Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որ աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում, Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հանձնել իշխան Յարոսլավ Իմաստունի 1-ին աստիճանի շքանշան: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությանը:
«Ուկրաինայի նախագահի № 450/2020 «Ռ. Էրդողանին իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշանով պարգևատրելու մասին» հրամանի համաձայն՝ Թուրքիայի նախագահը պարգևատրվել է ուկրաինա-թուրքական միջպետական համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդի, Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության աջակցության համար»,- նշված է մամլո ծառայության հաղորդագրությունում:
Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ուկրաինայի ղեկավարին պարգևի համար:
«Շնորհակալություն անձամբ իմ և իմ ժողովրդի անունից այս հոյակապ վարմունքի՝ ինձ պետական պարգև շնորհելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը: