Ֆրանսիայի «Պատվավոր լեգիոներ» շքանշանակիր, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անրի Վերնոյը /իսկական անուն-ազգանունը Աշոտ Մալաքյան/ ծնվել է 1920թ. հոկտեմբերի 5-ին Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում: 1921թ. շատերի նման ընտանիքի հետ միասին Թուրքիայից գաղթել է Հունաստան , ապա հաստատվել է Փարիզի Մարսել քաղաքում, 1930թ-ին՝ Փարիզում: Վաղ տարիքում երգել է Մարսելի հայկական եկեղեցում, հաճախել է կաթոլիկ դպրոց: Վերնոյը ավարտել է Էքսան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, ապա ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող: 1948-ից աշխատել է կինոյում, նկարել շուրջ 20 կարճամետրաժ կինոնկար: 1948-ին նա նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» /նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին/: Վերնոյը ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկար: Նա 1988-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար Հայաստան» տեսահոլովակի ռեժիսորն է: Հայկական թեմաներին անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» /ըստ իր «Մայրիկ» վեպի/, նաև սցենարի հեղինակն է, և «Պարադի փողոց, տուն 588» /երկուսն էլ 1951թ./ կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը:
Վերնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր: Նա դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը: Վերնոյը մեկ անգամ /1980թ./ այցելել է Հայաստան, պարգևատրվել հայ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» առաջին աստիճանի շքանշանով:
Նա ժամանակին արժանացել է «Օսկար», «Ոսկե արմավենու ճյուղ», «Սեզար» և այլ մրցանակների: Արդեն 18 տարի է իր երկրային կյանքը ավարտել է Անրի Վերնոյը /2002թ., թաղվածէ Մարսելում/:
Նա դեռ կենդանության օրոք իր ճանապարհից մաքրել է մոռացումի փոշին: Ֆրանսիական կինոյի հայազգի լեգենդի ծննդյան 100 ամյա հոբելյանը արժեր, որ նշվեր հավուր պատշաճի: Ժամանակն է մեղավոր, մոլեգնող կորոնավիրուսը, շարունակվող պատերազմը, մեր մշակույթային կյանքը տնօրինողները, թե՞ ....
Այս փոքրիկ արժևորումը ուզում եմ ավարտեմ հենց իր՝ Աշոտ Մալաքյանի պատգամով. «Հրաժարվել արմատներից՝ նշանակում է նշանակվել ինքդ քեզնից»:
Վաղարշակ Ղորխմազյան