Հենրիխ Մխիթարյանը բաց նամակ է գրել՝ դիմելով ՌԴ նախագահ Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին`իր անհանգստությունը հասցնելով համաշխարհային առաջնորդներին:
«Մինչդեռ երկրորդ շաբաթն է, ինչ պատերազմ է ընթանում, իմ հայրենի Հայաստանն ու Արցախը ագրեսորների դեմ պայքարում պաշտպանում են երկիր ունենալու մեր հիմնարար իրավունքը, մեր պատմական հողում բնակվելու և ողջ աշխարհում հայտնի մեր քրիստոնեական արժեքները պահպանելու իրավունքը»,- գրել է Մխիթարյանը՝ շեշտելով, որ ռազմական բախումների ինտենսիվության պայմաններում ադրբեջանական հրթիռային հարձակումների թիրախում են հայտնվում մանկապարտեզները, բնակելի շենքերը, հիվանդանոցներն ու այլ ենթակառուցվածքներ:
«Ավելին, այս ողբերգական իրադարձությունները տեղի են ունենում արտաքին տարածաշրջանային ուժերի և օտարերկրացի գրոհայինների միջամտությամբ Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում նաև ձեր երկրների անվտանգության համար: Հայաստանն ու Արցախը միայնակ են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։