Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այդ մասին հաղորդագրություն տարածել է ՌԴ ԱԳՆ կայքը: Գրում է Russian.rt.com-ը։
Նշվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հաղորդվում է, որ արտգործնախարարները «ընդգծել են, որ խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»:
«Հաստատվել է հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարության դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նշել են «հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման պահանջը և դրա պահպանումը վերահսկելու մեխանիզմների համակարգումը»:
Լավրովն ու Չավուշօղլուն նշել են նաև «ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու քայլերի արագ համաձայնեցման կարևորությունը՝ իրական արդյունքների հասնելու համար»:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները և այդ երկրներում կայունությունը հիմնարար նշանակություն ունեն Մոսկվայի համար: