Նոյեմբերի 22-ին հանդես գալով հայտարարությամբ ղարաբաղյան խնդրի մասին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու վրա: Ըստ էության, նրա առաջադրած այդ սկզբունքն է դարձել անկյունաքարը տվյալ հակամարտությունում:
Մինչդեռ, ինչպես հետևում է ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերից, մասնավորապես 1970 թ. Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրից, պետությունների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը գործում է միայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման սկզբունքի հետ շաղկապվածությամբ: Միջազգային իրավունքի երրորդ (իսկ նշանակությամբ առաջին) առանցքային սկզբունքը, որ անմիջական առնչություն ունի ղարաբաղյան և մյուս նման հակամարտությունների հետ, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքն է: Թե ով ինչ սկզբունքներ է ոտնահարել Ղարաբաղում 2020 թ., կարծում եմ, միանգամայն հասկանալի է:
Ակամա ղարաբաղյան իրավիճակը համեմատում ես Ղրիմի իրավիճակի հետ: Ճիշտ այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես համարվում էր և համարվում է Ադրբեջանի մասը, մինչև 2014 թ. Ուկրաինայի «անքակտելի» մաս էր համարվում Ղրիմը: Այսուհանդերձ այսօր այն Ռուսաստանում է: Դա տեղի ունեցավ Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պատշաճ հարգման շնորհիվ, որ դրսևորեց Ռուսաստանը:
Երկրորդը, որ տվյալ դեպքում կարևոր է, այն է, որ այդ անցումը տեղի ունեցավ առանց պատերազմի, առանց ուժի կիրառման: Հակառակը, Ռուսաստանը խաղաղ պայմաններ ապահովեց Ղրիմի բնակիչների կամարտահայտման համար, կանխեց արյունահեղությունը:
Ռուսաստանը նախ ճանաչեց Ղրիմի անկախությունը, այնուհետև արձագանքեց նրա Ռուսաստան վերադառնալու խնդրանքին: Բայց դա շատ բան չփոխեց մյուս պետությունների մոտեցումներում: Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն այսօր շարունակում է ընդունել նույնիսկ դաշնակից Բելառուսը: Նույն կերպ, եթե Հայաստանը մինչ այս ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հազիվ թե ինչ-որ բան փոխեր արտաքին շահագրգիռ խաղացողների մոտեցումների տեսանկյունից: Այդ թվում և ՀԱՊԿ անդամ երկրների: Ինչպես և առանձնապես բան չի փոխում նրանց համար Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Այո, հիմա դա կրկին ռուսական հող է, բայց Ուկրաինայի կազմակերպած «հակահարձակողական օպերացիայի» դեպքում, ամենյան հավանականությամբ, Ռուսաստանը մենակ կմնա:
Մենք տեսնում ենք, որ Բաքվի օրինակն արդեն ոգևորել է ռազմական որոշման կողմնակիցներին և՛ Մոլդովայում Մերձդնեստրի նկատմամբ, և՛ Ուկրաինայում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի նկատմամբ: Այդ վնասակար խթանը հաճույքով ընդունեցին Քիշնևի և Կիևի հովանավորները ՆԱՏՕ-ում: Բաքվի առաջացրած պատերազմական մոլեգնությունը հենց այնպես չի ներծծվի: Ղարաբաղյան իրավիճակն իր վնասակար հետևանքը կունենա միջազգային հանրության մոտեցումներում նաև Ղրիմի հարցի առնչությամբ: Միջազգային գործերում հարգում են հետևողականությունը: Ուժից հետո, իհարկե:
Աղբյուրը՝ ИА REGNUM
.