Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, ինչպես նաեւ նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզի 6-րդ կետը վերաբերում է հենց վերը նշված հարցերին. «Ընդհանրապես մենք, բնականաբար, առաջիկայում պետք է այս ուղղությամբ շատ ինտենսիվ աշխատանք կատարենք: Պետք է հոգ տանել, որ մենք ընտանիքների անդամներին տեղեկացնենք, թե ինչ աշխատանքներ են կատարվում, եւ չպետք է այնպես լինի, որ քաղաքացիներն իրենք ստիպված լինեն գնալ, տարբեր գերատեսչությունների առաջ ակցիաներ անել, որպեսզի տեղեկանան՝ իրենց հարազատների հայտնաբերման կամ վերադարձի ուղղությամբ ինչ է արվում:
Երեկ Էջմիածնում մի այսպիսի դրվագային հանդիպում, շփում ունեցա եւ՛ գերեվարված զինվորականների, եւ՛ քաղաքացիական անձանց, եւ՛ անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ: Պայմանավորվեցինք, որպեսզի ինտենսիվ աշխատենք, ամբողջացնենք այն տեղեկատվությունը, որ մեր ձեռքին կա եւ այն անելիքները, որոնք մենք պատկերացնում ենք առաջիկայում: Մասնավորապես, գերեվարված անձանց փոխանակման հետ կապված կա քաղաքական պայմանավորվածություն, պետք է պարզաբանել, թե այդ պայմանավորվածությունն ինչպես, ինչ մեխանիզմով, ինչ ժամկետներում է իրագործվելու, անհետ կորածների հետ կապված պետք է հասկանանք մեխանիզմները»: Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջիկայում հանդիպումներ ունենալ անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ:
«Իհարկե, այս ընթացքում եղել են դեպքեր, բարեբախտաբար, երբ անհետ կորած համարվող անձինք ողջ-առողջ հայտնաբերվել են, իրենք իրենց գտնվելու վայրի մասին հայտնելու հնարավորություն չեն ունեցել եւ ուղղակի վերադարձել են: Պետք է հույս հայտնել, որ այսպիսի դեպքերն ավելի ու ավելի շատ կլինեն: Այժմ պատրաստվենք, որպեսզի հարազատներին կարողանանք ավելի կոնկրետ եւ ամբողջական տեղեկատվություն հաղորդել», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետին ներկայացվել են գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Քննարկվել են անհետ կորածների որոնողական աշխատանքների մեխանիզմները: Անդրադարձ է եղել տուժող ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության ուղղություններին:
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ձեւավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է վերոնշյալ խնդիրների արագ կարգավորմամբ:
Վարչապետն ընդգծել է, որ առաջնահերթ պետք է մշտական, անընդհատ հաղորդակցություն ապահովել գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց, անհետ կորածների ընտանիքների հետ եւ այդ նպատակով ձեւավորել շուրջօրյա գործող կենտրոն: «Ամենակարեւորը մարդկանց հետ ամենօրյա կոմունիկացիան է: Պետական կառույցները պետք է իրենք գնան, հանդիպեն եւ խոսեն ընտանիքների հետ, հասկանան կարիքները՝ բժշկական, հոգեբանական, սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով», - ասել է Ն. Փաշինյանը: