f

Անկախ

Ի՞նչ տարբերություն՝ իշխանություն, թե ընդդիմություն


Այս հարցին պատասխանելու համար նախ պետք է հարցին հարցով պատասխանել. որտե՞ղ, առհասարա՞կ, թե՞ մեր երկրում, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր մեր աչքի առաջ, հնարավոր չէ համադրել բազմաթիվ երևույթների ու իրողությունների համընդհանուր ընդունված պատկերացումների հետ: Պարզ ասենք, եթե մինչև հիմա բոլոր կարևոր ինստիտուտները լիարժեք չէին գործում,  ապա այժմ դրանք ուղղակի գլխիվայր վիճակում են: Ինչ-ինչ, բայց գոնե նախկինում իրական ընդդիմություն ունեինք խորհրդարանում, փոքրաթիվ, բայց կար, որն ազատորեն օգտվում էր իր իրավունքներից: Հիմա դա էլ չունենք, և մեր ողբերգությունը նախևառաջ հենց դա է:

Հասարակության մի զգալի հատվածի աչքն ու ականջը միշտ ուղղված է ընդդիմությանը, մարդիկ նրանից են ակնկալում լսել ճշմարտությունը: Խոսքը խորհրդարանական ընդդիմության մասին է, որը, ի տարբերություն արտախորհրդարանական ընդդիմության, բացի հրապարակային խոսքից, թեկուզ փոքր, բայց որոշ լծակների ու հնարավորությունների տիրապետում է:

Իսկ ի՞նչ է ասում այսօրվա խորհրդարանի  ընդդիմություն հռչակված ամենամեծ խմբակցությունը:

Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանում էր armnews-ի հարցերին, որոնք վերաբերում էին առաջիկա հանրաքվեին: Եվ տիկին Զոհրաբյանը հանրաքվեի  պատճառը, նպատակն ու բուն հարցադրումը ներկայացրեց որպես Հրայր Թովմասյանից ազատվելու խնդիր: Ուրեմն, լսելով Նաիրա Զոհրաբյանին, առնվազն «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցները կարծելու են՝ գնում են քվեարկելու, որ պատասխանեն մի հարցի՝ Հրայր Թովմասյանը մնա՞ իր պաշտոնին, թե ոչ: Էլ չենք ասում շատ ավելի մեծ զանգվածի մասին, որը կարծիք է կազմում՝ առաջնորդվելով ընդդիմության ուղերձներով:

Տիկին Զոհրաբյանը, իր մարտաշունչ ելույթներով իշխանությանը մանիպուլյացիաների մեջ մեղադրելով, փաստացի նույն բանն է անում, որ շատ ավելի անազնիվ է:  

Ակնհայտ է՝ տիկին պատգամավորը հակակրանք ունի Հրայր Թովմասյանի նկատմամբ, հատուկ շեշտեց, որ ժամանակին դեմ է քվեարկել նրա թեկնածության դեմ՝ համարելով, որ նա չի կարող անաչառ դատավոր լինել: Բայց չէ՞ որ այն իշխանությունը, որն առաջադրել էր նրան, այժմ գոյություն չունի, և ներկայիս իշխանությունն էլ չի հանդուրժում նրան, քանի որ անաչառ է, իրենը չի: Տվյալ դեպքում Հրայր Թովմասյանը ոչ թե կառչած է իր աթոռից, այլ կատարում է իր առաքելությունը՝ պահպանում է պետական կառույցի անկախ ու հակակշիռ մնացած վերջին հենասյունը կամ, ինչպես ինքն է ասում, իրեն վստահված խրամատը, առաջնորդվում է ոչ թե երկրի առաջնորդի միահեծան իշխանություն հաստատելու հավակնություններով և իր համար խաղաղ ու տաքուկ տեղ ապահովելու հաշվարկներով կրավորականի թեկնոցի տակ մտնելով (այն, ինչ այսօր տեսնում ենք գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բոլոր հատվածներում ու մակարդակներում), այլ պետական շահերով:  

Խնդիրը անկախ Սահմանադրական դատարան ունենալն է, մեր երկրի, մեր պետության կանոններն ու օրենքները պահպանելը, չթողնել, որ տապալվի սահմանադրական կարգը: Սա պե՞տք է բացատրել երկարամյա քաղաքական կենսագրություն ունեցող տիկնոջը: Եվ երբ խոսքի մեջ նա ողջ Սահմանադրական դատարանն անվանում է «Հրայր Թովմասյան պլյուս քոմփանի», ուզում ես հասկանալ՝ նրան հանգիստ չի տալիս դեղին մամուլի լրագրողի անցյա՞լը, թե՞ Հրայր Թովմասյանի նկատմամբ հանրության հարաճուն հարգանքը, կամ երբ «հակասահմանադրականություն- հակաիրավականություն» բառախաղերից է օգտվում, ուզում ես հասկանալ՝ ինչպես է ղեկավարում այնքան կարևոր մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:  

Մարդկայնորեն նրան կարելի է հասկանալ, քաղաքականապես՝ ոչ: Ե՛վ նա, և՛ նրա կուսակցությունը կարող են ատել Հրայր Թովմասյանին կամ զգուշանալ իրենց առաջնորդի բիզնեսների վրա հարձակումներից,  կարող են չօգտվել Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունից, ինչպես որ արեցին, իրենց իրավունքն է, բայց նրանք իրավունք չունեն հանուն դրա  իրականությունը շուռ տված ներկայացնել և ապակողմնորոշել հանրությանը:  

Այն էլ այն իրավիճակում, երբ բացահայտ  հիբրիդային պատերազմ է հայտարարված երկրի դեմ բոլոր ճակատներով՝ երկրի կառույցների, բանակի, արտաքին քաղաքականության, բարոյահոգեբանական մթնոլորտի, տնտեսության, կրթության… Եվ այս ամենը կատարվում է ներքին «թշնամու» միջոցով. այլ եզրակացության հնարավոր չէ գալ, քանի որ արդեն բացահայտ է՝ այս ամենը կատարվում ոչ թե տգիտության հետևանքով, ոչ թե հախուռն, այլ լավ մշակված ծրագրով ու հետևողական քայլերով՝ օգտվելով կատարողի անձնային հատկություններից (և կարևոր չէ՝ փառասիրությունի՞ց, թե՞ ընչաքաղցությունից): Վաղն այդ մարդը պատերազմի ժամանակ կատարելու է գլխավոր հրամանատարի դերը: Ո՞վ է մտածում այս մասին: Հիմա նա ուզում է ազատել իր ձեռքերը կաշկանդող վերջին կապանքից: Մի՞թե  նեղ կուսակցական  շահերն ավելի գերակա են, երբ կանգնած ենք երկիրը կորցնելու վտանգի առաջ:  

Տիկին Զոհրաբյանին մտահոգում է միայն մի հարց՝ չհայտարարվել «հակահերոս»: Ուրեմն թող մտածի, թե ով կամ ովքեր են հակահերոս համարելու իրեն ու իր քաղաքական ուժը, ներկայիս իշխանությո՞ւնը, որ վաղը հայտնվելու է մեղադրյալի աթոռին, թե՞ պատմությունը: Վախենամ, որ այսպիսի մտածողությամբ նրանք հայտնվեն իշխանության կողքին՝ նույն մեղադրյալի աթոռին, բայց սա իրենց ընտրությունն է, ոչ մեր:  Մի խնդիր կա միայն, որ չփորձեն իրենց շահը մատուցել որպես երկրի շահ և իրենց ընտրությունը հայտնի հնարքներով չոլորեն մեր հասարակության վզին:

Անահիտ Հարությունյան

 

Կարծիք հանրաքվե Սահմանադրական դատարան Նաիրա Զոհրաբյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին