Անհրաժեշտ է վերիֆիկացիոն մեխանիզմներ մշակել` հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կայացած համատեղ ասուլիսին:
Պատասխանելով այդ մեխանիզմների մասին հարցին` նախարարը նախընտրեց այս փուլում զերծ մնալ մանրամասներից, քանի որ խորհրդակցություններ են ընթանում: Ընդ որում, նա հիշեցրեց, որ, ինչպես հետեւում է անցյալ շաբաթվա վերջին Մոսկվայում ընդունված համատեղ եռակողմ հայտարարությունից, առաջին քայլը ռազմական գործողությունների դադարեցումն է:
Մեկնաբանելով Հայաստանին եւ Արցախին առաջադրված մեղադրանքները` նախարարը հիշեցրեց, որ հենց հայկական կողմն է պահանջում վերիֆիկացման մեխանիզմների ներդնել, իսկ Ադրբեջանը, հակառակը, հրաժարվում է: «Ուստի ունենք այն, ինչ ունենք: Ես չեմ կարող ընդունել հայկական կողմին առաջադրված մեղադրանքները»,- շեշտեց արտգործնախարարը: