f

Անկախ

Իրավիճակն Իդլիբում պայթյունավտանգ, բայց դեռևս վերահսկելի է․ Արմեն Պետրոսյան


Մի քանի օրից լրանում է ժամկետը, որ Էրդողանը տվել էր Սիրիայի կառավարական ուժերին՝ հեռանալու Իդլիբից։ Մոսկվան և Անկարան, չնայած մի քանի փորձերին, այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել սիրիական Իդլիբի հարցում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է մարտի 5-ին Թուրքիայում կանայալիք երկկողմ (Պուտին-Էրդողան) և քառակողմ (Պուտին-Էրդողան-Մերկել-Մակրոն) բանակցությունների մասին, սակայն և ոչ մեկը վերջնականապես հաստատված չէ։ 

«Անկախը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ստեղծված իրավիճակում ինչ զարգացումներ են հնարավոր։ 

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն Իդլիբում։ Հնարավոր համարո՞ւմ եք արդյոք ռուս-թուրքական ուղիղ բախումը Սիրիայում։ 

-Իդլիբում ստեղծված իրավիճակն ընդհանուր առմամբ պայթյունավտանգ է, բայց վերահսկելի, քանի որ չնայած առկա տարաձայնություններին,  հիմնական արտաքին դերակատարների միջև դեռևս շարունակվում է կապը, և ուրեմն առկա է  երկխոսության հնարավորություն։ Մարտի սկզբին նախատեսված է քառակողմ հանդիպում։ Այսինքն առաջիկայում կա հնարավորություն ՌԴ և Թուրքիայի ղեկավարների միջև ուղղակիորեն  քննարկելու հարցը։ Ե՛վ սիրիական հակամարտության ընթացքը, և՛ նախկինում ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած  տարաբնույթ խնդիրները ցույց են տվել, որ տարբեր մակարդակներում բախվելով խոչընդոտների, այդուհանդերձ, նախագահների մակարդակում դրանք վերջնական և երկկողմ ընդունելի լուծում են ստացել։ Կարծում եմ, որ ակնկալվող հանդիպումից հետո հետագա զարգացումներն Իդլիբում ավելի կանխատեսելի կդառնան։ 

-Հանդիպմանը մասնակցելու են նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները։ Սրանք  ԵՄ անդամ երկրներ են, ՆԱՏՕ-ում Թուրքիայի գործընկերներն են։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ ի՞նչ կարելի է ակնկալել այդ բանակցություններից։ Եվ այդ երկրների հետաքրքրությունն Իդլիբի խնդրով  ինչո՞վ է պայմանավորված։ 

-Ֆրանսիայի և Գերմանիայի ներգրավումը Իդլիբի վերաբերյալ  բանակցային  գործընթացում առնվազն կարելի է դիտարկել միջնորդական նախաձեռնության ձևաչափում, քանի որ ուղղակի շահեր և հետաքրքրություն այս տարածաշրջանում նրանք չունեն։ Իդլիբում իրավիճակը նրանց հետաքրքրում է առավելապես հումանիտար ճգնաժամի տեսանկյունից։ Եթե իրավիճակը  3 մլն  բնակչություն ունեցող այս տարածաշրջանում ընթանա ռազմական ճանապարհով, դա կհանգեցնի հերթական լուրջ մարդասիրական ճգնաժամի, որի հետևանքներից անմասն չեն մնա նաև ԵՄ երկրները։ 

-Այսինքն՝ ձգտում են կանխե՞լ հնարավոր միգրացիոն հոսքերը։ 

-Ոչ միայն միգրացիոն հոսքերից են իրենց ապահովագրում։ Եթե հումանիտար ճգնաժամ առաջանա Թուրքիայում, Սիրիայում,  ավելանալու  է նրանց ներդրումների անհրաժեշտությունն այդ հումանիտար խնդիրները լուծելու համար։ Հետևաբար Գերմանիան և Ֆրանսիան միջնորդական առաքելությամբ ցանկանում են  կանխել հնարավոր նոր հումանիտար ճգնաժամը, որը կարող է  ազդել և՛ այդ երկրների, և՛ ընդհանրապես ԵՄ երկրների վրա։ 

-Հաշվի առնելով այդ երկրների և Ռուսաստանի  ոչ բարեկամական  հարաբերությունները՝ այս միջնորդական առաքելությունը հաջողությամբ պսակվելու պոտենցիալ ունի՞։ 

-Այստեղ առանցքայինը Պուտին-Էրդողան  հանդիպումն է։ Թե ինչ ձևաչափում դա կլինի, դա  երևի թե տվյալ պարագայում երկրորդական է։ Այն, որ հանդիպումը կայանում է երկու խաղացողներից մեկի տարածքում, տվյալ դեպքում Թուրքիայում, խոսում է այն մասին, որ կողմերի միջև հարաբերություններն այնքան էլ  սրված չեն, այլապես Փարիզում կամ Բեռլինում կարող էր կազմակերպվել։ Սա վկայում է այն մասին, որ կողմերի միջև հարաբերություններն անդառնալիորեն սրված չեն և տրամաբանական ու սպասելի է, որ բացի քառյակ ձևաչափից, անշուշտ կլինի Պուտին-Էրդողան երկկողմ հանդիպում, որի շրջանակում էլ երևի թե կպարզվի Իդլիբի հետագա զարգացումների հեռանկարը։ 

-Պարոն Պետրոսյան, Սիրիայի հարցն են քննարկում, բայց առանց Սիրիայի։ Գոնե ձևականորեն  Սիրիան չպե՞տք է ընդգրկվեր այս գործընթացներում։

-Լավ հարց եք տալիս։ Սիրիական հակամարտության սկզբից ի վեր սիրիական կառավարությունը ենթարկվել է միջազգային դերակատարների կողմից մեկուսացման և  տարաբնույթ պատժամիջոցների։ Նրա հետ՝ որպես  դերակատարի,  բանակցություններ  չեն վարվել։ Այս ողջ ընթացքում, հատկապես 2015-ից հետո, երբ  ՌԴ-ն ուղղակիորեն ներգրավվեց սիրիական հակամարտությանը, պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը ներկայացրել է  Մոսկվան։ Այժմ էլ  նույն տրամաբանությունը շարունակվում է։

 Նույն Իդլիբում այսօր իրավիճակի սրումը զսպող հիմնական գործոնը ՌԴ-ն է։ Եթե չլիներ ՌԴ-ն, ապա Սիրիայի կառավարական ուժերի և թուրքական զինուժի միջև ռազմական գործողությունները կարող էին  ավելի լայն մասշտաբների հասնել։ 

-Ստեղծված իրավիճակի համար և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան միմյանց են մեղադրում, որ չեն կարողացել իրագործել  2018-ի Սոչիի պայմանավորվածությունները։ Ի վերջո, ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել։ 

-Իրական պատճառն այն է, որ Սոչիի պայմանավորվածություններից հետո Թուրքիայի վրա դրված էին հստակ պարտավորություններ, որոնք այդ երկիրը անցած 1,5 տարվա ընթացքում չկարողացավ իրագործել։ 

Այս ընթացքում Թուրքիան պետք է հասներ  ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների և չափավոր զինյալների տարանջատման, պետք է միջնորդ հանդիսանար սիրիական կառավարական ուժերի և ընդդիմության միջև՝  խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով հանգուցալուծելու։ Անցած 1,5 տարվա ընթացքում տեսանք, որ թուրքական կողմը ըստ էության չկարողացավ դա իրագործել։ 

Իդլիբում գործող խմբավորումներին զատելու գործընթացը որոշակիորեն հաջողեց և Թուրքիան կարողացավ  որոշ չափավոր խմբավորումներ մեկտեղել Սիրիական ազգային բանակ խմբավորման մեջ, բայց այդ խմբավորումը չկարողացավ վերահսկել իրավիճակը Իդլիբում։ Հակառակը, «Հայաթ Թարիր աշ-Շամ»  խմբավորումը, փաստացի հաջողության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, մոտ 90 տոկոսով վերահսկում է Իդլիբի նահանգը։  Թուրքական կողմը, ունենալով հարաբերություններ նշված խմբավորման հետ, չուներ լծակներ նրա  վրա ազդելու և նրան  քաղաքական գործընթացի մեջ ներգրավելու համար։ Պատճառներից մեկն էլ այդ խմբավորման ծայրահեղական   գաղափարախոսությունը և մոտեցումներն են․  նրանք խնդրի լուծումը տեսնում են բացառապես սիրիական գործող վարչակարգի հեռացման և Սիրիայի տարածքում Շարիաթի նորմերի հիման վրա պետություն ստեղծելու ճանապարհով։

Իդլիբում Թուրքիայի ներկայությունը պայմանավորված էր հստակ գործառույթներով, որի նպատակն էր այդ շրջանում խնդրի խաղաղ հանգուցալուծումը, որից հետո պետք է Թուրքիան դուրս գար տարածաշրջանից։ Քանի որ համաձայնության արդյունքում ձեռք  բերված պարտավորությունները չեն գործում, Թուրքիան այլևս այդ տարածքում անելու բան չունի։  Այդ պատճառով է, որ պահանջում են դուրս գալ այն տարածքներից, որոնց վերադարձին սիրիական կառավարության հսկողության ներքո պետք է աջակցեր։ Քանի որ Թուրքիան չկարողացավ դա անել, հիմա դա անում է սիրիական բանակը։

-Պարոն Պետրոսյան,  տեսակետ կա, որ եթե Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը «Ջեբհաթ ան Նուսրա»  խմբավորման նկատմամբ և բանակցություններում ներառի նրանց, իրավիճակը կարող է հանգուցալուծվել։  Հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումը։ 

-Այս խմբավորումը ստեղծվել է Սիրիայի տարածքում 2012-ին  և համարվել է «Ալ Քաիդայի» ճյուղավորումը Սիրիայում։ Հետագայում միջազգային թիրախավորումից խուսափելու համար մի քանի անգամ այն փոխել է իր անվանումը։ 2017-ին վերջին անգամ վերանվանվել է «Հայաթ Թահրիր աշ-շամ», որում, բացի «Ան Նուսրայից»,  ներառվել են նույն ծայրահեղական գաղափարախոսությունն ունեցող մոտ մեկ տասնյակ մանր խմբավորումներ։ Բայց անվանափոխությունը եղել է առավելապես նրա համար, որ խուսափեն միջազգային թիրախավորումից որպես ահաբեկչական խմբավորում։ Սա նշանակում է, որ կազմակերպության բնույթը և նպատակները որևէ կերպ չեն փոխվել, փոխվել  է միայն անվանումը, հետևաբար երկրները, որոնք այս կազմակերպությունը ճանաչել են ահաբեկչական, չեն կարող խմբավորման նման պրիմիտիվ քայլերից հետո փոխել վերաբերմունքը։ 

-Թուրքական կողմը կորուստներ ունի և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում։ Այս կորուստները ինչպե՞ս են անդրադառնում ներքաղաքական իրավիճակի վրա և արդեն ներքաղաքական զարգացումներն ինչպե՞ս կարող են ազդել Թուրքիայի հետագա արտաքին քաղաքականության վրա։ 

-Գիտեք, փաստացի վերջին մի քանի տարիների Թուրքիան գնում է ավտորիտարիզմի ուղղությամբ։ 2016-ից հետո Թուրքիայի քաղաքականությունը, հատկապես տարածաշրջանային քաղաքականությունը դարձել է շատ ավելի ագրեսիվ և արկածախնդրային։ Դա պայմանավորված է նաև ներքին փոփոխություններով, որ վերջին մի քանի տարիներին ապրում է Թուրքիան։ Պարզ է, որ և սիրիական, և  լիբիական արկածախնդրությունը Էրդողանի գլխավորած սահմանափակ խմբի անձնական նախաձեռնությունն է։ 

Կարծում եմ՝  ներկայում առկա իրողությունների պարագայում Թուրքիան չի կարող հրաժարվել ո՛չ Իդլիբում արկածախնդրությունից, ո՛չ Լիբիայից։ Նրանք դա դիտարկել են որպես հատուկ ծրագիր։  Չնայած  որոշակի անվտանգային և տնտեսական հիմնավորումներին՝ դրանք առավելապես պայմանավորված են  էրդողանի անձնական ամբիցիաներով։ Եվ Թուրքիայի առաջնորդն անելու է ամեն ինչ,  որպեսզի այդ նախաձեռնությունները Թուրքիայի համար ձեռքբերումներով ավարտվեն։ 

-Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը  շատ են համեմատում 2015-ի հետ՝ նշելով, որ ի տարբերություն այն ժամանակվա դեռևս շարունակվում է  առևտրատնտեսական համագործակցությունը։ Ձեր կարծիքով՝ այս անգա՞մ էլ գործը կհասնի առևտրատնտեսական ոլորտին, թե՞ կողմերը կխուսափեն դրանից։

-Առաջիկա հանդիպման  արդյունքները ցույց կտան, թե ինչ ուղղությամբ կզարգանան հարաբերությունները։ Հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունենալու  այս երկու խաղացողներից մեկի տարածքում, վկայում է, որ հարաբերությունները վերջնականապես լարված չեն։ 

Տնտեսական խնդիրը Թուրքիայի գործող իշխանությունների համար շատ կարևոր է, քանի որ երկրում տնտեսական ցուցանիշների անկում կա, թուրքական լիրայի հետ կապված խնդիրներ կան, դրանով պայմանավորված՝ նաև գործող իշխանությունների վարկանիշի նվազում կա։  Եվ քաղաքական հավակնությունների պատճառով նոր արկածախնդրության գնալ,  որը կարող է կրկնել 2015-2016 թվականների զարգացումները, բայց այս անգամ վստահաբար ավելի մեծ ծավալներով, Թուրքիայի գործող իշխանությունները հազիվ թե նման քայլի դիմեն, քանի որ այդ պարագայում երկրում սոցիալ-տնտեսական  բողոքի ալիքը զսպելը շատ դժվար կլինի։ 

Թուրքիան ամեն ինչ կանի  թեկուզ ժամանակ շահելու համար, գոնե մի քանի ամսով դադարեցնելու սիրիական կառավարական ուժերի  առաջխաղացումը՝ այդ ընթացքում այլընտրանքային լուծումներ գտնելու նպատակով։ Եվ  իհարկե կաշխատեն, որ Ռուսաստանի  հետ հարբերությունները դրանից չտուժեն, որպեսզի հարաբերությունների հնարավոր սրացումը որևէ կերպ չազդի Թուրքիայի ներքին իրավիճակի, այս դեպքում տնտեսության վրա։ 

 

Ռուսաստան Իդլիբ Մերձավոր Արևելք հարցազրույց

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին