Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդանավում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է գտնվում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են արդեն տեղափոխել 750 զինծառայող, ինչպես նաև 110 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։