Առաջատար թերթի հեղինակները խմբագրական հոդվածում խոստովանում են՝ Ռուսաստանը փաստորեն միակ երկիրն էր, որ կարողացավ վերջ դնել առճակատմանը Լեռնային Ղարաբաղում, իսկ Միացյալ Նահանգները տոնելու բան չունի: Բայց տեղնուտեղն էլ արժեզրկում են ձեռք բերված համաձայնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի արյունահեղ հակամարտությանն ընդամենը դադար է տրվել»: Եվ կոչ են անում ԱՄՆ-ին «իսկական խաղաղարար» դառնալ տարածաշրջանում:
Հրադադարի համաձայնությունը, որ ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջնորդությամբ, լռեցրեց հրանոթները և գետնի վրա թողեց անօդաչուները: Դա լավ է: Սակայն խոր արմատներ ունեցող հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կապված դժվարամատչելի անկլավի հետ Հարավային Կովկասում, չլուծվեց, այլ ընդամենը թարմացավ՝ պայմանավորված ուժերի հավասարակշռության փոփոխությամբ: Փախուստի դիմող հայերի այրվող տները վկայում են, որ այն կրկին կբռնկվի: Եվ հիմնարար կրոնական ու մշակութային պատումներ ունեցող հակամարտությունների հրեշավոր տրամաբանության համաձայն՝ բռնության յուրաքանչյուր բռնկում ավելացնում է մահացու անարգանքի ևս մի շերտ և ավելի է հեռացնում ամուր խաղաղության հաստատման հեռանկարները:
Ինչպես և մյուս «սառեցված հակամարտությունները»՝ Մերձդնեստրը, Ղրիմը, Աբխազիան, Հարավային Օսիան, Դոնբասը, որոնք առաջացել են խորհրդային կայսրության փլուզումից հետո, Լեռնային Ղարաբաղը խորհրդային քաղաքականության ժառանգությունն է, որի իրականացման ընթացքում տարածքները բաշխվում էին ըստ քաղաքականության և կենտրոնական հսկողության հրամայականների, բայց ոչ տեղի բնակչության ինքնությունը հաշվի առնելով: Հայկական էթնիկ անկլավ Լեռնային Ղարաբաղը վերջին հաշվով հայտնվեց Ադրբեջանում և մնում էր որպես միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի մաս, մինչդեռ ադրբեջանական Նախիջևան անկլավն էլ մնացել էր Հայաստանից արևմուտք:
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ազգային հողի վրա բորբոքվել էր դեռ մինչև Խորհրդային Միության լիակատար փլուզումը: 1994 թ.՝ պատերազմական գործողությունների դադարեցման ժամանակ 20 հազար սպանված կար, իսկ հայերը հսկողություն հաստատեցին բուն Լեռնային Ղարաբաղում և նրան հարող ընդարձակ գոտում: Եվ այդ շրջանները լիովին մաքրվեցին էթնիկ ադրբեջանցիներից: Հայերը հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, սակայն ոչ ոք չճանաչեց այն, չճանաչեց նույնիսկ Հայաստանը, իսկ հայուրհազարավոր ադրբեջանցի փախստականներն ազգային խայտառակության ու նվաստացման մխացող խորհրդանիշ դարձան Ադրբեջանում:
Հետագա քառորդ դարի ընթացքում Ադրբեջանը հարստացավ՝ շահույթներ ստանալով նավթի վաճառքից և հզորացրեց իր բանակը, սական կորսված հողերը մնում էին որպես բաց վերք: Ի վերջո սեպտեմբերի 27-ին Բաքուն շատ ավելի ագրեսիվ Թուրքիայի աջակցությամբ (նրա բնակչության մեծ մասը պատկանում է նույն թուրքական էթնիկ խմբին, ինչ ադրբեջանցիները), ի թիվս այլ զինատեսակների զինված նաև իսրայելական դրոններով, հսրձակում սկսեց:
Մի քանի շաբաթ անց Հայաստանը, հայտնվելով լիակատար պարտության սպառնալիքի տակ, համաձայնեց հրադադարի վերաբերյալ Ռուսատանի առաջարկած պայմաններին, ըստ որոնց՝ ստիպված էր հրաժարվել այն տարածքների մեծ մասից, որոնք գրավել էր 1990-ականներին, սակայն պահպանեց բուն Լեռնային Ղարաբաղը: Ըստ այդ համաձայնության պայմանների՝ ռուսական խաղաղապահները հսկելու են հայ և ադրբեջանցի բնակչություններին կապող և միմանց տարածքներից սկիզբ առնող միջանցքները, ինչպես նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային երթուղիները:
Շուտով, ինչպես պատմել են «Նյու Յորք թայմսի» էջերում Կառլոտա Գալլը և Անտոն Տրոյանովսկին, հայերը սկսեցին լքել իրենց բնակության վայրերը, նրանք այրում էին իրենց տները և տանում այն, ինչ կարող էին վերցնել իրենց հետ: Ադրբեջանում բուռն տոնակատարություններ սկսվեցին: Հայաստանում, որի բնակչությանը մինչև վերջին պահն ասում էին, որ մոտ են հաղթանակին, ցասումից խենթացած մարդիկ ներխուժեցին խորհրդարանի շենք և պահանջեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիմա սկսվել է նվաստացման ու ամոթի պատումը, և այն շատ ավելի դառն է՝ շաղախված 1914-1923 թթ. ընթացքում թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության հիշողություններով:
Վլադիմիր Պուտինի նկատմամբ Արևմուտքի ներկայիս թշնամական վերաբերմունքի պարագայում գայթակղություն կա Ռուսաստանի գործողությունները ներկայացնելու այնպես, որ իբրև թե իր կայսերական իշխանությունը կորցրած կառավարիչը փորձում է վերականգնել հսկողությունն իր նախկին կալվածքների վրա, ինչպես դա տեղի ունեցավ Ուկրաինայի արևելքում կամ Վրաստանի հյուսիսում: Սակայն պարզվեց՝ իրականում Ռուսաստանն այն միակ երկիրն էր, որ կարողացավ վերջ դնել այն գործընթացին, որը սպառնում էր տարածաշրջանային հակամարտությամբ:
Առճակատման նախորդ ռաունդի ավարտին Միացյալ Նահանգները և Ֆրանսիան (մեծաթիվ և ազդեցիկ հայկական բնակչությամբ երկրները) միավորվեցին Ռուսաստանի հետ Մինսկի խմբի շրջանակներում, որի առջև երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու խնդիր էր դրված: Նրանք չկարողացան նման լուծում գտնել, իսկ երբ բորբոքվեց ներկայիս առճակատումը, Միացյալ Նահանգները զբաղված էր նախագահական ընտրություններով, իսկ Ֆրանսիան, առանց Ամերիկայի, այնքան ազդեցություն չունեցավ, որպեսզի հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերեր:
Ի տարբերություն, Ռուսաստանը զինված հակամարտությունը դադարեցնելու լուրջ պատճառներ ուներ: Նա զենք է մատակարարում երկու երկրներին էլ, նաև կապված է Հայաստանի հետ դաշնակցի հարաբերություններով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հարձակման ընթացքում նրան աջակցում էր (ներառյալ նյութապես) Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ պարոն Պուտինը շահագրգռված չէր Սիրիայից հետո հայտնվելու Թուրքիայի հետ ևս մի բախման մեջ: Այն գործարքը, որի կնքմանը հաջողվեց հասնել Ռուսաստանին, իր լայն չափանիշներով միակ հնարավորն էր, և այն իսկապես ընդունել է Ադրբեջանի հաղթանակը, միաժամանակ թույլ չի տվել ամբողջությամբ գրավել Լեռնային Ղարաբաղը, իսկ ռուսական զինվորները չեն ներքաշվել այդ կոնֆլիկտում:
Թեպետ Ռուսաստանը մարեց կրակը և ցույց տվեց իր ազդեցությունը նախկին հողերի վրա, չկարողացավ հասնել անվերապահ հաղթանակի: Մոսկվան այժմ պարտավորություն է ստանձնել հինգ տարի գրեթե 2000 խաղաղապահ պահել այդ անհանգիստ տարածքում, որ Ռուսաստանը անվանում է «մերձավոր արտերկիր», բացի այդ, նա գործ է ունենալու Թուրքիայի հետ, որն ավելի շատ է պատրաստ ցույց տալու իր ազդեցությունը, հատկապես ի դեմս իր թուրքական (և նավթով հարուստ) ադրբեջանցի եղբայրների:
Միացյալ Նահանգներն այստեղ տոնելու բան չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես նաև ադրբեջանական նավթի, հակամարտության գոտու կողքով անցնող խողովակների, Իրանի հարևանության, Ամերիկայում հայկական մեծ սփյուռքի, այդ կոնֆլիկտում իսրայելական դրոնների օգտագործման և Ռուսաստանի ազդեցությանը նրա սահմաններից դուրս հակակշիռ ստեղծելու կարևորությունը, այս ամենը հաշվի առնելով՝ Միացյալ Նահանգներն իր եվրոպական դաշնակիցների հետ պետք է խաղաղարար ջանքերի առաջնագծում լիներ: Պետքարտուղար Մայք Պոմպեոն, իրոք Վաշինգտոն կանչեց երկու կողմերի ներկայացուցիչներին, սակայն աշխարհում Թրամփի վարչակարգի ազդեցության կորստյան ցուցանիշ դարձավ այն հանգամանքը, որ հայտարարված հրադադարը արագ խախտվեց:
Ռազմական գործողությունները դադարեցված են: Սակայն աշխարհագրական նոր դասավորությունն այդ տարածաշրջանում խաղաղության պայմանավորվածություններն առավել անհրաժեշտ են դարձնում, իսկ ամերիկյան մասնակցությունը՝ շատ ավելի կարևոր: Սա այն տարածաշրջանը չէ, որ Միացյալ Նահանգները կարող է անուշադրության մատնել, որպեսզի այնտեղ պարոն Պուտինը և պարոն Էրդողանը մեքենայություններ անեն: Մինսկի խումբը դեռևս Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մանդատն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման համար: Այս անգամ խելամիտ կլինի չսպասել բռնության հաջորդ ռաունդին:
Աղբյուրը՝ A Quick End to a Dangerous War