Կառավարության տարբեր անդամներին փոխելով մեր այսօրվա խնդիրները չեն լուծվի։ Այդ մասին նոյեմբերի 20-ին 168.am-ին տված հարցազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր ոչ թե մարդիկ պետք է փոխվեն, այլ ծրաիրը պետք է փոխվի, մեր հիմնական անվտանգության երաշխավորի, բարեկամական երկրի համաձայնությունը…»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։
Նրա խոսքով՝ այսօրվա իրավիճակում քիչ բանիմաց մարդիկ կհամաձայնենն վերցնել իրենց վրա նման պարտականություն, իսկ նշանակվող անձինք չեն կարող պարզապես «ճարտար խոսողներ» լինել։ «2,5 տարի երկիրը ղեկավարվել է ստերով ու ֆեյքերով»,- ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով իր դեմ հարուցված մեղադրանքներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ 4 ամիս շարունակ 110 քննիչներ իր մոտ 2000 կուսակցական ակտիվիստների, տարածքային գրասենյակների ղեկավարների են հարցաքննել, սակայն իր դեմ որեւէ ցուցմունք չկա։ Գագիկ Ծառուկյանը վստահ է, որ իր դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը սկսվել է հունիսի 5-ի իր հայտարարությունից հետո։