ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև դավադրությունը հանգեցրել է իրանցի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ այդ մասին վկայում են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շտապ ուղեւորությունները Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիայում եռակողմ հանդիպումը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները:
Զարիֆը նշել է, որ «Իրանի վրա առավելագույն ճնշման ձախողված քաղաքականության հիմնադիրներն ու աջակիցները» փորձում են օգտագործել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին օրերը պետության ղեկավարի պաշտոնում՝ «պատժամիջոցների վերացման համար ստեղծված ներկայիս իրավիճակը ոչնչացնելու համար»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանի մերձակայքում կատարված մահափորձի արդյունքում սպանվել է միջուկային ֆիզիկոս, Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեն, որը, իբրև թե, երկրի ռազմական միջուկային ծրագրի մշակողներից մեկն էր։ Ավելի ուշ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ գիտնականի դեմ մահափորձի հետեւում կանգնած է Թել Ավիվի «սիոնիստական ռեժիմը»: