Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Բացի այդ զրույցի շրջանակներում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ընդգծել, որ երկխոսությունը կշարունակվի։ Գրում է Ria.ru-ն։
«Իսկապես, հեռախոսազրույց է եղել: Սա հեռախոսային խոսակցություններից մեկն է, և, իսկապես, Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ, համառոտ հիշատակել և քննարկել Ղարաբաղին վերաբերող հարցեր: Երկխոսությունը կշարունակվի», - հայտարարել է Պեսկովը` պատասխանելով Պուտինի և Ալիևի զրույցը հաստատելու լրագրողների խնդրանքին։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ալիևն ու Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը: Կայացած հեռախոսազրույցը երկու ղեկավարների առաջին խոսակցությունն է եղել տարածաշրջանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։