Ադրբեջանում դիտարկվող զարգացումները վկայում են, որ երկրում մեկնարկել է իշխանության տրանզիտի գործընթացը։ Ալիևը փաստացի հավաստանշեց սցենարը՝ հայտարարելով, որ բոլոր քաղաքական ուժերից միայն Մուսավաթն ու Ազգային ճակատն են գործում ազգային շահերի դեմ՝ հիշեցնելով, որ միայն այդ երկու ուժերն էին հրաժարվել քաղաքական երկխոսության իր առաջարկից նաև օգոստոսին։
Այս համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այսօր հարցազրույցում Իլհամ Հեյդարիչի անդրադարձը իր կնոջ մասին որպես հնարավոր իրավահաջորդի։ Ներկայացնում եմ բառացի թարգմանությամբ։
"Երբ գործը հասնում է ժառանգականությանը, ինչո՞ւ ոչ ոք չի խոսում Բուշերի ընտանիքի մասին և նրա մասին, թե ինչպե՞ս են նրանք փոխարինում իրար։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում Քլինթոնի ընտանիքի մասին, այն մասին, որ նա պետքարտուղար, հետո նախագահի թեկնածու դարձավ, ու այդպիսի օրինակները բազմաթիվ են։ Նախքան այդպիսի հարցեր բարձրացնելը թող իրենց նայեն։
Ինչ վերաբերում է իմ կնոջը, ապա նա խորհրդարանի պատգամավոր է 2005 թվականից։ Նա շատ ակտիվ է եղել սոցիալական և հումանիտար հարցերում։ Նա եղել է և մնում է Հեյդար Ալիևի հիմնադրամի տնօրենը, Կովկասում ամենախոշոր ոչ կառավարական կազմակերպության։ Նա մեծ աջակցություն ունի ադրբեջանցիների շրջանում։ Դուք կարող եք հարցնել փողոցում յուրաքանչյուրին և տեսնել, որքա՞ն են նրան սիրում և աջակցում։ Նա եղել և մնում է Ենի Ադրբեջան կուսակցության փոխնախագահը։ Նրա քաղաքական կարիերան այս առումով բաղկացած չէ հանկարծակի իրադարձություններից"։
Հստակ է, որ Ալիևը այսօր հայտարարեց իշխանության փոխանցման գործընթացի մեկնարկը, որի հետ կապված և իրավահաջորդի թեկնածության խնդրում քաղաքական կոնսենսուսը ձևավորված է՝ համաձայն չեն միայն Մուսավաթը, Ազգային Ճակատը, որոնք ներկայացնում են Թուրքիան, և ԱՄՆ֊ն։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Մուսավաթն ու Ազգային Ճակատը, որոնք հանդես են գալիս հաղթական պատերազմը մինչև վերջ տանելու դիրքերից, փորձում են ղեկավարել պատերազմի հետ կապված բողոքի ակցիաները, որոնք վերաբերում են զոհերին, բանակի չափից ավելի մեծ կորուստներին, իշխանությանը առաջադրվող սոցիալական դժգոհություններին։
Սա չափազանց կարևոր ու խորը, ըստ որում, հրատապ վերլուծության թեմա է։ Այս պահին արձանագրենք, որ Արցախյան պատերազմի սանձազերծումը և ընթացքը, նրա արդյունքները կապվում են իշխանության տրանզիտի մեկնարկած գործընթացի հետ։ Գոնե առաջին հայացքից ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Մեհրիբան Ալիևի թեկնածությունը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, բայց ոչ միայն։ Չեմ ուզում մեկնաբանել մեր իշխանությունների դիրքորոշումը Արցախյան պատերազմի հանգուցալուծման տարբերկների հետ կապված, բայց առավել քան վստահ եմ՝ այս պահին պետք է լրջագույնս ուսումնասիրել ձևավորված իրավիճակն Ադրբեջանում իշխանափոխության սցենարների մասով։