f

Անկախ

ՆՎԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՏԺԵԼՈՎ


1991թ. մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդում տեղի ունեցավ վարչապետ Վազգեն Մանուկյանի մամուլի ասուլիսը արտասահմանյան լրագրողների հետ: 

Նախարարների խորհրդի նախագահը, անդրադառնալով Հայաստանի սահմանամերձ շրջաններում, Գետաշենի ենթաշրջանում, Շահումյանի շրջանում և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կատարված իրադարձություններին, դրանց քաղաքական շարժառիթներին և կենտրոնի վարած քաղաքականությանը, մասնավորապես ասաց.

-Ամենայն հավանականությամբ հարկ է պարզաբանել, թե ինչու տեղի ունեցան այդ իրադարձությունները և ինչ շարունակություն կունենան:

Որո՞նք էին այդ իրադարձությունների պատճառները: Կան մի քանի վարկածներ:

Հավանաբար նախ հարկ է անդրադառնալ պաշտոնական վարկածին: Այն ասում է, որ

Հայաստանում կան շատ գրոհայիններ, որոնք անընդհատ ընդհարումներ են կազմակերպում սահմանի վրա, և նրանց նկատմամբ իրականացվում է պրեզիդենտի հրամանագիրը:

 Այսինքն՝ ձերբակալում են այդ գրոհայիններին և զինաթափում: Նախ եկեք պարզաբանենք՝ կա՞ն արդյոք գրոհայիններ Հայաստանում: Օգոստոսին մեր երկրում կային կազմակերպություններ, որոնք զինված էին և քաղաքական գործունեություն ծավալելու հետ մեկտեղ հայտարարել էին, որ զինված ջոկատներ են և զբաղված են նաև Հայաստանի սահմանների պաշտպանությամբ: Բնականոն այդ երևույթն սկսվեց Սումգայիթում, Բաքվում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ մեր ժողովուրդը տեսավ, որ բանակը չի կարող պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը, կյանքը, և մարդիկ սկսեցին զինվել՝ հանուն ինքնապաշտպանության: 

Օգոստոսին այդպիսի ջոկատները սակավաթիվ չէին, նրանք ունեին իրենց շտաբները, կազմակերպված էին և այլն: Նրանց գուցե կարելի էր անվանել գրոհայիններ:

Բայց օգոստոսի վերջին խորհրդարանը որոշում ընդունեց այդ ջոկատները զինաթափելու մասին, հայտարարվեց, որ պետությունը չի հանդուրժի զինված խմբավորումներ պետական կառուցվածքներից դուրս: Եվ սկսվեց որոշման հետևողական իրականացումը: 

Զինաթափվեցին խոշոր ջոկատներ, ձերբակալվեցին ջոկատների ղեկավարները, և առգրավվեց մեծ քանակությամբ զենք: Ջոկատները լուծարվեցին: 

Այսօր ես կարող եմ ասել, որ Հայաստանում կան զինված մարդիկ, այնպիսիք, ինչպիսիք կան և ողջ Խորհրդային  Միությունում: Երբ տեղի են ունենում խոշոր ռազմական իրադարձություններ, զինված մարդիկ կարող են միավորվել: Բայց եթե այսօր անդրադառնանք Հայաստանի իրադրությանը, պիտի ասենք, որ միևնույն է, նույնիսկ այս վերջին իրադարձությունները Հայաստանին հետ չտարան օգոստոս: 

Չկան շտաբներ, խոշոր զինված ջոկատներ, բայց, բնականաբար, կան զինված մարդիկ: Մեր կառավարությունը գտնում է, որ պետական կառուցվածքներից դուրս չեն կարող գոյություն ունենալ զինված կազմավորումներ, և այդ քաղաքականությունը հետևողականորեն կիրականացվի:

Հիմա տեսնենք, թե ինչ կատարվեց ամենասկզբում: Հակառակ կողմից սկսվեց հրաձգություն, և նախորդ ժամանակների փորձով ակնհայտ էր, որ երբ սահմանի վրա սկսվում է հրաձգություն, բոլոր զինված մարդիկ կենտրոնանում են սահմանագլխին՝ սահմանը պաշտպանելու: Իմ կարծիքով, դա արված էր միտումնավոր. մարդկանց կանչել սահմանի մոտ, դեսանտայինների ուժերով ձերբակալել և ապացուցել զինված ջոկատների գոյությունը Հայաստանում:  Բայց այս անգամ նրանք շփոթվեցին: Նրանք հաշվի չէին առել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել Հայաստանում: Սահմանի վրա հրաձգություններից հետո անսպասելիորեն դեսանտ իջեցրին, բայց փաստորեն չկային զինված ջոկատներ, որպեսզի ձերբակալվեին: Եվ նրանք ստիպված էին ձերբակալել և սպանել խաղաղ բնակիչների,միլիցիայի աշխատակիցների: Փաստորեն ձերբակալված է 104 մարդ: 

Փաստերը դեռևս ճշտվում են: Ամենայն հավանականությամբ նրանցից մի քանիսի նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն, կջանան ապացուցել, որ նրանք գրոհայիններ են, իսկ մնացած մասին,հավանաբար, ազատ կարձակեն, որովհետև այդ 104 պատանդների կամ գերիների ճակատագիրը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է:

Հայաստանի դատախազությունն անընդհատ կապի մեջ է ԽՍՀՄ դատախազության հետ,համապատասխան ծառայությունները, կառավարությունը զբաղվում են այդ հարցերով: Դա մեզ համար շատ կարևոր է: Բայց, իհարկե, մի մասի նկատմամբ քրեական գործեր կհարուցեն և կջանան ապացուցել, որ նրանք քրեականներ են: Հիշեք, որ երկրաշարժից անմիջապես հետո ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն, նրա նկատմամբ հարուցվեց քրեական գործ, բայց չհաջողվեց ապացուցել, որ նրանք զբաղվում են հակասահմանադրական գործունեությամբ:

Հիմա անդրադառնանք ոչ պաշտոնական վարկածներին: Առաջինը կապված է այն գործողությունների հետ, որոնք ուղղված են պահպանելու Մութալիբովի իշխանությունը: Ես չեմ ուզում անդրադառնալ Ադրբեջանի իշխանություններին առնչվող հարցերին, որովհետև դա Ադրբեջանի ժողովրդի գործն է, և մեր խառնվելն անիմաստ է: Թող նրանք որոշեն, թե իրենց ինչ իշխանություն է հարկավոր: Բայց, իհարկե, կենտրոնի կողմից Ադրբեջանին նվիրատվություն անելու որոշ դրսևորումներ առկա են: Ամենայն հավանականությամբ դա առնչվում է 9-ի պայմանագրին  ևս:

Իրադարձությունները տեղի ունեցան Գետաշենում, որովհետև այն անընդհատ փշի նման անհանգստացնում էր Ադրբեջանի իշխանություններին, և նրանք ծրագրում էին ազատել Գետաշենը, կազմակերպել տեղահանությունը: Այդ նվերը նրանց տրվեց: Այն, ինչ կատարվեց Գետաշենում, սարսափելի էր ու անմարդկային: 

Ես երբեք չէի մտածի, որ XX դարի վերջին այն տարածքում, որն ուզում է մտնել համաշխարհային քաղաքակրթության համակարգ, կարող են տեղի ունենալ այնպիսի սարսափելի իրադարձություններ, ինչպիսիք եղան Սումգայիթում,Բաքվում, Գետաշենում: 

Իրադարձությունները, որ կատարվում են Լեռնային Ղարաբաղում, չի կարելի միայն Ադրբեջանի ներքին գործը համարել: Այս երեք տարիների ընթացքում այն, ինչ տեղի էր ունենում Ղարաբաղում, այսպես թե այնպես արձագանքվում էր և ազդում ամբողջ Խորհրդային Միությունում տեղի ունեցող դեպքերի վրա: Նույնիսկ եթե խոսքը վերաբերում է անձնագրային ռեժիմի ստուգմանը, այդ գործին պետք է մասնակցեին նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ներկայացուցիչները, որովհետև դա ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի, այլ ամբողջ Խորհրդային Միության գործն է:

Երրորդ վարկածն այն է, որ Հայաստանին հարվածեցին, որովհետև նա բռնել է անկախության ուղին, և պատժելով Հայաստանին՝ ցանկանում էին ցույց տալ մյուս հանրապետություններին, թե ինչ է սպասում իրենց, եթե շարունակեն անկախության ուղին:

Եթե կանգ ենք առնում այս վարկածի վրա, ապա պետք է ավելի հանգամանորեն  անդրադառնանք այն ամենին, ինչ կատարվում է Խորհրդային Միությունում՝ կապված անկախանալու հարցերի հետ: 

Ինձ համար միանշանակ է. Խորհրդային Միությունը կայսրության այն տեսքով, ինչ այսօր է, գոյություն ունենալ չի կարող: Այն պետք է փլուզվի և վերածվի մի շարք պետությունների, որոնց մի մասը շաղկապված կլինի տնտեսական որոշակի պայմանագրերով: Խորհրդային Միության փլուզումն անխուսափելի է: Հարց է առաջանում՝ ի՞նչպես:

Երկու ճանապարհ կա: Առաջինը կարելի է անվանել խաղաղ ճանապարհ: Այն, որ Խորհրդային Միության փլուզումն անխուսափելի է, ընդունվում է բոլորի կողմից: Խորհրդային Միության տնտեսության զարգացման համար հանրապետություններին տրվում են ավելի ու ավելի մեծ իրավունքներ, և ինչ-որ չափով վերանում է սահմանն անկախ հանրապետությունների և այն իրադրության միջև, որում նրանք գտնվում են: Որովհետև՝ ինչ է նշանակում անկախություն, այսօր դժվար է որոշել: Եթե այդ համոզվածությունը լիներ, ոչ մի հանրապետություն չէր հայտարարի ԽՍՀՄ-ից իր դուրս գալու մասին, և խաղաղ ճանապարհով այդ ամենը կարելի էր շարունակել: Բայց ես խիստ կասկածում եմ, որ իրադարձությունները կզարգանան այս ճանապարհով: Խորհրդային Միությունում կան ուժեր, որոնց համար շատ կարևոր է Միության պահպանումը կայսրության տեսքով: 

Այդ ուժերն են՝ Խորհրդային Միության ռազմական մեքենան, կուսակցական ապարատը և ժողովուրդների մի մասը, հատկապես ռուս ժողովրդի, որոնք հին սովորույթով կարծում են, թե հզորությունը կայսրության պահպանման մեջ է: Այն դեպքում, երբ XX դարի վերջում հզորությունը ուժեղ տնտեսությունն է, զարգացած ինֆրակառուցվածքը և այլն:

Այդ պատճառով Խորհրդային Միության զարգացումը տեղի է ունենում ալիքաձև: Միությունը երբեմն սեղմվում է, այսինքն՝ այդ ուժերը երբեմն հաղթում են, և հետո նորից սկսում է ընդարձակվել: Բոլոր հանրապետությունները ջանում են այդ սեղմված ժամանակ այնքան էլ չերևալ: Բայց երբ Միությունն սկսում է ընդարձակվել, այսինքն՝ երբ դեմոկրատական ուժերը ընդարձակում են Միությունը, յուրաքանչյուր հանրապետություն աշխատում է պոկել հնարավորին չափ շատ: Եվ անընդհատ առաջանում են ռազմական ընդհարումներ, ինչպես Վիլնյուսում, Հայաստանում և այլուր: 

Փոքր հանրապետությունները դրանից շատ են անհանգստացած: Պատահական չէ, որ այն վեց հանրապետությունները,որոնք այսպես թե այնպես հայտարարում են անկախության իրենց ուղու մասին, ամենափոքրերն են Խորհրդային Միությունում: Մեծ հանրապետությունը մանևրելու ավելի մեծ հնարավորություն ունի, կարող է շարունակել իր գոյությունը Խորհրդային Միությունում և հարմար պահի դուրս գալ: 

Փոքր հանրապետությունների պաշտպանությունը ռազմական այս գործողություններից համաշխարհային հանրության կարծիքն է, այդ պատճառով էլ նրանք բոլորից շուտ են հայտարարում անկախության ուղու մասին՝ ակնկալելով համաշխարհային հասարակայնության պաշտպանությունը: Յուրաքանչյուր սեղմման ժամանակ առաջանում են ռազմական ընդհարումներ, և հանրապետությունները վախենում են, որ այդպես շարունակվելու դեպքում ինչ-որ պահի կարող են առաջանալ խոշոր պայթյուններ, և իրենք կկորցնեն գոյատևելու իրենց իրավունքը:

Ահա այսպիսի գործընթացներ են այսօր տեղի ունենում Խորհրդային Միությունում: Ես չեմ կարծում, թե այն գործողությունները, որոնք ուղղված էին Հայաստանի դեմ, բացատրվում են նրանով, որ պետք է պատժել Հայաստանին և ցույց տալ մյուսներին: Ամենայն հավանականությամբ երկրորդ վարկածն ավելի ճիշտ է: Այսինքն՝ նվիրատվություն Ադրբեջանին, որի շարունակությունը հանգեցրեց այս ամենին, քանի որ Խորհրդային Միության սեղմումը վերջին երկու տարիներին ավելի ուժեղ է: Ընդ որում այդ սեղմումն իրականացավ 9-6 բանաձևով: Ե՞րբ նորից կսկսվեն դեմոկրատական գործընթացները՝ հիմա դժվար է ասել:

Վարչապետ Վ. Մանուկյանի ելույթը

1991թ. մայիսի 12-ի մամուլի ասուլիսում

«Հայաստանի Հանրապետություն», 1991, 18 մայիսի 

անցյալից 1991թ Վազգեն Մանուկյան ելույթ Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Խախտումներ կատարող սուբյեկները կնախազգուշացվեն, չկատարելու դեպքում գործունեությունը կսահմանափակվի. Արցախի պետնախարար
ՀՀ պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հաշվետու լինեն և հրաժարական տան. Ժառանգություն
Հայ-իտալական երաժշտական ուղերձ՝ նվիրված հայ-իտալական բարեկամությանը (տեսանյութ)
Այս դաժան համաճարակը իր ազդեցությունն է թողել նաև գրքի վրա. Ժասմին Հայրապետյան
Կարող եք մեղադրել նաև պարոն Ծառուկյանին, որ ասում էր բարի մարդկանց չի կպնում, բայց այսօր չի գալիս նիստերի դահլիճ. Սիմոնյան
Հանրաքվեն չեղարկելը կեղծ օրակարգ է. օրական հարյուրավոր վարակակիրներ ունենք, ի՞նչ հանրաքվե. Մարուքյան
Նախորդ երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք
«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ
Հերթական ոլորտն է, որ ձախողվել է. չկա ոլորտ, որտեղ ձախողումներ չունենք. Մարուքյանը՝ քաղավիացիայի մասին
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում
Այն մահերի թիվը, որ ունենք, ակնհայտ է, որ առանց պատասխան տալու անհնար է էջը թերթել. Մարուքյան
Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումներ ունենալ մասնագետների հետ
Խորհրդարանը քննարկում է երեխայի ծննդյան վկայականում նաև ՀԾՀ-ն նշելու օրինագիծը
Արփա-Սեւան ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 117 միլիոն 892 հազար խորանարդ մետր ջուր
Արման Թաթոյանը կոչ է արել համաքաղաքացիներին միասին պայքարել համավարակի տարածման դեմ
Ընթացիկ տարվա 4 ամսվա ընթացքում շուրջ 12 հազար մարդ ազատվել է աշխատանքից
Աննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ
Հրատապ խորհրդակցություն հրավիրեք, կանչենք գործադիրին, հասկանանք՝ ով ինչ չի անում. Մելքումյանը՝ ԱԺ նախագահին
Այսօր իրավիճակն այնպես չէ, որ անցնենք կորոնավիրուսով վարակվածների խորը տեսակավորման. Զեյնալյան
Ժողովուրդը ոչ մի մեղավորություն չունի, ու մի փորձեք Ձեր սխալների ու բացթողումների մեղքը հավասարապես տարածել բոլորի վրա. Ղազինյան
Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա
Ախուրյան գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Երեկ Իջեւանում տաքսիստներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով հիվանդ չէ եւ քեֆ է անում Ենոքավանում
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին չեն հարցաքննվի փորձագրետները. դատարանը մերժեց Փոստանջյանի միջնորդությունը
Ավելին
Ավելին