Անկախ-ի զրուցակիցն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
-Տիկին Ալավերդյան, նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո արդյո՞ք ճիշտ է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակի ղեկավարել, առավել ևս շարունակի բանակցությունները հակամարտության կարգավորման ուղղությամբ։
-Եթե վերցնենք միջազգային պրակտիկան կամ միջազգային հարաբերությունների տեսությունը, ապա նման արդյունքների դեպքում անհապաղ պետք է հրաժարական տան երկրի ղեկավարը, կառավարությունը, խորհրդարանը։
Ցավոք, ի սկզբանե մեր երկրի քաղաքական ղեկավարությունը միտված է եղել և այս երկուսուկես տարիներին երկիրը տարել է այս աղետին։ Մինչդեռ իշխանությունը մեզ համոզում է, որ սա լավագույն արդյունքն է։ Ա՛յ սա է ամենացավալին։ Այնինչ ես կասկած չունեմ, որ 2018 թվականի ապրիլից սկսված այս ծրագրի իրականացման համար էր եկել թե՛ վարչապետ դարձած անձը և թե՛ իր խայտաբղետ թիմը։ Այն, ինչ արվել է այս իշխանության կողմից, մնալու է մեր պատմության մեջ որպես առանձնահատուկ ամոթալի և խայտառակ էջ։
-Փաշինյանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ, այլ նաև ներկայացրեց ճանապարհային քարտեզ՝ ըստ էության 6 ամիս ժամանակ խնդրելով ժողովրդից։ Նա նաև հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։ Արդյո՞ք ընդունում եք Փաշինյանի ճանապարհային քարտեզը և երկրորդ՝ պատասխանատվությունը ի՞նչ է ենթադրում՝ ըստ Ձեզ։
-Ես դեռևս սեպտեմբերի կեսերին եմ շատ պարզ հայտարարել, որ իմ անվստահությունն եմ հայտնում թե՛ վարչապետին, թե՛ ամբողջ կառավարությանը։ Ես մնում եմ նույն կարծիքին․ կեղծիքներով, կեղծավորությամբ, լիրիկական զեղումներով շաղախված նրանց որևէ խոսքի չեմ հավատում և անվստահություն եմ հայտնում։ Գտնում, որ օր առաջ Նիկոլ Փաշինյանը պետք է ընդունի ոչ միայն ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը, այլև մեղավորությունը։ Սակայն նա չի տալու հրաժարական, նա ուղղակի ժամանակ է կորզում ժողովրդից։
Ինչո՞ւ չենք կարողանում նրա հրաժարականն իրականացնել։ Ա՛յ հիմա թող այս Սահմանադրությունը գրողները մտածեն։ Այսօր հանրապետականները բարոյական իրավունք ունե՞ն պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց օրոք է ամբողջ այս Սահմանադրությունն այնպես կազմվել, որ դա հնարավոր չլինի։ Իսկ հանրային ճնշման ներքո նույնպես Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու։ Այն որակները, որն ունի Նիկոլ Փաշինյանը և որոնցով եկել է իշխանության, ինձ հստակ հուշում են, որ նա նույնիսկ հարյուր հազարավոր ցուցարարների ճնշման ներքո հրաժարական չի տա։ Այսինքն, այն նույն մեթոդով՝ ինքնահռչակմամբ, որով Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, այդ նույն մեթոդով նա չի հեռանա։ Հանրությունը պետք է գտնի ինչ-ինչ ձևեր, որ խորհրդարանի իշխող ուժը ստիպված լինի քվեարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օգտին։
-Բացի խորհրդարանական ճանապարհից, ի՞նչ այլ տարբերակ եք տեսնում Նիկոլ Փաշինյանին վարչապետությունից հեռացնելու։
-Կա նաև հստակ իրավական ճանապարհ, և ես կարծում եմ դրա համար կան լուրջ հիմքեր։ Ես, օրինակ, դատախազություն հաղորդում եմ պատրաստվում ներկայացնել հանցագործության մասին ամենաակնհայտ և ամենաթեթև գործով։ Ուզում սկզբից դիմել այդ թեթև գործով, որպեսզի տեսնեմ՝ արդյո՞ք մենք ունենք դատախազություն, թե՞ ունենք միայն վարչապետին ենթակա մարմին։ Իմ դիմումը վերաբերում է մայրաքաղաքի կենտրոնում ցուցադրված այն հոլովակին, որտեղ բացահայտ բռնության կոչեր էին։ Իսկ դրա համար նույնպես պատասխանատվություն է կրում կառավարության ղեկավարը։ Սա ամենապարզ ու ամենաակնհայտ օրինակն է։ Սակայն պատերազմի ընթացքի հետ կապված կան բավականին լուրջ հարցեր, որոնք պետք է ստանան քրեաիրավական հետևանք։ Օրինակ՝ մի քանի ժամվա մեջ Հադրութից Շուշի ադրբեջանական զորքի հայտնվելը։ Ո՞վ է բացել այդ կանաչ լույսը թշնամու առաջ։ Կամ Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթղթի ստորագրումը, որն իրականացվել է ակնհայտ խախտումներով, այն է՝ չի ներկայացվել Սահմանադրական դատարան և խորհրդարան։ Եվ ես զարմանում եմ, որ Ռուսաստանը դրել է իր ստորագրությունը մի փաստաթղթի տակ, որտեղ կա հայկական կողմի ոչ լեգիտիմ ստորագրությունը։ Երբ ասվում է, թե իբր կար ժամանակային առումով խիստ սահմանափակում, ապա դա ունի մեկ բացատրություն՝ Շուշին նվեր տալ Իլհամ Ալիևին ադրբեջանական դրոշի օրվա կապակցությամբ։
Ես ուղղակի Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում ժամ առաջ ընդունել իր ամբողջ մեղավորությունը և ենթարկվել պատասխանատվության օրենքի առաջ։ Դա է լավագույն ելքը թե՛ իր, թե՛ բոլորիս ապագայի համար։
-Տիկին Ալավերդյան, գեներալ-գնդապետ, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը երեկ բավականին ուշագրավ հայտարարություններ արեց։ Արդյո՞ք այդ ամենը քրեական գործեր հարուցելու հիմք կարող են դառնալ՝ մեղադրանքներ ներկայացվելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը։
-Նման իրավիճակներում ռազմական գործիչների հարցազրույցներն ունեն առանձնահատուկ բարձ գին և դերակատարություն։ Այն, ինչ ասաց Մովսես Հակոբյանը, պետք է անմիջապես դառնար համապատասխան մարմինների կողմից հետաքննության նյութ։ Դա նաև իշխանության շահերից է բխում։ Բայց փոխանակ համապատասխան մարմիններն անդրադառնան նրա կողմից բարձրացված հարցերին, հայտարարում են, թե նա իրավունք չուներ նման տեղեկություններ հայտնել։ Ես կարծում եմ, որ Մովսես Հակոբյանի հայտնած տեղեկությունների հիման վրա պետք է որոշակի քրեական գործեր հարուցվեն և որոշակի մարդիկ պատասխանատվության ենթարկվեն։
-Եթե երկարաձգվի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը, ինչի՞ կարող է այն հանգեցնել։
-Այն, ինչի հանգեցրել է նախորդ երկուսուկես տարում՝ պետական հաստատությունների կազմալուծում, քաոսի ստեղծում։ Դեռևս 2018 թվականին եմ ասել, որ այն բոլոր մանիպուլյատիվ տեխնոլոգիաները, որոք օգտագործվում են և մեծ ազդեցություն են թողնում մեր հասարակության միամիտ ու դյուրահավատ հատվածի վրա, ունեն հստակ միջանկյալ նպատակ՝ քաոս ստեղծել պետության մեջ։ Այն, որ այս իշխանությունը հենց սկզբից սկսեց հասարակությանը պառակտող իր գործունեությունը, հենց սկզբից գեներալիտետի նկատմամբ սկսեց նսեմացնող վերաբերմունք, այդ ամենը այս մեծ շղթայի մի մասն է և պատահական չէ։ Այսքանից հետո ես ցավակցում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր դեռևս մնում են այս ամենի ազդեցության տակ և դառնում են այս ամենին մեղսակից։ Դեռևս կան մարդիկ, որ ասում են, թե այս ամենը նախորդների մեղքով է և այլն։ Շատ ներողություն, իսկ Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր ուր է գալիս։ Նա գալիս էր Սերժ Սարգսյանի թողած ժառանգությո՞ւնն իրականացնելու։
Կրկնում եմ՝ երկրում քաոսի հաստատման վտանգ կա։ Եվ այսօր բոլոր նախաձեռնությունները՝ լինի 17 կուսակցություն, լինի «Վերնատուն», թե այլ խմբերի ու անհատների նախաձեռնություններ, պետք է բոլորը միավորվեն և թույլ չտան, որ այդ քաոսը հաստատվի։
-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ երբ Ազատության հրապարակում էին հավաքվել հազարավոր քաղաքացիներ և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, միաժամանակ կառավարության շենքի մոտ հավաքվեցին Նիկոլ Փաշինյանի մի խումբ աջակիցներ, և վարչապետը դուրս եկավ նրանց հետ խոսելու։
-Եթե նույնիսկ մտածենք, թե Նիկոլ Փաշինյանի աջակիցների հավաքը ազատ կամքի արտահայտություն էր, այստեղ կա այն երևույթը, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է առաջին օրվանից՝ ընտրովի ժողովուրդ, ընտրովի դատարան, ընտրովի քայլեր։ Այսինքն, ինքն է որոշում՝ ով է ժողովուրդը, իսկ ով ժողովուրդ չէ, ով է դատավոր, իսկ ով է վնգստացող, այսինքն, սա ընտրովի մոտեցում է, որը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական և ո՛չ էլ բարոյական հիմնավորում չունի։
Այստեղ իրականացվում է այլազգային քաղաքականություն։ Ես միշտ ասել եմ, որ ապազգային գոյություն չունի, գոյություն ունի՝ այլազգային։ Եթե դու չես պաշտպանում քո ազգային շահերը, ուրեմն դու նպաստում ես կամ սպասարկում ես այլ ազգի կամ ազգերի շահերի իրականացմանը։ Այստեղ է, որ ես հստակ տեսնում եմ այդ դավաճանության տարրերը։ Եվ բոլոր նրանք, ովքեր այսօր համամիտ են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ, ապա նրանք մասնակցում են կոլեկտիվ դավաճանական գործունեության։
-Տիկին Ալավերդյան, այսօր շատերն են հիասթափված և գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց նաև չեն տեսնում այն անձին, որը կարող է փոխարինել նրան և իր վրա վերցնել այն ծանր բեռն ու հետևանքները, որ թողել է նա։
-Դրա օրինակները միջազգային պրակտիկան և պատմությունը տալիս են։ Դա լինում է ժամանակավոր կոլեգիալ մարմին, և մենք ունենք այսօր մի քանի կենտրոններ, որոնց շուրջ հասարակության դժգոհ խավերը մոբիլիզացվում են։ Կրկնում եմ՝ մենք առաջինը չենք, որ անցնում ենք այս դժվարագույն ճանապարհը։ Պարզապես մեր ոչ հետևողական լինելը, տարիներ շարունակ հասարակության դեգրադացումը դժվարացնում են այս խնդրի հաղթահարումը։