Մեր գործընկերները եվրոպական երկրներում սկսել են գործընթաց՝ պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հաայստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«Դա նշանակում է՝ պատերազմական հանցագործոությունների կատարման մեջ կասկածվող այն բոլոր անձիք, ովքեր դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի հենց այդ երկրներում: Եթե դա հաջողվի, այնպիսի իրավիճակ կունենանք, որ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերը հնարավորություն անգամ չեն ունենա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ»,-ասաց նա և հույս հայտնեց, որ դրան կհասնենք:
Տարոն Սիմոնյանը նշեց, որ հայկական կողմը որևէ բացասական միտումով նոր փաստաթուղթ չի ստորագրելու, և բանակցությունները պետք է գնան միայն խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ, կամ ավելի բարենպաստ ռեժիմով մեկ այլ պայմանագիր կնքելու շուրջ: Չնայած դրան՝ նա նշեց, որ քանի դեռ բանակցություններ չկան, չեն կարող խոսել փաստաթղթի մասին:
«Ես հույս ունեմ, որ հաջորդ պայմանագիրը կլինի արդեն խաղաղության պայմանագիրը, որով ամբողջությամբ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքը կիրացնի»,-ասաց նա: