Մեկ ու կես տարի առաջ օպերայի երգչուհի Hasmik Papian-ին հրավիրեցի հարցազրույցի. սկզբում սիրով համաձայնեց, հետո հրաժարվեց, թե, բա, ընդդիմադիր եք, ես ձեզ հարցազրույց չեմ տա՝ մերժում եմ…
Անկեղծ ասած, վիրավորվեցի, ասացի՝ մտավորական եք, խոսում եք ժողովրդավարությունից, ազատ խոսքից, բայց մերժում եք ընդդիմադիր լրատվամիջոցի հրավերը. նաև զարմանքս արտահայտեցի, որ մտավորական լինելով կորցրել է ողջամտությունը, ու այդչափ նիկոլապաշտ է, երբ մենք պետություն ենք կորցնում, մեր ազգային արժեքներն ենք կորցնում․․․
Նիկոլին հայոց ասպետ համարող երգչուհին չպատասխանեց:
Իսկ այսօր, երբ դավաճանը թուրքին հանձնեց Արցախը, տեսնում եմ, թե ինչպես է հայտնի երգչուհին շտապում տարբեր հեռուստաընկերություններ ու մեկը մյուսի հետևից հարցազրույցներ տալիս, խոստովանում, թե, բա, սխալվել է, որ երկու տարի ապրել է կեղծ իրականության մեջ, որ հավատացել է սրանց, ու սրանք պետք է հեռանան...
Երգչուհուն այլևս հրավիրելու ցանկություն չունեմ, բայց հրապարակավ հարց ունեմ տալու. Տիկին Պապյան, սովորական քաղաքացին կարող էր սխալվել, սովորական քաղաքացին կարող էր չվերլուծել ու չհասկանալ, թե ի՞նչ էր կատարվում մեր երկրում, թե ի՞նչ ուժեր էին փողոց դուրս եկել, ովքե՞ր էին կանգնած նրանց թիկունքում, ո՞վ էր Գյումրիից քայլելով եկած <թավիշի> առաջնորդ նիկոլը, ո՞ւր էր տանում նա մեր երկիրը… Մտավորականդ պարտավո՛ր էիք այդ ամենը և՛ վերլուծել, և՛ իրատես ու զգոն լինել, քանի որ բեմահարթակից հնչող ձեր ամեն մի խոսքը դառնում էր ժողովրդին ոգևորող, ոգեշնչող, նաև առաջ մղող և ուղղորդող:
Մտավորականն իրավունք չունի այդչափ կույր լինել…
2018-ին դուք ձեր վատ, շա՜տ վատ գործն արեցիք՝ դավաճանին իշխանության բերելով...
նիկոլով կուրացած մտավորականներդ ունեք մեղքի ձե՛ր բաժինը: Գիտակից մտավորականի համար սա ահավոր ծանրություն է, որ կրելու եք մինչ ձեր կյանքի վերջը...
Իսկ հիմա շարունակեք, ինչպես դուք եք ասում՝<<Ամբողջ ներաշխարհս պետք է վերակառուցեմ, վերանորոգեմ ու նորոգեմ, շատ ծանր է...>>: Իրոք շատ ծանր է, անտանելի ծանր, բայց այս անգամ արդեն ոչ միայն ձեզ համար, այլ իմ Հայրենիքի, որ վիրավոր է, խոցված ու բզկտված, ու իմ ժողովրդի, որի արժանապատվությունն ու հպարտությունն է ոտնատակ տրված