Ընկերներիս մեջ, որքան հասկանում եմ, շատ են մարդիկ, ովքեր ինձ անձնապես չեն ճանաչում, և հաճախ գրառումներում ներկայացված տեսակետները դիտարկում են իրենց քաղաքական ճաշակի հիմքով։ Հետագա թյուրընկալումներից խուսափելու համար՝ ստիպված եմ որոշակի պարզաբանումներ ներկայացնել։ Անկուսակցական եմ, այդպիսին եմ եղել միշտ, բայց բազմաթիվ ընկերներ ունեմ տարբեր կուսակցություններում՝ Սասնա Ծռերում, ՔՈ֊ում, Ժառանգությունում, Հայրենիքում, ՀԱԿ֊ում, ՀՅԴ֊ում,, Ազգային օրակարգում, Լուսավոր Հայաստանում, Մեկ Հայաստանում, ՔՊ֊ում նույնիսկ ՀՀԿ֊ում, և այլն։
Բոլոր այդ քաղաքական ուժերում կան ինտելեկտուալներ, որոնց բազմաթիվ հայացքներ ինձ համար ընդունելի են, գուցե շատ ավելին՝ անընդունելի, բայց մերժելի է միայն անբարոյականությունը, տգիտությունը, դիմացինին ստորացնելու և հայհոյելու վարքագիծը։
Այդուհանդերձ, կարմիր գիծն ինձ համար անցնում է պետության դաշտով ու գուցե այդ պատճառով հավասարապես զզվելի են ինձ ընտրակեղծարարները, ձայնագողերը, ընտրական աֆերիստներն ու շուստրիները, որոնք այս տարիներին, մեր անկախ պետության գոյության ամբողջ ընթացքում մեռան գլխարկ փոխելով՝ միշտ իշխանություն մնալու և իրենց գողությունը շարունակելու համար։
Նույնքան զզվելի է քաղաքական լյումպենը, որ անընդհատ վաճառվում է, ընտրում երկրիս ապագան, որն իրեն ընդհանրապես հետաքրքիր չէ, որի համար ինքն իրեն պատասխանատու չի համարում, չի զգում։
Եվ ամենավերջինը, տանել չեմ կարողանում կռապաշտությունը, քաղաքականության մեջ կուռքեր չեմ ունեցել և չունեմ, միայն արժեքներ և գաղափարներ, գուցե այս պատճառով երբեք մեծամասնության ճաշակով չեմ եղել և չեմ էլ լինելու, համոզված եմ, բայց ես խնդիր չունեմ բոլորին դուր գալու։ Մի խնդրանք ունեմ բոլորիդ, քննարկեք իմ գրառումներում ներկայացվող արժեքներն ու գաղափարները, փաստերն ու հիմնավորումները, ուրախ կլինեմ ցանկացած բանավեճի, բայց մի փնտրեք իմ մեջ ինչ֊որ մեկի աջակցի կամ հակառակորդի։ Բոլորն էլ անցողիկ են, բոլոր իշխանություններն ու ընդդիմությունները, մնայուն է միայն Հայաստանը, որ յուրաքանչյուրս տեսնում է իր երեխայի մեջ, իր ծնողի, իր կնոջ, իր եղբոր, քրոջ, ընկերոջ, հարազատի մեջ։
Հավատացեք, հիմա կանգնած ենք մի հանգրվանում, որ այդ ընկալումը միայն կարող է մեր երկիրն առաջ տանել։ Բոլոր այն մարդիկ, ում համար մերժելի է իմ տեսակը, կխնդրեմ հեռանալ ուղղակի, ես քառասունն անց եմ, իմ աշխարհայացքը, արժեհամակարգը վաղուց ձևավորված է ու կայուն է, չկասկածեք։ Հարգանքներս։