ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը լրացում է կատարել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի պաշտոնական կայքից:
«Դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Օրակարգում եղել է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը, որը խորհուրդը քննարկել եւ հաստատել է»,- ասվում է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ԱԺ խորհրդի նիստին որոշվել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին» եզրակացությունը: