f

Անկախ

Ամենայն հայոց զորավարի թանգարանում...


Այսօր լրանում է ամենայն հայոց զորավար Անդրանիկ Օզանյանի 155-ամյակը: Հենց այս առիթով էլ «Դեպի թանգարաններ» խորագրի շրջանակներում այցելել ենք Ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան և զրուցել տնօրեն Ժորժետա Առաքելյան-Բեգլարյանի հետ:  

-Տիկին Ժորժետա, փոքրիկ ակնարկ ձգենք թանգարանի անցած ճանապարհին:

-Թանգարանի նախապատրաստական աշխատանքները ձեռնարկելիս կասկած անգամ չունեինք, որ թանգարաններով հարուստ մեր քաղաքին հարկավոր է ևս մեկը, որ կներկայացնի հայ ազգային-ազատագրական պայքարի փառավոր էջերը, ամենայն հայոց զորավար Անդրանիկի, նրա մարտական համախոհների կյանքն ու գործը, ինչն այդ տարիների մշակութային և հոգևոր քաղցի պայմաններում պարզապես անհրաժեշտություն էր Հայաստանում: Պարույր Սևակն ասել է. «Իմ սերունդը Անդրանիկի մասին շատ քիչ բան գիտի, չասելու համար՝ համարյա բան չգիտի: Սրա համար կարելի է ամոթից գետինը մտնել, որովհետև Անդրանիկի մասին չիմանալը հավասար է հայ ժողովրդի նորագույն պատմությանը անգետ լինելուն: Բայց ամոթից գետինը պիտի մտնենք ոչ թե մենք, որ մի ամբողջ սերունդ ենք, այլ նրանք, որոնց վզին է ընկնում մեր այս անգիտության բացատրելի, բայց անքավելի մեղքը»:

Թանգարանը մեծ շուքով բացվեց 1995-ին, բայց հանգամանքների բերումով շատ կարճ գործեց: Բազմաթիվ դժվարություններից հետո մեզ հաջողվեց վերաբացվել 2006-ին: Թանգարանի ստեղծման նախաձեռնումն ու սեփական միջոցներով իրականացումը երջանկահիշատակ ամուսնունս էր՝ Իլյիչ Բեգլարյանինը (մասնագիտությամբ տնտեսագետ, գրող, հրապարակախոս): Նա դեռ մանկուց է անդրանիկապաշտ եղել: 14 տարեկանում Իլյիչի ձեռքն է ընկնում  «Հայաստան» թերթի մի համար: Իսկ թերթը, գիտենք, որ տպագրվում էր Թիֆլիսում՝ 1917-1918 թթ Հովհաննես Թումանյանի և Անդրանիկի նախաձեռնությամբ: Երկու մտերիմ բարեկամները մի մեծ նպատակ են ունեցել, որ 1915-ի Եղեռնից մազապուրծ եղած գաղթականները թերթի միջոցով գտնեն իրար: Թերթը կարդալուց հետո Իլյիչը հետագա տարիներին միշտ մտածել է Անդրանիկի և նրա գործունեության մասին՝ այդ ողջ ընթացքում  հավաքելով բազում նյութեր: 1993-ին մենք գնացինք Վառնա՝ լինելով այն տանը, որտեղ ապրել է  Անդրանիկը: Մասունքները մեզ հանձնեց զորավարի հորեղբոր թոռ Պերճ Օզանյանը, որը միշտ խնամքով պահպանել էր այդ տանը եղած բոլոր իրերը: Անգամ հենց մեր ներկայությամբ նա հողից հանեց Անդրանիկի թուրը, որն այժմ ցուցադրվում է թանգարանում: Այն ժամանակ արգելված էր Անդրանիկի անունը տալ: Դրա համար էլ նա թուրը պահել էր հողի մեջ, որ հանկարծ չգտնեն: Զորավարի այս պատմական թուրը մեզ համար շատ մեծ արժեք է ներկայացնում: Նա ունեցել է 6 թուր, որից երկուսը գտնվում են Պատմության թանգարանում, մեկը՝ մեզ մոտ, իսկ մյուսների ճակատագիրը հայտնի չէ:  

Վառնայի տան նկուղում պահպանվել էին աղյուսի կտորներ, որոնցով Անդրանիկն իր ձեռքով կառուցել էր այդ փոքրիկ միհարկանի տնակը: Մենք Հայաստան բերեցինք զորավարի հողագործական գործիքները: Ի դեպ, մեր այցելության ժամանակ այդ տանն ապրում էր Անդրանիկի երկրորդ կնոջ՝ Նվարդ Քյուրքչյանի դուստրը, որը ծնվել էր Անդրանիկի մահից հետո՝ Նվարդի երկրորդ ամուսնությունից: Հետագայում նա տունը վաճառել է Մոսկվայում ապրող երկու մեծահարուստ հայ եղբայրների, որոնք պատրաստվում են այն վերածել թանգարանի: Վառնայում տարիներ առաջ բացվել է նաև Զորավար Անդրանիկի հսկա հուշարձանը:  

Ընդհանրապես շատ մասունքներ մեզ են հասել նվիրատվությունների շնորհիվ, երբ աշխարհի տարբեր քաղաքներում ապրող զորավարի հարազատները, նրա հետ մարտնչած հայդուկների հետնորդները մեզ են հանձնել այս կամ այն արժեքավոր նյութերը:

-Բացի Զորավար Անդրանիկից՝ ֆիդայական շարժման ո՞ր գործիչների կյանքն ու գործունեությունն է ներկայացվում թանգարանում: Եվ արդյոք ի սկզբանե նախատեսվա՞ծ էր անդրադառնալ բոլոր ֆիդայիներին:  

-Անդրանիկն ամբողջ ֆիդայական շարժման գլուխգործոցն է: Եվ մենք չէինք կարող թանգարանում ներկայացնել միայն մեծ զորավարին, ուստի հավաքեցինք մասունքներ նաև  մեր բոլոր ֆիդայիներից՝ Աղբյուր Սերոբ, Սևքարեցի Սաքո, Դժոխք Հրայր, Արաբո, Մախլուտո և այլն: Եվ դրանցից յուրաքանչյուրը մի հետաքրքիր ճանապարհով է հայտնվել մեր թանգարանում: Օրինակ՝ Մախլուտոյի ճանապարհորդական սնդուկի հետքի վրա մենք ընկել ենք շատ պատահական՝ փողոցում հանդիպած մի թերթավաճառի օգնությամբ: Այդ սնդուկում տեղավորվել է 150 կգ զենք-զինամթերք, և ով չի կարողացել շալակել այն, չի ընդունվել ֆիդայական շարժման շարքերը: Կամ Սևքարեցի Սաքոյի հորեղբոր թոռ Յուրի Ծովանյանը, իմանալով մեր թանգարանի մասին, մեզ հանձնեց Սաքոյի տան եղած իրերը, անձնական գրասեղանը, ջահը և այլն: Սրբորեն պահում ենք նաև Աղբյուրի Սերոբի անվանական դաշույնը և ֆիդայիներին պատկանող մյուս բոլոր իրերը:  

-Մի փոքր մանրամասնենք՝ ի՞նչ ցուցանմուշներ են ներկայացվում թանգարանի սրահներում: Եվ ինչպիսի՞ միջոցառումներով եք հանդես գալիս մշտական ցուցադրությանը զուգահեռ:  

-Թանգարանն ունի երկու սրահ, որոնցում ցուցադրում ենք Անդրանիկի ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի, Մշո Առաքելոց վանքի մակետները, Վառնայի նրա տան իրերն ու այնտեղից բերված բացառիկ վավերագրերը, ընդհանրապես ամեն բան, որ ինչ-որ կերպ առնչվել են Անդրանիկին ու ֆիդայիներին: Օրինակ՝ հայ ֆիդայական շարժման գրեթե բոլոր նահատակների լուսանկարները, կենսագրական հազվագյուտ տվյալները, անձնական իրերը, Անդրանիկի կյանքն ու գործունեությունը պատկերող բացառիկ լուսանկարները և այլն: Բնականաբար, թանգարանի համար հատկապես թանկ են Անդրանիկին պատկանող անձնական իրերը: Երբ եղանք Վառնայի նրա տանը, ներսում դրված էր փոքրիկ ծղոտից սեղան իր աթոռներով, իսկ սեղանի վրա՝ Թումանյանի «Շունն ու կատուն» գրքի ամենաառաջին տպագրությունից մի օրինակ: Որպես Անդրանիկի սիրելի գործերից մեկը, այն անընդհատ դրված է եղել  սեղանի վրա: Այժմ այն ցուցադրում ենք մեր թանգարանում: Գեղեցիկ նմանությամբ ստացել ենք նաև թիֆլիսյան այն գրասենյակի անկյունը, որտեղ Թումանյանն ու Անդրանիկը «Հայաստան» թերթի տպագրության ընթացքում աշխատել են միասին: Մեզ մոտ են պահվում Օզանյաններին պատկանող վավերագրեր, Անդրանիկի շքանշաններն ու պարգևները,  անձնական օգտագործման իրերից՝ անձրևանոցը, սադաֆից թզբեհն ու ծխամորճը, մկրատը, հեռադիտակը, սափրվելու պարագաները և այլն:  

Թանգարանի արժեքավոր հարստություններից են նաև երկու հսկայածավալ ալբոմներ, որտեղ իրենց ստորագրությունն են թողել զորավարի աճյունը Երևանում վերաթաղելու արարողության միլիոնավոր մասնակիցները:  

Թանգարանը զարդարում են մեր ֆիդայիների մարմարե կիսանդրիները, որ մեծ սիրով մեզ է նվիրել  քանդակագործ Հովհաննես Մուրադյանը: Արձաններով հարուստ է նաև մեր ծառաշատ պուրակը, որտեղ  անց ենք կացնում ամառային բոլոր միջոցառումները: Բացօթյա նմանատիպ նախաձեռնությունները ոգևորում են նաև թանգարանի հարակից տարածքի բնակչությանը: Մենք բաց ենք բոլոր այն դպրոցների առջև, որոնք կազմակերպում են հայրենասիրական թեմաներով միջոցառումներ և ցանկանում են, որ դրանք անցկացվեն մեր թանգարանում: Թանգարանն առավել մարդաշատ է լինում, բնականաբար, Զորավար Անդրանիկի ծննդյան օրերին: Եվ այս տարի էլ բացառություն չէ, մանավանդ, որ տոնելու ենք զորավարի 155-ամյակը: Սկզբում մենք  Եռաբլուրում հարգանքի տուրք ենք մատուցելու զորավարին, ապա հավաքվելու ենք թանգարանում՝ դառնալով մասնակիցը մեծ միջոցառման: Այս առումով շատ ակտիվ է «Անդրանիկ Զորավար» ջոկատը:  

-Ի՞նչ մթնոլորտ է տիրում «Զորավար Անդրանիկ» թանգարանում:

-Մեր թանգարանում ֆիդայիների հոգիներն են սավառնում: Թանգարան ոտք դնող ոչ մի այցելու չի ցանկանում հեռանալ այստեղից: Մեր մշտական այցելուներն են պատմաբանները, արվեստագետները և ամենակարևորը՝ դպրոցականները: Թանգարանը մատաղ սերնդին հայրենասիրության ոգով կրթելու ու դաստիարակելու մշակութային օջախ է: Երբ մենք պատանիներին ծանոթացնում ենք  ազատագրական պայքարի հերոսական պատմությանը, միանգամից նրանց աչքերում ոգևորվածություն ենք նշմարում: Թանգարանի գիտական խորհրդի պատվավոր նախագահ Ֆադեյ Սարգսյանը ժամանակին ասել է. «Նորաստեղծ թանգարանը դարձել է Անդրանիկի կյանքն ու մեծ գործը ամբողջությամբ ներկայացնող գիտական հարուստ կենտրոն»: Հետաքրքիր է՝ մեր ժողովուրդը, որքան էլ ոչ ամբողջական պատկերացում ունենա Անդրանիկի գործի իրական մեծության մասին, միշտ մի տարօրինակ սեր ու հարգանք ունի նրա նկատմամբ: Զորավար Անդրանիկը համաժողովրդական հերոս է, որ ուժ ու ոգևորություն է փոխանցում նաև նորօրյա մարտիկներին: Ու թող անհամեստ չհնչի, բայց մենք վերակենդանացրինք մեծանուն զորավարին՝ թանգարանը դարձնելով ամբողջ հայության անդրանիկյան կենտրոն: Նա այն եզակի զորավարն է, որ մարտնչել է  թե´ Արևմտյան Հայաստանի, թե´ Արևելյան Հայաստանի համար: Ուստի ես չեմ խուսափում ամենայն հայոց զորավար բնորոշումից:  

-Անդրադառնանք նաև թանգարանի գիտխորհրդին ու դրա անդամներին:

-Երբ բացվում էր «Զորավար Անդրանիկ» թանգարանը, հայ մտավորականության սերուցքը կանգնած էր մեր կողքին թե´ ոգևորող խոսքերով, թե´ անձնական նվիրատվություններով: Թանգարանը հիմնադրման առաջին իսկ օրից ունեցել է իր աշխատանքը կարգավորող ու կազմակերպող գիտական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են գիտության ու արվեստի նշանավոր գործիչներ, որոնք մեր թանգարանն անվանում էին անդրանիկյան վերնատուն:  1995-ին գիտական խորհուրդը գլխավորում էր Ֆադեյ Սարգսյանը, իսկ անդամներն էին՝ Գուգեն Դալիբալթայանը, Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Գոհար Գասպարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Գնել Մանուկյանը, Տիգրան Լևոնյանը, Ավիկ Իսահակյանը, Արփեն Մովսիսյանը, Արամայիս Սահակյանը, Սվետլանա Խանումյանը, Գևորգ Ղարիբջանյանը և ես: Հետագայում, ցավոք, ունեցանք շատ կորուստներ, որի պատճառով էլ գիտխորհրդի կազմը պարբերաբար փոփոխվում է՝ համալրվելով նոր անուններով:

-Տիկին Ժորժետա, ո՞րն է 155-ամյա մեծանուն զորավարի պատգամը ներկա սերնդին:

-Այս հարցը չի կարող մեկ պատասխան ունենալ, քանի որ Անդրանիկի պատգամները շատ են: Ամենակարևորը թերևս հայրենասիրության մեծ դասն է, որ նա փոխանցել է գալիք բոլոր սերունդներին: Անդրանիկի թևավոր խոսքը՝ «որտեղ պայքար կա բռնության դեմ, այնտեղ է իմ սուրը», նաև այսօրվա համար է արդիական: Ու պատահական չէ, որ նա այն եզակի զորավարն է, որի մասին հարյուրավոր երգեր ու բանաստեղծություններ են գրվել ու գրվում: Եվ ես կցանկանայի խոսքս եզրափակել Իլյիչ Բեգլարյանի Անդրանիկին նվիրված «Հերոսի հոգին» բանստեղծության հետևյալ քառատողով.  

Անմահ հոգիդ սեգ սարերում,

Դու միշտ կապրես բյուր դարերում,  

Կա, կմնա ազգդ հայոց,

Դու էլ՝ ազգիդ սուրբ ու սրբոց:

 

     

Արփի խաչատրյան

Ժորժետա Առաքելյան-Բեգլարյան Անդրանիկ Օզանյանի 155-ամյակ «Դեպի թանգարաններ» խորագիր

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին