Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Ականատես եղանք, թե ինչպես են առանց մի փամփուշտ կրակելու տալիս Արցախի տարածքները, տեսանք՝ ինչպես են հայերի շիրիմները պղծվում, եկեղեցիների գլխից խաչերը հանվում։ Այդքանից հետո մեր արժանապատվությունը մեզ այլեւս թույլ չի տալիս նման վարչապետ հանդուրժելու»,- նշեցին բողոքի ակցիայի մասնակիցները։
Նրանք շեշտեցին, որ հայ զինվորները կանգնել են մինչև վերջ՝ հայրենիքի պաշտպանության համար, մինչեւ արյան վերջին կաթիլը պայքարել են հայրենի հողի համար, սակայն մեկ գիշերվա ընթացքում մեկ մարդու մեկ ստորագրությամբ հայրենիքի մեկ երրորդը նվիրվեց մեր դարավոր թշնամուն։
Նշենք, որ այսօր՝ ժամը 12-ին, լրացավ ընդդիմության ու քաղաքացիների՝ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լինելու են անհնազանդության ակցիաներ Հանրապետության ամբողջ տարածքում։
Այսօր Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը եւ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նույնպես կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վայր դնել վարչապետի լիազորությունները։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին եւ Հադրութը, ինչպես նաեւ գյուղեր՝ Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններից: