Սեպտեմբերի 27-ից՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմը սկսվելուց հետո, հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունները նվազագույնը չեն տուժել։ Այս մասին նոյեմբերի 5-ին ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանում հասկանում են, որ ռազմական դրությունը հարեւանների մոտ խնդիրները սրում է։
«Սա վերաբերում է նաեւ Իրանին։ Չի կարելի մոռանալ այս երկրի ազգային կազմի մասին։ Թեհրանն, այդուհանդերձ, կարող է իր երկրի ներսում խնդիրներն այնպես լուծել, որ դա կարող է վերջնարդյունքում ազդել Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության վրա»,- շեշտեց Քոչարյանը։ Նա նաեւ հիշեցրեց կարմիր գծի մասին, որն անցկացրել է Իրանը։ Փոխնախարարը նշեց, որ սա պառնալիք է Հայաստանի հետ ընդհանուր սահմանին։ Այստեղ սպառնալիք առաջանալու եւ տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության փոփոխության դեպքում Իրանը պատրաստ կլինի գործել։
Նա նշեց, որ այս ընթացքում շարունակվել է կանոնավոր աշխատանք տարվել եվրասիական ուղղությամբ եվրասիական կառույցների հետ՝ լինի դա ԵՏՄ տնտեսական կառույցը, թե ՀԱՊԿ ռազմաքաղական կառույցը կամ ԱՊՀ-ն։
Քոչարյանը նաեւ շեշտեց, որ Ղարաբաղում իրավիճակը չի կարող չանհանգստացնել Հայաստանի հարեւաններին։ Փոխնախարարի խոսքով՝ Իրանին չի կարող չմտահոգել այն, որ իր սահմաններից ոչ հեռու ահաբեկիչներ են հայտնվել։ «Նրանք այս մասին բացահայտ են ասում եւ ստիպված որոշ նախապատրաստական աշխատանք են կատարում։ Նրանք (իրանցիները - խմբ.) այս ահաբեկիչների դեմ պատերազմել են Մերձավոր Արեւելքում, իսկ հիմա ահաբեկիչները հարեւանությամբ են հայտնվել։ Այս վտանգը ակնհայտ զգում է նաեւ Ռուսաստանը։ Կենտրոնական Ասիան նույնպես այս սպառնալիքից երաշխավորված չէ։ Այսպիսով, իրավիճակ է ստեղծվել, որը շատ երկրների է մտահոգում, որոնց հետ հաստատվել են եւ կան ավելի կամ պակաս խորը հարաբերություններ»,- պարզաբանեց փոխնախարարը։