Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով ոստիկանը կկատարի հանցագործություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:
«ՀՀ ոստիկանությանը տեղեկացնում եմ, որ Վարչական դատարանը կասեցրել է ռազմական դրության պայմաններում հավաքների անցկացման և դրանց մասնակցելու արգելքը սահմանող նորմը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը և ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտնել էին, որ ՀՀ վարչական դատարանը բավարարել է իրենց ներկայացրած հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը, որով կասեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի III գլխի 8-րդ, IV գլխի 9.1-ին կետերի և 9.1-ին կետին առնչվող մասով 10-րդ կետի գործողությունը: