Հայաստանում գործող ռազմական դրության պայմաններում պետության անվտանգությունը, հասարակական կարգը, պետական հիմնարկների արդյունավետ գործունեությունը եւ հասարակության միասնությունն ապահովելու համար անհրաժեշտ է ընդլայնել առկա սահմանափակումների ցանկը: Այս մասին հոկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին Վարչական իրավախախտումների օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Այդպես, ըստ նախարարի, անհրաժեշտ է տնտեսվարական գործունեության ժամանակավոր դադարեցում ապահովել: Այն կդադարեցվի 1-ից 3 ամիս ժամկետով:
Բացի այդ, ռազմական դրության գոտում ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներ կմտցվեն: Տվյալ տարածքից մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի խախտումը պատասխանատվություն կենթադրի եւ կպատժվի 200 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ տուգանքով:
Միեւնույն ժամանակ, ֆինանսատնտեսական գործունեության որոշակի տեսակների, այդ թվում` ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական ռեսուրսների շրջանառության սահմանափակումների խախտումը տուգանք կենթադրի 500 հազար դրամից 1 միլիոն դրամի չափով:
Սննդամթերքի, դեղամիջոցների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, գնման եւ շրջանառության հատուկ կարգի խախտումը 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք կենթարկի:
Առանց անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում եւ այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքի խախտումը կամ երկրում սահմանված պարետային ժամի համաձայն սահմանված այլ կանոնների խախտումը 100 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամ տուգանք կենթադրի:
ԶԼՄ-ների եւ լրագրողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկատվության հրապարակման կամ տարածման կանոնների խախտումը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ ընթացակարգի չկատարումը, կապի միջոցների օգտագործման հատուկ կանոնների խախտումը 700.000-ից 1 մլն ՀՀ դրամ տուգանք կենթադրի:
Լրագրողական գործունեությամբ չզբաղվող անձանց կողմից տեղեկատվության հրապարակման կամ տարածման գործող կանոնների խախտումը կամ խոսքի ազատության սահմանափակման կանոնների խախտումը 300 հազար դրամից 700 հազար դրամ տուգանք կենթադրի:
Զենքի, զինամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակման կամ արգելքի խախտումը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ ուժեղ ազդեցության նյութերի, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, ալկոհոլ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի խախտումը 500 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ տուգանք կենթադրի:
Աշխատունակ անձի կողմից պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների վերացմանը եւ սահմանված կարգով անհետաձգելի այլ աշխատանքներ կատարման միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը 300 հազար դրամից մինչեւ 500 հազար դրամ տուգանք կենթադրի:
Ռազմական դրության ընթացքում գործադուլների եւ հավաքների կազմակերպումը, անցկացումը եւ մասնակցությունը, գործունեության այլ տեսակների, այդ թվում` ձեռնարկությունների արգելքի խախտումը 400 հազարից 700 հազար դրամի չափով տուգանք կենթադրի:
Կազմակերպությունների կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) արտադրության (այդ թվում դեղամիջոցների եւ բժշկական ապրանքների արտադրության եւ ներմուծման) առաջնահերթ խնդիրների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որոնք հատուկ նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության համար, տուգանք են ենթադրում 500 հազարից 1 միլիոն դրամի չափով:
Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելը տուգանք է ենթադրում 200 հազարից 500 դրամի չափով:
Ռազմական դրության ընթացքում սահմանված այլ միջոցառումների եւ սահմանափակումների խախտումը տուգանք է ենթադրում` 100 հազարից 300 հազար դրամի չափով: