Հայաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, կարծում եմ, հետաքրքիր է դիտարկել ներքին իրավիճակը Ադրբեջանում, որտեղ զարմանալիորեն ժողովուրդը ոգևորված չէ հաղթանակների մասին պետական մարմինների կողմից հաղթանակների մասին անընդհատ տարածվող հաղորդագրություններով: Խոստովանեմ, որ վերջին շաբաթվա ընթացքում էապես սահմանափակվել են իրական վիճակը բնութագրող տեղեկատվության հոսքը, ինչը ակնհայտորեն փաստում է վերահսկողության կտրուկ ուժեղացման մասին: Այնուամենայնիվ, հաստատված են տվյալները, որ բազմաթիվ, հիմնականում էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման հիմնավորումով փաստացի սահմանված է խիստ կարանտին, բազմաթիվ բնակավայրեր, նույնիսկ շրջաններ ուղղակի փակել են: Էապես ուժեղացվել են ներքին զորքերի և ոստիկանական ուժերի ստարաբաժանումները, լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Ու խոսքն ամենևին չի վերաբերում մեկ-երկու շրջանի, այլ առնվազն տասնյակից ավել: Ակնհայտորեն վիճակն առավելապես լարված է թալիշաբնակ, թաթաբնակ և լեզգիաբնակ շրջաններում, Քուսարում, Աստարայում, Ղուբայում, Սաբիրաբադում, Սալյանում, Զաքաթալայում, որտեղ հիմնական բնակչությունը ավարներ են, բայց ոչ միայն: Հասկանալի է, որ ռազմաճակատի գծին հարակից գոտում նմանատիպ գործողությունները որոշակի կարելի է բացատրել ռազմական գործոնով, բայց փաստ է, որ արդեն մի քանի օր է փակ են Բաքվի շրջակա մի շարք բնակավայրեր այնպես, ինչպես բազմաթիվ այլ գյուղեր, ըստ որում, հիմնականում բնակեցված հենց էթնիկ թուրքերով:
Այն, որ իրավիճակում էական տեղաշարժեր կան, վկայում են անուղղակի մի շարք փաստեր: Էթնիկ փոքրամասնություններին ներկայացնող հեղինակավոր մարդիկ, ինչ-որ կազմակերպություններ են ազգային միասնության կոչեր անում հրապարակային, որոնք, բնականաբար, առանց իշխանությունների թույլտվության ուղղակի անհնար կլինեն, քարոզչական տեսանոյւթեր են տարածվում: Հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալիշուքյուր Փաշազադեն, բայց իշխանությունները նրանից կարծես այլ սպասումներ ունեին, ինչի մասին վկայում է նախագահի գրասենյակի անթաքույց դժգոհությունը: Ավելի ու ավելի բարձրաձայն են հնչում Ադրբեջանում պետական գաղտնիք հայտարարված զոհերի մասին տեղեկատվությունը հրապարակելու պահանջները: Այստեղ համարյա սահմանային վիճակ է, շրջանառում են տարբեր թվային տվյալներ, որոնք զարմանլիորեն շատ ավելին են, քան հրապարակում է մեր Պաշտպանության բանակը: Շատ-շատ են անհետ կորած համարվող զինվորականները, ռազմաճակատում զինվոր ունեցող ընտանիքիների գերակշիռ մասը ընդհանրապես որևէ տեղեկատվության չի տիրապետում: Ատելության կրակը Ալիևների ընտանիքի նկատմամբ բորբոքվում է լրջորեն, ու այս հանագամանքը կարծես նկատելի է ընդդիմության համար՝ Ազգային ճակատը և Մուսավաթը տեսանելիորեն ակտիվացել են, պահանջում են շարունակել պատերազմը մինչև հաղթական ավարտ, բայց և հանդես գալիս բնակչության կողմից հնչող պահանջների պաշտպանությամբ ուղղված իշխանություններին: Վերջին օրերին արդեն քննարկումներ են բանակի գործողությունների արդյունավետության մասին, զինտեխնիկայի չափից ավելի մեծ կորուստների հետ կապված: Հարցեր են հնչում կապված Շեքիի ջոկատի ոչնչացման մասին, հաղորդումներ կան մոտ 60 հոգանոց ջոկատի կորստյան մասին, բազմաթիվ են, չթվարկեմ: Ավելի ու ավելի են շրջանառում լուրերը բանակում թիկունքային հատուկ ստորաբաժանումների և վարձկանների կողմից զինվորների սպանությունների մասին: Այս պահին հայտնի է, որ ադրբեջանական բանակում մեծ թիվ են կազմում ոչ միայն վիրավորները, այլև զինվորական ստորաբաժանումները, որոնց անձնակազմի մասին տվյալներ ուղղակի չկան, շատ են խոսակցությունները դասալիքների մեծ թվի մասին, որոնց վերաբերող տեղեկությունները տեխնիկապես անհնարին է ստուգել, քանի դեռ շարունակվում են ակտիվ մարտական գործողությունները: ՄԵծ թիվ են կազմում արդեն փախստականները: Իրավիճակի զարգացման առումով էական նշանակություն է տրվում Ռուսաստանի գործողություններին՝ Դաղստանում լեզգի ղեկավար նշանակել, հակաահաբեկչական արշավը, որը որոշակիորեն կապում են Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ավելի կոշտ դիրքորոշումով, զորավարժությունները Կասպից ծովում, թալիշների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը: Մի անչափ կարևոր դիտարկում, կտրուկ ակտիվացել են հակաթուրքական տրամադրությունները, շատ-շատերին ակնհայտորեն դուր չի գալիս Թուրքիայի դերակատարության նշանակալի աճը ի հաշիվ Ադբեջանի սուվերենության, նույնիսկ բացահայտ հրապարակային մեղադրանքներ են հնչում Էրդողանի հասցեին:
Կտրուկ փոխվել է Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը Դաղստանում, հատկապես, լեզգիների շրջանում, ըստ որում, ադրբեջանական տիույթում էլ նկատվում է հակառուսական տրամադրությունների աճ այս համատեքստում:
Մի դրվագ ներկայացնեմ, Դերբենտում պատմական ամրոցի պատին ամրացված ադրբեջանական ինքնակպչուն դրոշը մեկ րոպե հետո արդեն գետնին էր: Քաղաքում էլ բազմաթիվ դրոշներ են եղել, փակցնողները, սակայն, տեսնելով, որ սկանդալ է հասունանում, արագ հեռացրել են մնացած վայրերից դրոշները, հատկանշական է, որ ոստկանությունը փնտրում է սադրանքի հեղինակին, որի պատճառով հանրային տրամադրությունները լարվել են, բազմաթիվ լեզգի երիտասարդների կուտակումներ են եղել, որոնց դժվարությամբ համոզել են հանգստանալ և ցրվել: Սրանք որքան հասկանում եմ տիպերով ման են գալիս, որտեղ հասնում կպցնում են, ինչն ակնհայտորեն սկսում է բարկացնել լուրջ մարդկանց: