձակուրդներին: Եվ ընդհանրապես յուրաքանչյուր տարիք այստեղ կարող է իրեն հարմար զբաղմունք գտնել: Ազգայինի հետ կապված այս բացահայտումները՝ որպես տվյալ երկրին բնորոշ ամենատիպական առանձնահատկություններ, գրավում են հատկապես զբոսաշրջիկներին: Ի վերջո, յուրաքանչյուր ազգի էթնիկ մշակույթը տվյալ ազգի դիմագիծն է: Զբոսաշրջիկներին հետաքրքիր է, թե աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն ինչ աշխարհընկալումներ ունի և ինչպես է դա արտահայտում արվեստի տարբեր բնագավառներում»:      

Հանդիպման վերջում զրուցակիցներս կիսվեցին իրենց նվիրական ցանկություններով: «Թող հետագա տարիներին չպակասի թանգարան այցելող մեր հայրենակիցների ու զբոսաշրջիկների ոգևորությունը: Մաղթանքս ուղղված է ոչ միայն մեր, այլև բոլոր թանգարաններին: Ետխորհրդային դժվարին տարիներից հետո ցանկությունս է, որ թանգարաններն իրենց արժանի տեղը գտնեն մեր իրականության մեջ, չէ՞ որ դրանք հայ ազգի պատիվն ու դեմքն են: Պիտի հիշել, որ եթե մերը չճանաչեցինք ու չսիրեցինք, ուրիշինը երբեք չենք կարող սովորել ու գնահատել: Սեփական մշակույթի իմացությունը հնարավորություն կտա նաև հասկանալու մեր դերն աշխարհում, ինչն էլ կօգնի արժանավայել ապրել մեր երկրում ու նույնքան արժանավայել էլ ներկայանալ աշխարհին»,-ամփոփում է իր խոսքը տ. Քալանթարյանը:  

Տ. Միրզոյանն էլ այսպես է եզրափակում մեր զրույցը. «Այսօր աշխարհում ընթացող տեխնոլոգիական փոփոխություններն արագացնում են մշակութային ժառանգության շատ արժեքների դուրսմղումը կիրառությունից, և ահա Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի առաքելությունն է նյութական և ոչ նյութական ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Եվ այսօր մեր բոլոր աշխատակիցները՝ ի դեմս կենտրոնի տնօրեն, բանաստեղծ Հովիկ Հովեյանի, փորձում են այն ամեն գեղեցիկն ու լավը, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել դարերի ընթացքում, ըստ արժանվույն ներկայացնել այցելուներին: Երբ մեր թանգարան էր այցելել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Անրի Կյունին, նա հայտնեց հետևյալ միտքը՝ սա այն մշակութային հաստատությունն է, որտեղ կարելի է շոշափել ազգի հոգին: Եվ դա իրոք այդպես է»:  

 

           Արփի Խաչատրյան

 

 

«Դեպի թանգարան» խորագիր Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն Հայաստան Կարինե Միրզոյան Եվգենյա Քալանթարյան Եվգենյա Քալանթարյան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

«Անհրաժեշտ է հրավիրել արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով». Իշխան Սաղաթելյան
Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (ֆոտո)
ԱՍԻՄՊՏՈՄ ՊԱՑԻԵՆՏԸ
Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները
Եկեք ֆիքսենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում
Հասարակածային Գվինեան երկրից կվռնդի ԱՀԿ ներկայացուցչին
ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով
Աշխարհում COVID 19-ի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 6,3 մլն-ը
Որ երկրները և երբ կբացեն սահմանները
ԱՄՆ գիտնականների կանխատեսմամբ COVID 19-ի պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև տարեվերջ
Բաքուն չպետք է վախեցնի Երևանին և Ստեփանակերտին. Ս. Տարասով
ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար
Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում
Գերագույն ռադայում  Ավակովի  հրաժարականի  համար  ստորագրահավաք է սկսվել
Կամչատկայի ափերի մոտ  5,0  մագնիտուդով  երկրաշարժ է գրանցվել
Բելառուսում   մեկ  օրում  կորոնավիրուսի 852 դեպք է  հայտնաբերվել
Հայտնի է Հրաչյա Հակոբյանի թեստի պատասխանը
80 հազար դրամի համար որ մարդ մահանա, ո՞նց կընդունեք. ԱԺ պատգամավորները ժամանել են «Մեյմանդարի» շուկա
Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է
Հաշվետվությունները ժամկետում չներկայացնելու 57 դեպքով նշանակվել է 4.17 մլն դրամի չափով վարչական տուգանք
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ
Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը կրկին կհետաձգվի
Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի
Ավելին
Ավելին