Այսօր՝ նոյեմբերի 24֊ին, Հայաստանի մշակույթի, սպորտի դարբնոց Գյումրի քաղաքում ծննդյան 23֊ամյակն է նշում հեռանկարային ապագա ունեցող երիտասարդ ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը։ Սամվելը 102 կգ քաշային կարգի 2019 թվականի Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն է։
Հարցազրույցում Սամվելը նշեց, որ ծննդյան տարեդարձերը սիրում է անցկացնել ընտանեկան համեստ միջավայրում։ Կյանքի ամենաբաղձալի երազանքն է դառնալ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։
Այսօր ցանկությունների և երազանքների մասին խոսելիս Սամվելը չի մոռանում նաև երկրի ու սահմանին կանգնած զինվորի մասին. «Շատ ընկերներ ունեմ, որ հիմա կանգնած են սահմանին, այսօր ամենից շատ ցանկանում եմ խաղաղություն մեր երկրին, խոնարհվում եմ բոլոր նահատակված հերոսների շիրիմների առաջ, սահմանին կանգնած մեր եղբայրներին էլ ցանկանում քաջառողջություն, խաղաղ ծառայություն, ու թող բոլորը շուտ վերադառնան, անփորձանք հասնեն իրենց ծնողներին»։
Սամվելի հետ զրուցեցինք նաև մարզումների մասին: Երիտասարդ մարզիկը նշեց, որ հիմա պարապում է, պատրաստվում է 2021 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, եթե իհարկե կայանան։ Սամվելի անձնական մարզիչը Հարություն Եղոյանն է, որը նաև մարզիկի մորեղբայրն է. «Կյանքում նա է իմ մոտիվացիան»,-նշեց Սամվելը։
Հարություն Եղոյանը Գյումրեցի լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քրոջ որդին է։ Սամվելն իր նշանակալի բոլոր նվաճումները նվիրել է Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակին և միշտ նշում է, որ իրեն ուժ է տալիս լեգենդար ծանրորդի՝ Յուրի Վարդանյանի գործը շարունակելու մեծ ցանկությունը։
Մեր այն հարցին՝ արդյոք Սամվելի սիրտը զբաղված է, մարզիկը համեստ ժպիտով պատասխանեց՝ դեռ ոչ։
Շնորհավորենք մեր չեմպիոնին, մաղթենք նորանոր նվաճումներ ու նպատակների իրականացում։
Պատրաստեց Հովհաննես Սարգսյանը