Այն փաթեթներում, որոնք չեն ընդունվել, միշտ եղել է նաեւ բռնի տեղահանվածների ու փախստականների վերադարձի հարց. եւ երբ աշխատանքային մակարդակում փորձել ենք պարզաբանում ստանալ, թե այս կամ այն կետում ինչն է, որ ընդունելի կարող է լինել, այդ կետի ներքո միշտ նկատի է առնվել ադրբեջանական կողմից, որ առնվազն Շուշի պետք է վերադառնան փախստականները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը քիչ առաջ գրառում է արել, որ «խաղաղ գործընթացի որեւէ փուլում չի եղել Շուշիից հրաժարվելու որեւէ հարց»:
«Երկրորդ, պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով կարող ենք մենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, X պահից, հիմա կարող ենք ստուգել, գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշիի վերադարձի թեման հայտնվել է օրակարգում: Սա անհերքելի փաստ է: Այսինքն էդպիսի լավ տարբերակներ են եղել ու չի ստորագրվել այդ տարբերա՞կը: Այս առիթով ասեմ, որ ԱԳ նախարարին աշխատանքից ազատելու որոշում եմ կայացրել»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ պատերազմի տարբեր փուլերում ձեր սեղանին տարբեր փաստաթղթեր են դրվել, որոնք ըստ որոշ մարդկանց պնդումների, բոլորն էլ ավելի նպաստավոր են եղել, քան նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Ինչ վերաբերում է տարբեր փաստաթղթերին, այդպիսի բան չի եղել: Եղել է պատերազմի դադարի նույն տրամաբանությունը, ինչը պատերազմի մեկնարկից առաջ, որ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, այդ թվում Շուշին եւ առանց որեւէ կարգավիճակի: Պատերազմից առաջ էլ է այդպես եղել: Այդպես է եղել 2016 թվականից, եւ ապրիլյան պատերազմը այդ վերջին զանգն էր այս պատմության: Այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որեւէ բանավոր հայտարարությամբ կամ պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը»։