Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ռուս-թուրքական շահերի բախումների և Ռուսաստանի համեմատաբար պասիվ դիրքորոշման պատճառների մասին է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։
-Պարոն Պետրոսյան, ռուսական մամուլն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Սիրիայում ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են, թուրքերը ռուսների համար զանազան խոչընդոտներ են ստեղծում։ Արդեն իսկ ռուսական մեդիայում Թուրքիային կոչում են ընկեր, որ առջևից ժպտում է, իսկ թիկունքից հարվածում։ Ձեր կարծիքով՝ Արցախում սրացմանը զուգահեռ ինչո՞ւ է Թուրքիան իրավիճակը սրում նաև Սիրիայում։ Ո՞րն է նպատակը։
-Վերջին տարվա ընթացքում Թուրքիայի ներգրավվածությամբ տարբեր տարածաշրջաններում միաժամանակ ընթացող մի շարք գործընթացներ փոխկապակցված են։ Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներն ուղիղ կապ ունեմ․ սա թուրքական նոր քաղաքական ուղեգծի տրամաբանության մեջ է։ Այսինքն՝ Թուրքիայի իշխանություններն ստեղծում են նախադրյալներ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում ակտիվ հակամարտային իրավիճակներ բորբոքելու և դրանցում սեփական շահերը պաշտպանելու՝ և ներքաղաքական հարթության մեջ, և առանձին տարածաշրջաններում ունեցած հետաքրքրությունները, խնդիրները լուծելու համար։
Վերջին սրացումը թույլ է տալիս միանշանակ կանխատեսելու, որ Թուրքիան հիմքեր է ստեղծում անհրաժեշտության դեպքում շատ արագ Հարավային Կովակասից դեպի Սիրիա տեղափոխվելու։
-Կարծիք կա, որ Թուրքիան սիրիական Իդլիբում կարող է ժամանակավոր զիջումների գնալ՝ փոխարենը Ռուսաստանից զիջումներ կորզելով Հարավային Կովկասում։ Այս վարկածը որքանո՞վ է իրատեսական։
-Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր մի շարք խնդիրների շրջանակում ունեն սակարկությունների հնարավորություններ։ Բայց Հարավային Կովկասի և Իդլիբի կարևորությունը Ռուսաստանի համար միևնույն հարթությունում գնահատելը սխալ է։ Միանշանակ է, որ Հարավային Կովկասը շատ ավելի մեծ և համակողմանի նշանակություն ունի Ռուսաստանի համար։ Այստեղ զիջումները որևէ կերպ չեն կարող սակարկվել Իդլիբում թուրքիայի քաղաքականության հետ։
Այս առումով ես կարծում եմ՝ Թուրքիան է փորձում Ռուսաստանից զիջումներ կորզել Իդլիբում՝ փոխարենը զիջումների գնալով Հարավային Կովկասում։ Ի տարբերություն Իդլիբում ստեղծված դիրքային իրավիճակի, Արցախում Թուրքիայի և նրա հովանավորյալ դերակատարի՝ այսինքն Ադրբեջանի դիրքերը շատ ավելի թույլ են։ Այսինքն Իդլիբում Թուրքիան ակտիվանալու և ժամանակավոր հաջողությունների հասնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Արցախում, քանի որ այստեղ՝ Արցախում, Ադրբեջանի դեմ կանգնած են հայկական զինված ուժերը, որոնք ռազմարվեստի պատմության նոր էջեր են գրում իրենց հերոսական գործողություններով թշնամու դեմ, այդ թվում և Թուրքիայի դեմ։
-Իսկ այս հարցում Ռուսաստանի զսպվածությունը Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված։
Ռուսաստանի համեմատական զսպվածությունը, քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը ռազմագործողությունների անցած օրերի ընթացքում զարգացման կամ փոփոխության մի քանի փուլ է անցել՝ ակնհայտ չեզոքությունից մինչև առարկայական ներգրավվածություն, որին ուղղակիորեն ականատես եղանք վերջին երկու օրերին։ Դա իհարկե, պայմանավորված է ՌԴ շահերով, որոնց վրա ուղիղ ազդեցություն են ունենում արցախյան ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները։
Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը բացահայտ ուղերձներով հստակ ընդգծում է՝ ով է հակամարտության մեջ իր դաշնակիցը, ում հանդեպ ունի պարտականություններ և դրանով հանդերձ գծում է իր շահերի կարմիր գիծը, որը այս հակամարտությունում ընդգրկված որևէ դերակատար, լինի դա Ադրբեջանը, թե նրան աջակցող Թուրքիան, չեն կարող անցնել։
Երկուշաբթի օրվանից Ռուսաստանը շատ ակտիվ մտավ խաղի մեջ, որը պետք է պայմանավորել ոչ միայն ռազմական դաշտում ընթացող գործընթացներով, այսինքն հայկական զինված ուժերի հաղթանակներով, այլ նաև ընդհանուր տարածաշրջանում ստեղծված իրավիճակով։ Ռուսական կողմը հասկանում էր, որ այդ իներտ և հնարավորինս հավասարակշռված դիրքորոշումը թուլացնում է իր դիրքերը տարածաշրջանում հօգուտ Թուրքիայի, որը որևէ կերպ չի բխում Ռուսաստանի շահերից, ավելին, անգամ սպառնալիք է ՌԴ ազգային անվտանգությանը։