ԱՄՆ պետքարտուղարը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ըստ Վաշինգթոնի, ավելի մեծ վտանգ է ստեղծում տարածաշրջանում
Վաշինգթոնը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ: ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն համապատասխանհ այտարարությամբ հանդես է եկել հինգշաբթի WSB Atlanta- ին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Tass.ru-ն։
«Այս հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել միայն բանակցությունների և խաղաղ քննարկման միջոցով ...», - ասել է Պոմպեոն:
Նա նշել է, որ խաղաղ կարգավորման ճանապարհին չպետք է թույլ տրվի որևէ զինված բախում կամ երրորդ կողմի միջամտություն:
Պետդեպարտամենտի ղեկավարը կրկին ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան, ըստ ԱՄՆ-ի, տարածաշրջանում ավելացնում է վտանգը՝ «ռեսուրսներ տրամադրելով Ադրբեջանին»:
«Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանը կկարողանա իրեն պաշտպանել այն ամենից, ինչ անում են ադրբեջանցիները, և նաև հուսով ենք, որ բոլորը <...> կպահպանեն հրադադարի ռեժիմը, այնուհետև կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և կփորձեն զբաղվել այս իրապես պատմական և դժվար խնդիր կարգավորմամբ», - ասել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 15-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ, 180 անօդաչու թռչող սարք, 546 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: