Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին փակ խորհրդակցության ռեժիմով տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ ձեռք բերած համաձայնությունների մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ կազմակերպությունում ունեցած աղբյուրին հղումով։
«Այսօր Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ին պատմել է Մոսկվայի, Բաքվի ու Երևանի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնության մասին», - նշել է գործակալության զրուցակիցը՝ ընդգծելով, որ հանդիպումն անցկացվել է փակ ձևաչափով։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:
Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր։