Արգենտինայի տարբեր քաղաներում, ինչպես օրինակ՝ Կորդովայում, Ռոսարիոյում, Բուենոս Այրեսում, Մար դե Պլատայում, Տուկումանում, Նեուկենում և Բարիլոչեում, բնակվող հայերը միացել են հոկտեմբերի 31-ին Հարավյին Ամերիկայի մի շարք երկրներում կայացած ավտոերթին:
Ինչպես հայտնում է Diario Armenio պարբերականը, «Հանուն Արցախի ճանաչման և խաղաղության» խորագրով ավտոերթեր են տեղի ունեցել նաև Բրազիլիայում, Ուրուգվայում, Չիլիում: Միայն Բուենոս Այրեսում 900 մեքենա է մասնակցել ավտոերթին:
Արգենտինայում երթն ուղեկցվել է արգենտինական և հայկական օրհներգերի հնչյունների ներքո: Երթի վերջում ակցիայի մասնակիցները տեր հայր Հարյություն Սեփանյանի գլխավորությամբ արտասանել են «Հայր մերը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։