Axios պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի ընտրություններին նախորդող օրերին միջուկային զենքի շուրջ գործարք կնքել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ պորտալի աղբյուրի ՝ Թրամփի վարչակազմը կարծում է, որ իրենք սկզբունքային համաձայնագիր ունեն, որը Ռուսաստանը կհաստատի:
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Ռուսաստանը հոկտեմբերի 5-ին Հելսինկիում կայացած հանդիպմանը առաջընթաց էին գրանցել Ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի հարցում: Այս մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահի՝ զենքի վերահսկման հարցերով հատուկ բանագնաց Մարշալ Բիլինգսլին:
Ռազմավարական զենքի կրճատման պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև զենքի սահմանափակման միակ գործող պայմանագիրն է: Այն լրանում է 2021 թվականի փետրվարի 5-ից հետո: Ավելի վաղ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր առանց նախապայմանների պայմանագիրը երկարաձգել հինգ տարով: