Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի որոշ տեղերում այս պահին շարունակվում համառ մարտերը,հոկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր վաղ առավոտյան հակառակորդը շարունակել է իր հարձակողական գործողությունները նույն ուղղություններով: Առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ: Այսօր հյուսիսային ուղղությամբ այդքան թեժ մարտեր չեն եղել, ինչպես նախորդ օրերին: Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ հարձակում: Ուղղություններից մեկում կոնկրետ մոտ երկու-երեք տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, դրանցից որոշ տեղերում մարտերն այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը, որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում: Այսօր կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ: