Երեկ ներկայացրինք ամերիկյան գեներալի կարծիքը Արցախյան պատերազմի մասին (տես՛ Բլիցկրիգի մարտավարությունը. Բաքուն Ղարաբաղում թաղվեց արյունահեղ սպանդի մեջ): Այսօր ներկայացնում ենք մեջբերումներ Dialogorg.ru-ի հետ Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (РАРАН) տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ Կոնստանիտին Սիվկովի հարցազրույցից: Ռուս և ամերիկացի փորձագետների կարծիքները, փաստորեն, հիմնականում համընկնում են:
Սիվկովը համոզված է, որ պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտվել է մարտական ոչ-ոքիով: Նրա կարծիքով՝ Բաքուն սոսկ մասնակիորեն հասավ իր սկզբնական նպատակներին: Ադրբեջանի զինված ուժերը կարողացան հսկողության տակ առնել միայն 5 շրջան (որոնք առանց այդ էլ նախատեսված էին հանձնել ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքների) և գրավել չճանաչված ԼՂՀ-ի մի մասը:
«Հայաստանին և ԼՂՀ-ին հաջողվեց պահպանել ինքնիշխանությունը և (Լեռնային Ղարաբաղի) տարածքի հիմնական մասը: Այսինքն՝ (Ադրբեջանը) նպատակին հասել է մասնակիորեն: Դա իսկ և իսկ մարտական ոչ-ոքի է: Հետևաբար խոսակցություններն այն մասին, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել, չի կարելի ճիշտ համարել»,- նշել է Սիվկովը:
Ըստ նրա, եթե հաշվի առնենք ադրբեջանական բանակի բազմակի գերազանցությունը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի առումով, ինչպես նաև Թուրքիայի ակնառու աջակցությունը, հնարավոր չէ չհիանալ հայկական զորքերի տոկունությամբ ու քաջությամբ:
Փորձագետն արձանագրում է նաև, որ այս զինված հակամարտությունում երկու կողմն էլ ահռելի կորուստներ են կրել՝ թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի: Եվ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առ այսօր չի հայտարարել իր բանակի կորուստների թվերը: Նա չի կարող դա անել, քանի որ դրանից հետո չի կարող ասել, որ Ադրբեջանը հասել է լիակատար հաղթանակի:
Ըստ Սիվկովի՝ Ալիևի համաձայնությունը, որ Լեռնային Ղարաբաղ միայն ռուսական խաղաղապահներ մտնեն, այն դեպքում, երբ մինչ այդ Բաքուն և Անկարան միասին պնդում էին, որ այդ առաքելությանը միանան նաև թուրքական զինծառայողներ, ցույց է տալիս, որ «ադրբեջանական բանակն արդեն չէր կարող կռիվը շարունակել»:
Փորձագետը մատնանշել է, որ Հայաստանի զինված ուժերի և Ղարաբաղի պաշտպանության բանակի ընդհանուր ներուժը մոտ 5 անգամ զիջում էր Ադրբեջանի ընդհանուր ներուժին:
Ադրբեջանական զորքերը ռազմական գործողությունները սկսեցին երկու ուղղությամբ Ղարաբաղում՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան: Բայց ունենալով նման գերազանցություն՝ առաջին շաբաթվա ընթացքում նրանք կարողացան ընդամենը մի քանի կիլոմետր առաջ գնալ:
«Դեմ առնելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծի լեռներին՝ նրանք հասկացան, որ այլևս չեն կարող հարձակվել: Ուստի մի շաբաթ անց իրենց ուժերը վերախմբավորեցին՝ կենտրոնանալով միայն հարավարևելյան ուղղությամբ: Այստեղ նրանք 10-12 անգամ գերազանցող ուժեր կուտակեցին: Պատկերացրեք և համեմատեք այս թվերը. ունենալով նման գերազանցություն՝ 30-40 կմ տարածությունը նրանք անցան մի ամսվա ընթացքում»,- ընդգծել է Սիվկովը՝ հավելելով, որ նույնիսկ ճեղքելով պաշտպանության բոլոր գծերը՝ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակում էին բախվել հայերի կատաղի դիմադրությանը:
Խոսելով սպառազինության մասին՝ փորձագետը նշում է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ուներ և հրետանի՝ հրաձգության 50-90 կմ հեռահարությամբ: Հայկական կողմի հրետանու առավելագույն հեռահարությունը 15-20 կմ էր:
«Ադրբեջանցիները մոտ 50-70 անօդաչու թռչող սարքեր ունեին, որոնք գնել էին արտասահմանից: Դրանք ցույց էին տալիս հրետանուն հրաձգության ճշգրիտ թիրախները: Հայերը նման անօդաչուներ չունեին: Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք հնարավորություն էին տալիս միայն ցածր ճշգրտությամբ որոշելու (հակառակորդի) մարտկոցը կրակոցից հետո: Ադրբեջանցիները կարողանում էին խոր կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարողանում պատասխանել: Նրանք կարող էին հարվածներ հասցնել միայն իրենց հրետանու հեռահարության սահմաններում, այն էլ ստիպված էին կիրառել հետախուզության արվեստը, որպեսզի ցույց տային հրետանուն, թե որ կողմը կրակել: Եթե առաջին օրերը ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են գործում անօդաչուները, ինչպես են ոչնչացնում թիրախները, լուսանկարում կործանված տանկերը, ապա հետագայում այդ ամենը դադարեց, որովհետև այդ անօդաչուներից ոչինչ չմնաց. 60-ից 46-ը ոչնչացված էր: Եթե ադրբեջանցիները անօդաչուների դեմ պայքարի բավարար քանակությամբ ՀՕՊ միջոցներ ունեին, ապա Լեռնային Ղարաբաղը պաշտպանության ամբողջ երկարությամբ ընդամենը վեց «Շիլկա» տիպի ավտոմատ ինքնագնաց թնդանոցներ ուներ: Գումարած, իմ ենթադրությամբ, ևս տասը: Եվ ահա այդ սարքավորումները՝ հրաձգության 2-2,5 կմ հեռահարությամբ, ոչնչացրել են ադրբեջանական անօդաչուների երեք քառորդը: Դրանից հետո դրոնների գործողությունները դադարեցվեցին»,- բացատրում է ռազմական փորձագետը:
Նա մի հանգամանք էլ է նշում: Ադրբեջանի զինված ուժերը 100 ժամանակակից Т-90 տանկեր ունեին, իսկ հայկական կողմը՝ միայն մեկ հատ: Հայերի մնացած տանկերը առաջին մոդիֆիկացիայի Т-72 էին, որոնք Т-90-ների դեմ կարող են կռվել միայն շատ բարենպաստ պայմաններում: Ընդհանուր հաշվով հայկական կողմը մոտ 200 տանկ ուներ, ադրբեջանական կողմը՝ 444:
«Կարող եմ միայն մի բան ասել. ղարաբաղյան զորքերի հրամանատարական կազմի թե՛ օպերատիվ արվեստը, թե՛ տակտիկական ուսումնավարժությունը գերագույն է: Գերագույն խիզախություն: Այն պայմաններում, որ կռվել են հայերը, ընդ որում ադրբեջանցիների ուժերի և միջոցների հրեշավոր գերակշռության պարագայում, զանգվածային հերոսության հրաշքներ են ցույց տվել: Ես այլ բան չեմ կարող ասել»,- խոստովանում է ռազմական փորձագետը:
Նա հիշեցնում է, որ Թուրքական զինվորականները սիրիական զինյալներ էին ուղարկել, որպեսզի նրանք հավասար դիմադրություն ցույց տային ղարաբաղյան մարտիկներին: Այդ զինյալները նշանակալի մարտական փորձ ունեին, ինչպես նաև իսլամի ֆանատիկ հավատ: Առաջին օրերին մարտի դաշտ է նետվել մոտ 300-400 մարդ, որոնցից 50-ը զոհվել են առաջին իսկ օրը: Ըստ նրա՝ դրանք ահռելի կորուստներ են, և դա արել են հայկական բանակի զինվորները:
«Ադրբեջանը բախվեց օրեցօր աճող դիմադրությանը: Շուշիում ադրբեջանցիների ներխուժումից քաղաքի արվարձաններ մինչև լիակատար գրավումը անցել է երեք օր: Հայաստանն իր ունեցած ուժերով արել է անհնարինը: Հայերը ադրբեջանական գրոհը հետ են մղել տարածքների և մարդկանց նվազագույն կորուստներով: Ֆենոմենալ իրողություն, որը, կարծում եմ, դեռ հիմնավորապես կուսումնասիրի ռազմական գիտությունը»,- ամփոփել է փորձագետը: