Փետրվարի 25-ին, ժամը 08:38-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի «Լղոցի թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մոտակա անտառում այրվում է մոտ 3 հա խոտածածկույթ:
Հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18:01-ին հրդեհը մեկուսացվել է, սակայն 18:54-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության և բարդ ռելիեֆի պատճառով դադարեցվել են:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 4 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից և Գանձաքար գյուղի 15 բնակիչ: