f

Անկախ

«Օգնությունն այնքան շատ է հավաքվում, որ երբեմն ասում են՝ դադար տվեք»․ Լոս Անջելեսի հայությունն այս օրերին Հայաստանով է ապրում


Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի առաջին իսկ րոպեներից ամերիկահայությունը ոտքի կանգնեց։ ԱՄՆ ամենահայահոծ համայնքում՝ Լոս Անջելեսում, արդեն մի քանի օր է՝ չեն դադարում հավաքները, բողոքի ակցիաները, դրամահավաքը, հումանիտար օգնությունը, քարոզչությունը։

Լոս Անջելեսի փողոցներն այս օրերին եռագույնով են ներկված։ Ամենուր ծածանվում է հայկական դրոշը, հնչում հայկական երաժշտություն։ «Հայ համայնքը համախմբված է, ինչպես երբևէ»,-ասում են լոսանջելեսահայերը։

Գլենդելում ապրող Անահիտն Անկախ-ի հետ զրույցում պատմում է` օրը սկսում են Հայաստանով, ավարտում Հայաստանով։ Մեկ լալիս են, մեկ ուրախանում, լրատվական կայքերից աչքները չեն կտրում, սպասում են լավ լուրերի։

Հավաքներն ու ցույցերն ամենօրյա բնույթ են կրում, այնքան բազմամարդ են, որ երբեմն տարածքն ուղղակի չի բավականացնում։

Նախօրեին, օրինակ, բազմահազարանոց ցույց էր տեղի ունեցել Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց։ Լոսանջելեսահայերն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ՝ պահանջելով դատապարել Թուրքիայի հանցավոր միջամտությունը ԼՂ հակամարտությանը։ 

Ամերիկյան լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանում են հայերի հավաքներն ու բողոքի ակցիաները։ Նույնիսկ Լոս Անջելեսի մանկապարտեզներում է այս օրերին հայկական շունչ տիրում։

Անահիտն ասում է, որ հայերին պատկանող խանութներից ու սուպերմարկետներից հանվել է թուրքական ողջ ապրանքը։

Լոսանջելեսահայությունն այս օրերին նաև ակտիվ հումանիտար օգնություն է հավաքում Արցախի համար՝ դեղորայք, հագուստ, քնապարկեր, գուլպաներ, հիգիենիկ պարագաներ, այն ամենն, ինչ անհրաժեշտ կարող է լինել սահմանին կռվող զինվորին ու արցախահայությանը։

«Օգնությունն այնքան շատ է հավաքվում, որ երբեմն ասում են՝ դադար տվեք։ Արկղեր են, որ կապվում են։ Իհարկե, նաև գումար է հավաքվում»,-ասում է Անահիտը։

Նրա խոսքով՝ հավաքված հումանիտար օգնությունը Հայաստան է հասնում տարբեր ձևերով։ Երեկ, օրինակ, օդ է բարձրացել հավաքված բեռով մի ինքնաթիռ, որն իր միջոցներով հայերին է տրամադրել ամերիկացի մի գեներալ։ Այդ ինքնաթիռով Հայաստան է գալիս նաև լոսանջելեսահայ երիտասարդների մի խումբ ռազմաճակատ մեկնելու նպատակով։ Մարտական բարձր պատրաստություն անցած տղաներ են։

Հայերի ոգևորությունն ու համախմբումը վարակիչ է դարձել Լոս Անջելեսում ապրող այլ ազգերի ներկայացուցիչների համար։ Իրանցիներ, հնդիկներ, մեքսիկացիներ․ հայերի կողքին են թե՛ ցույցերի ու հավաքների ժամանակ, թե՛ օգնություն մարդասիրական հավաքելիս։

Դպրոցում նույնիսկ դասերի ժամանակ քննարկվում են հայաստանյան իրադարձությունները։ Անահիտը պատմում է, որ երեկ, երբ ուսուցիչներից մեկը դասը սկսելիս չի անդրադարձել Արցախյան խնդրին, աշակերտները զարմացել են և հարցրել թե ինչու այդ թեման չի քննարկում։  Ուսուցիչն էլ աշակերտներին խորհուրդ է տվել մտահոգվել ոչ թե Հայաստանի խնդիրներով, այլ ԱՄՆ-ի, քանի որ իրենք ամերիկացիներ են։

Աշակերտներն այնքան են վրդովվել ուսուցչի պահվածքից, որ բողոքի մեծ ալիք են բարձրացրել, և այժմ դպրոցի ղեկավարությունը քննարկում է ուսուցչին դպրոցից հեռացնելու հարցը։

Անահիտը նաև պատմում է, որ իր դստեր դպրոցում, որտեղ շատ հայեր են սովորում, որոշել են նաև այս օրերին թեթևացնել հայ աշակերտների ուսումնական գրաֆիկը՝ հաշվի առնելով, որ երեխաներն ու նրանց ծնողները վերջին օրերին սթրեսային վիճակում են և միգուցե չկարողանան դասերն արդյունավետ անել։

Օրերս էլ տեղի ավտոսալոններից մեկում միջադեպ է տեղի ունեցել լոսանջելեսահայերից մեկի և թուրքի միջև։ Ավտոսալոնում հայ աշխատակիցները հայկական երաժշտություն են միացրել։ Թուրքը, տեսնելով, որ հայկական երաժշտությունը չի դադարում, դիտավորյալ սկսել է իր մեքենայով այդ տարածքում շրջել՝ թուրքական երաժշտությունը բարձր միացրած։ Հայ աշխատակիցներից մեկը ստիպված է եղել բռունցքով հարցը լուծել։ Ճիշտ է, դրանից հետո նրան աշխատանքից ազատել են, բայց մեր հայրենակիցը բոլորովին չի զղջում։ Թուրքի մռութին մի լավ հասցնելու համար արժեր նույնիսկ աշխատանքը կորցնել։  

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն Հայաստանի ու Արցախի՝ ցույցեր են տեղի ունենում նաև Սփյուռքի այլ հայաշատ քաղաքներում։ Նախօրեին թբիլիսահայությունն էր հանդես եկել ակցիայով, որի ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ քայլերթով նախ շարժվել էին «Mtavari archi» հեռուստաընկերության մոտ և իրենց բողոքի ձայնը բարձրացրել լրատվամիջոցի միակողմանի,  պրոադրբեջանական լուսաբանման դեմ։ Ավելի ուշ ցույցի մասնակիցները հավաքվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության առջև և իրենց զորակցությունը հայտնել Հայաստանին ու Արցախին, մարտի դաշտում հերոսաբար կռվող հայ զինվորներին։ 

Երեկ բողոքի ցույց էր տեղի ունեցել նաև Բրյուսելում։ Հայ ցուցարարներին աջակցելու էին եկել բելգիացի բարձրաստիճան անձիք՝ դաշնային պատգամավոր Ժորժ Դալլեմանը, Քեստերլի քաղաքապետ Վարդ Քենեսը,  սենատոր Մարկ Դեմեսմայքերը, Բրյուսելի տարածաշրջանային պատգամավոր Մարի Լեկոկը, Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ Ժյուլի Դեգրոտը և Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Անդրե Դյուբուսը։  Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Վալենսիայում։

ԱՄՆ Լոս Անջելես Սփյուռք խմբագրի ընտրանի ԼՂ հակամարտություն

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին