f

Անկախ

Հրատապ քայլեր, որոնք անհրաժեշտ են Հայաստանի հզորացման համար․ ներկայացնում է ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը


Արցախի վերաբերյալ կապիտուլյացիոն համաձայնագրից ի վեր զանազան հարթակներում կարևորվում է Հայաստանի շուտափույթ հզորացումը։ Հաշվի առնելով, որ 21-րդ դարում պետությունների հզորության գրավականների շարքում են զարգացած գիտությունը և գիտելիքահենք տնտեսությունը, «Անկախը» զրուցել է ֆիզ․ մաթ․  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր  Արթուր Իշխանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք հայաստանյան գիտությունն ունի բավարար պոտենցիալ մեր երկրի  զարգացումն ապահովելու համար և ինչ քայլեր են հարկավոր այդ ուղղությամբ։

-Պարոն Իշխանյան,  պատերազմի մեկնարկից  և հատկապես  կապիտուլյացիայի պայմանագրից ի վեր սոցիալական ցանցերում, մասնավոր քննարկումներում  շատ  է խոսվում, որ պետք է  շտապ  գիտությունը և ռազմարդյունաբերությունը զարգացնենք։ Ձեր կարծիքով  որքանո՞վ է իրատեսական  այս հավակնոտ ծրագրի իրագործումը՝ հաշվի առնելով նաև տարիներ շարունակ գիտության անտեսված լինելը և ոլորտում կուտակված խնդիրները։

-Մենք թևակոխել ենք 21-րդ դար, որը տեխնոլոգիաների, գիտության դար է։  Կամ մենք կկարողանանք համահունչ քայլել դարին կամ, ես կարծում եմ, որ անգամ մեր պետության գոյությունը վտանգված է։ Միակ տարբերակը, ըստ իս,  տեխնոլոգիական մոդեռնիզացիան է, որը, նախկինում էլ եմ ասել, պետք է ընդունվի որպես ազգային դոկտրին, այդ գաղափարով պետք է ներծծված լինեն  մեր գործունեության բոլոր ոլորտները։

Իսկ հնարավոր է, թե ոչ, բնականաբար ամեն ինչ կախված է իշխանության և  հասարակության վերաբերմունքից, այն ճիգերից, որ մենք կգործադրենք նման ծրագրի իրականացման նպատակով։

Ըստ իս՝ այս պահին անհրաժեշտ է  անհապաղ  մի շարք քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։  Օրինակ՝ ակնհայտաբար պետք է ուժեղացնել բնագիտական թևը։ Եթե առանձին   վերցնենք համալսարանների բնագիտական թևը, ես կառաջարկեի, որ այլ ֆակուլտետների այն ուսանողները, որոնք բնագիտական առարկաներից բարձր գնահատական ունեն, հնարավորություն ստանան հաջորդ կիսամյակից տեղափոխվել բնագիտական ֆակուլտետներ և ուսումը շարունակել պետպատվերով։ Սա այն քայլերից մեկն է, որ անհրաժեշտ է իրականացնել։

Կառաջարկեի նաև բնագիտական մասնագիտություններով  ուսանողներին հատկացնել  բարձր կրթաթոշակ, որպեսզի նրանք չմտածեն լրացուցիչ ապրուստի միջոց հայթայթելու ուղղությամբ և լիովին նվիրվեն ուսմանը։ Ես կառաջարկեի նաև, որ մեծացվի այդ ֆակուլտետների ուսումնական ծանրաբեռնվածությունը, ներգրավվի լրացուցիչ պրոֆեսորադասախոսական կազմ, որպեսզի ուսումնառությունը լինի  ավելի ընդգրկուն։

Այս ամենին  զուգահեռ  պետք է  նաև միջոցներ ուղղել այդ ֆակուլտետների նյութատեխնիկական բազայի, լաբորատորիաների հագեցման ուղղությամբ։ Ես կառաջարկեի, որ  լաբորատորիաների հագեցման համար ներգրավվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած գումարները։

Այսպիսի բազմաթիվ քայլեր  կան, որոնք պետք է անել։

Գիտության զարգացման համար ֆինանսավորման կտրուկ  ավելացում է պետք հենց առաջիկա տարվանից։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ ապահովելու  միջազգային ասպարեզում գործող հայազգի  գիտնականների վերադարձը Հայաստան։ Գիտահետազոտական ինստիտուտների նյութատեխնիկական բազան հարկավոր է շտապ համալրել, քանի որ երեսուն տարվա ընթացքում համարյա ոչինչ չի արվել այդ ուղղությամբ, սարքավորումները բարոյապես և ֆիզիկապես արդեն մաշված են։

Տասնյակ տարիներ առաջարկել եմ, որ «Հայաստան»  համահայկական հիմնադրամն  իր տարեկան հեռուստամարաթոնների  ժամանակ առանձին տողով դնի գիտական հաստատությունների վերազինման  խնդիր։ Եթե  ամեն տարի հավաքված գումարներից 1-2 մլն  ուղղվեր այս կամ այն ինստիտուտի վերազինմանը, պարզ է, որ 10 տարվա ընթացքում հնարավոր կլիներ լրջորեն վերազինել մեր այդ համակարգը։

Ակնհայտ է, որ անհրաժեշտ է  շտապ քայլեր ձեռնարկել երիտասարդներին գիտությունում ներգրավելու ուղղությամբ, անհրաժեշտ է ավելացնել ասպիրանտական տեղերը։ Այսօր այդ թիվը տարեկան 150-ի կարգի  է, ու նրանցից գիտության մեջ ի վերջո մնում է միայն մի քանի տոկոսը, մինչդեռ միայն մահացությունները գիտության ոլորտից տարեկան տանում են 200-250 հոգի։ Ուստի, տեղի է ունենում գիտաշխատողների թվի կրճատում և գիտական հանրության ծերացում։ Սա անթույլատրելի է, հետևաբար պետք է եռապատկել ասպիրանտների թիվը, կատարել մեծ թեքում դեպի բնագիտական ոլորտը։ Նախորդ շրջանում ասպիրանտների գերակշիռ մասը բաժին էր ընկնում հասարակական  գիտություններին։ Նրանք ևս կարևոր են, բայց պահպանելով  հասարակագետների եղած թիվը,  անհրաժեշտ է կտրուկ ավելացնել բնագետ ասպիրանտների թիվը և նրանց տալ արժանապատիվ կրթաթոշակ, որ նրանք  անմիջապես չսկսեն մտածել մասնավոր սեկտորում աշխատանքի մասին, այլ նվիրվեն իրենց ուսմանը։

Սա կարելի է անել  հունվարից սկսած՝ առաջիկա ամսվա ընթացքում  կազմակերպելով  նոր ընդունելություն։

Եթե հիմա մեր կառավարոությունը այս և բազմաթիվ այլ քայլերը չձեռնարկի, ապագայի մեր շանսերը շատ փոքր են․ երկարաժամկետ կտրվածքով  մեր գոյությունը խիստ վտանգված է։

Մեր բանակը, կարելի է ասել,  առաջին հերթին պարտվեց 5-րդ սերնդի պատերազմին հատուկ տարրերին՝ սկսած անօդաչու թռչող սարքերից մինչև հիբրիդային պատերազմի այլ բաղադրիչներ։ Մենք մեր  պատմության մեջ  ծանրագույն հարվածներից մեկը ստացանք։ Ցավոք սրտի,  սա ահազանգ է, որ ապագայում ավելի մեծ հարվածը բացառված չէ, որը  կարող է սրբել տանել մեզ ընդհանրապես։ Եթե մեր ազգը շտապ չիրականացնի մոդեռնիզացիոն ճգնաժամային քայլերի մեծ փաթեթ, ապա մենք վտանգված ենք։

-Եթե նախորդ 25-30 տարիներին գիտնականների հնչեցված ահազանգը տեղ հասներ և գիտությունը պատշաճ ֆինանսավորում և ուշադրություն ստանար, կարո՞ղ էր հիմա պատերազմի ելքն այլ լինել։

- Պատերազմի ելքը պայմանավորված է շատ գործոններով, քաղաքական ղեկավարությունը գործոններից մեկն է, ժողովրդագրական պատկերը մեկ այլ գործոն է։ Անշուշտ, որոշիչ  գործոններից մեկը գիտության և տեխնոլոգիաների զարգացվածությունն է,  բայց  միայն այդ գործոնով հնարավոր չէ։

-Մենք ունեինք «Լույս» հիմնադրամ,  որն աշխարհի առաջատար բուհերում հայ ուսանողների ուսումն էր ֆինանսավորում: Սակայն մեծամասամբ ուսանողներն ընտրում էին  հումանիտար մասնագիտությունները։ Ստացվում է, որ պետության ռազմավարական առաջնահերթությունները նման ծրագիր իրականացնելիս հաշվի չե՞ն առնվել։

-Ասեմ, որ ժամանակին ես կանգնած եմ եղել «Լույս»  հիմնադրամի այդ ծրագրի ակունքներում և նախնական հայեցակարգը,  քաղաքականությունը և մոտեցումները միանգամայն այլ էին։  Ցավոք,  այլափոխվեց ամեն ինչ և այո, 90 տոկոսով ընտրում էին  հումանիտար մասնագիտություններ։ Դա կարելի է համարել նաև ֆինանսաների ոչ արդյունավետ ծախսում այն առումով, որ սովորաբար հումանիտար կրթությունն ավելի թանկ արժի, քան բնագիտականը։

Քննադատական խոսքեր շատ կարող են լինել, բայց չեմ ուզում դրան անդրադառնալ։

Ավելի նախընտրելի է ապագային միտված քայլեր ձեռնարկել․ անհրաժեշտ է սկսել արտասահմանյան առաջատար գիտակրթական օջախներում բարձրակարգ մասնագետների պատրաստման նոր ծրագիր, այս անգամ՝ ճիշտ շեշտադրումներով և մոտեցումներով։

-Անգամ պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզում գիտության և կրթության մասին խոսք չկա, բայց խոսվում է Հայաստանը հզորացնելու մասին։ Ձեր կարծիքով՝ գոնե ներկայում իշխանությունների մոտ այդ գիտակցությունը կա՞, որ առանց գիտության և որակյալ կրթության չի կարող լինել հզոր երկիր։

-Չեմ կարող ասել՝ կա այդ պատկերացումը, թե ոչ, որովհետև խորապես ծանոթ չեմ, թե ինչպիսի դիրքորոշում ունեն։ Բայց դատելով այն հրապարակային ելույթներից, որոնցից մեկի օրինակը դուք բերեցիք, դատելով այն բանից, թե ինչպես էին ընթանում բյուջետային քննարկումները ազգային ժողովում, կարելի է միարժեքորեն  պնդել, որ այդպիսի գիտակցում, ցավոք սրտի, չկա։

-Պարոն Իշխանյան, իսկ  գիտական հանրության մոտ տրամադրություններն ինչպիսի՞ն են։

-Ինչպես և մեր ժողովրդի բոլոր հատվածների մոտ, դիտվում է ցավի, մորմոքի մեծ կուտակում։  Ցավոք սրտի,  գիտական հանրությունը մեծապես ծերացած է այսօր, միջին տարիքը 65 է, բնականաբար հասկանալի է, որ այդ մարդկանց ակտիվությունը զուտ կենսաբանորեն ընկած է։

Պատերազմի հետևանքով մեծ հարված կրեցինք,  Արցախն արնահոսում է բառացիորեն, ամեն օր նոր գյուղեր են դատարկվում, և Արցախի կենսունակությունը նվազում է։ Այս տարիների ընթացքում նույնը տեղի է ունեցել և գիտական հանրության հետ։ Բարոյական արժեզրկման և նվաստացման այդ  զգացողությունը գիտական հանրությունն  ունեցել է միշտ, որովհետև բոլոր այս տարիներին գիտնականների աշխատավարձը եղել է նվազագույնը երկրում։

Գիտական հանրությունն, անշուշտ, պատրաստ է իր ուժերը ներդնել երկրի զարգացման գործում։ Բայց այստեղ մեզ անհրաժեշտ են շատ կտրուկ քայլեր, անհնար է որևէ արդյունք ակնկալել այսպիսի թերֆինանսավորման պայմաններում։

Այս հարցը հիմա պետք է լիներ բոլորի շուրթերին։ Իշխանությունը, եթե իրոք մտածում  է ռազմավարական հեռանկարային մարտահրավերների մասին, այսօր  իսկ պետք է որոշում կայացներ  գիտական ոլորտի ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ,  տար  համապատասխան հանձնարարականները և  վաղն իսկ սկսեին գործել։ Բնականաբար, մենք ոչ մի նման բան չենք տեսնում։ Ցավոք  սրտի,  նույնիսկ քաղաքական այլ գործիչների ելույթներում,  առաջարկներում չենք տեսնում այդ գիտակցությունը։

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Հայաստանը նվաճելուց հետո արդեն 2300 և ավել տարիներ Հայաստանը միշտ գտնվել է առնվազն երկու  աշխարհակալ ուժերի բախման կետում։ Եվ այդ աշխարհակալ ուժերը միշտ Հայաստանում ունեցել են և ունենալու են ազդեցություն հասարակության մեջ, ներկա դրությամբ՝ լինելու են պայմանական արևմտամետներ և պայմանական ռուսամետներ, դա օբյեկտիվ է, դրանից չենք կարող ձերբազատվել։ Բայց իմաստությունը նրանում է, որ այդ հակադրությունները և այդ ազդեցությունները չվերածենք ներքին պառակտման։ Ամենավատ բանը, որ կարող է լինել, այն է, որ աշխարհակալ ուժերի շահերը պրոյեկտենք մեր ներսում որպես պառակտում, այն էլ անզիջում։ Այն, ինչ մենք տեսանք վերջին տարիներին, հենց դա էր՝ նախկին-ներկա, սևեր-սպիտակներ և այլն։ Իսկ պատմական փորձն ասում է, որ նման պառակտումները կարող են բերել ընդհանրապես պետականության  վերացման։  Իմաստությունն այն կլիներ, որ բոլորը թևերը քշտեին և զբաղվեին պետականաշինությամբ։ Իսկ ցանկացած մտածող մարդու համար հասկանալի է, որ գիտությունն այդտեղ կարևորագույն գործոն է։

 

Արթուր Իշխանյան գիտություն ԳԱԱ բնագիտական առարկաներ խմբագրի ընտրանի հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին