Օրերս ինձ դիմեց ազատամարտիկներից մեկի կինը, ում ամուսնու դին էլ դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է ուզել երեխայի դպրոցական դասագրքերի գումարները: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը, դիմելով ԿԳՄՍ փոխնախարարին, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ հետաքրքրվելով, թե ԿԳՄՍՆ-ն ինչ ծրագրեր ունի հանրակրթական դպրոցներում զինծառայողների երեխաների գրքերի վարձավճարների հետ կապված:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց, որ կան տարբեր ծրագրեր, այն մարդիկ, որոնք ունեն աջակցության կարիք, կարող են ստանալ: «Հստակ ամրագրված է, որ դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը, մասնավորապես՝ սոցիալապես ավելի խոցելի խմբերի ներկայացուցիչներին»,-ասաց նա՝ նշելով նաև սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության օրենքի մասին, ըստ որի սահմանամերձ համայնքների դպրոցների աշակերտների դասագրքերի վարձավճարները փոխհատուցվում են։
Պատգամավորը հարցրեց նաև, թե նախարարությունն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների կամ ազատամարտիկների երեխաների բուհական կրթության վարձավճարները զեղչելու կամ անվճար դարձնելու հետ կապված, ինչին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն արձագանքեց, որ այդ ուղղությամբ մտածում են և բուհերի ղեկավարությունների հետ խորհրդակցությամբ ծրագիր են մշակելու:
«Հիմա փորձում ենք ուրվագծել օգնության չափերը, ձևերը, մեխանիզմները, և արդյո՞ք ծրագիրը կդառնա նախորդ օրենսդրության շարունակություն՝ նոր շահառու խմբեր ներգրավելով, թե՞ առանձին իրավակարգավորում կտրվի, բայց, վստահաբար, դա մեր ուշադրության կենտրոնում է»,-ասաց նա: